ԱՆՀԱՏԱՊԵՍ ԴԻՄԱԳՐԱՎԵԼ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ կառավարության աջակցությամբ իրականացվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը Հայաստանում կավարտվի 2011 թվականին, սակայն հայ գյուղացու համար չհաղթահարված կմնան ոչ միայն հազարամյակի, այլեւ ամենօրյա մարտահրավերները` կապված ոռոգման ջրի եւ քարուքանդ ճանապարհների հետ:Երբ հայ բարձրաստիճան պաշտոնյաները 5 տարի առաջ տեղեկացան ֆինանսական այնպիսի ոսկե երակի մասին, ինչպիսին է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, անմիջապես հիշեցին հայ գյուղացուն լավություն անելու անմար ցանկության մասին: Ոռոգման քայքայված ցանց եւ գյուղական ավերակ  ճանապարհներ` ահա այն խայծը, որի համար ԱՄՆ-ն փող կտար: Համոզեցին, որ գյուղական աղքատությունը կկրճատեն 6 տոկոսով:Հաշվարկը խելացի էր, եւ 2006 թվականի մարտին հաստատվեց հնգամյա ծրագիր` 236 միլիոն դոլար ընդհանուր գումարով, որից 70 միլիոնը` ճանապարհաշինության, 160-ը` ոռոգման ծրագրերի մասով:Թե ինչ կառուցեցին-նորոգեցին, հայտնի չէ, հայտնի է միայն, որ 2009 թվականին ծրագիրը մասամբ կասեցվեց, եւ ԱՄՆ պետքարտուղարության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը «պատիժը» բացատրեց ընդհանուր ձեւակերպումով` «կառավարման արդյունավետության անբավարար մակարդակի պատճառով»: Սառեցվել էր գյուղական ճանապարհների կառուցման ֆինանսավորման մի մասը:Փողը ծախսվեց, մնացած մասն էլ կծախսեն մինչեւ սեպտեմբեր` մինչեւ ծրագրի ավարտը:  Սակայն գյուղական բնակչության բարեկեցությունը 6 տոկոսով չբարձրացավ, հակառակը` գյուղական աղքատությունը խորացավ: Դա  տեսանելի է անզեն աչքով եւ փաստված միջազգային կազմակերպությունների զեկույցներում:Իսկ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հայ պատասխանատուները կառավարության կայքերում  թվեր են նկարում, ոռոգման համակարգի բարելավման արդյունքում «ավելացող» հողատարածքներ եւ տնտեսական աճի ֆանտաստիկ ցուցանիշներ: Որտե՞ղ են տեսել, ինչո՞ւ են հորինում:  Հինգ տարվա «անդուլ» աշխատանքից հետո ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը հայտարարեց, թե, ճիշտ է, ներդրվել է 110 միլիոն դոլար, բայց «բավարարված չէ», թեեւ «Արարատյան հարթավայրում տեխնիկական վիճակի լավացման առումով բավականին առաջընթաց ունենք»:Այդ առաջընթացը երեւի միայն պարոն Անդրեասյանն ու «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի ղեկավար Արա Հովսեփյանն են տեսնում:  Մինչդեռ իրականությունն այն է, որ  Արարատյան դաշտավայրում վերջին տարիների ոռոգման ջրի մատակարարումը վատացել է: «Առաջընթացը չտեսնող, անշնորհակալ գյուղացիները» միայն այն գիտեն, որ «կանալը չոր է», ջուր չկա:Արդյունքում վերջին երկու տարիներին Արարատյան դաշտավայրի գյուղերում համատարած դարձավ արտեզյան ջրի  հորեր փորելը: Ճարահատյալ քայլ էր, քանի որ այդ հորերը  թանկ արժեն: Մասիսի Դաշտավան գյուղի գյուղապետ Սերյոժա Խաչատրյանի խոսքերով 10 մետր խորությամբ արտեզյանի հոր փորելն արժե 180-200 հազար դրամ: Գյուղի 70 տոկոսն արդեն այդ կերպ է իր հողամասերը ոռոգում, քանի որ «հազար տարվա փլված կանալների վրա հույս չեն դնում»: Նույն վիճակն է նաեւ հարեւան գյուղերում: Փաստորեն, մարդիկ որոշել են փող ծախսել եւ ինքնուրույն դիմագրավել հազարամյակի մարտահրավերներին` հույսները կտրելով նույն նպատակի համար միլիոնավոր դոլարներ հատկացրած ծրագրից:Հ.Գ.  Թեեւ երկու օր առաջ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Արմավիրի մարզում ներկա գտնվեց ոռոգման խողովակաշարի բացմանը, սակայն ոռոգման ջրի մատակարարումն այդ մարզում էլ ավելի վատթար վիճակում է:ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ




Լրահոս