ՋՏՊԿ-ում բացառելու ենք կոռուպցիայի կամայական դրսևորում. Արսեն Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասիական զարգացման բանկը նախատեսում է 2.4 մլն դրամաշնոր տրամադրել Հայաստանին՝ «Ջրամատակարարման և ջրահեռացման երկրորդ ծրագրի» շրջանակներում: Այս մասին Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է ԱԶԲ գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենս Ալվարեսը:

Ս. Ալվարեսը տեղեկացրել է, որ դրամաշնորհը նախատեսված է ծրագրի տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրության 7 երկրաբանական տեղեկատվական համակարգերի (GIS) ներդրման համար: Առաջիկայում նախատեսվում է փորձագիտական խումբ ձևավորել, ովքեր խորհրդատվություն կտրամադրեն ԱԶԲ-ին ծրագրի այս փուլն իրագործելու համար:
ԱԶԲ ներկայացուցիչը արդյունավետ է որակել ՋՏՊԿ-ի և դրա ենթակառուցվածքների հետ երկարամյա համագործակցությունը և տեղեկացրել, որ փորձագիտական խմբում ներգրավվելու են նաև տեղացի մասնագետներ:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի նման որակման համար և նշեց, որ փորձագիտական խմբի անդամների ընտրությունը լինելու է ՋՏՊԿ ուշադրության կենտրոնում.
«ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների օպտիմալացման արդյունքում մենք կունենանք արհեստավարժ մասնագետների լուրջ թիմ, որի ներգրավվումը նման միջազգային նախագծերի մեջ, իհարկե, ողջունելի է: Սակայն, ես ուզում եմ շեշտել, որ ՋՏՊԿ-ի հետ իրենց աշխատանքը շարունակելու են միայն այն մարդիկ, ովքեր կհամապատասխանեն երկու չափորոշիչի՝ կլինեն իրենց գործի գիտակը և զերծ կլինեն կոռուպցիոն որևէ գործունեությունից: Մենք վճռականորեն ենք տրամադրված, և բացառելու ենք կոռուպցիայի կամայական դրսևորում մեր համակարգում»,- ասել է Ա. Հարությունյանը:

Ողջունելով Կոմիտեի նախագահի վճռական մոտեցումը, ԱԶԲ պաշտոնյան հավաստիացրել է, որ Բանկը ևս շահագրգռված է արհեստավարժ թիմի հետ համագործակցությամբ և պատրաստ է այդ կապակցությամբ ցանկացած հարց համաձայնեցնել ՋՏՊԿ-ի հետ:

ՀՀ ԷԵԲՊ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն




Լրահոս