Հայաստանը թիրախավորվում է Ռուսաստան-ՆԱՏՕ հակասությունների սրման համատեքստում. ստիպված ենք լինելու ներքաշվել ընդդեմ ՆԱՏՕ-ի սպասվող գործընթացի մեջ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանի իշխանություններն շտապեցին վավերացնել համատեղ օդային պաշտպանության մասին պայմանագիրը, ապա օրերս Մոսկվայում ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը մեծ ոգեւորությամբ ստորագրեց հայ-ռուսական միավորված զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը, անկախ փորձագետները ահազանգում էին, որ առանց այն էլ Ռուսաստանից ռազմաքաղաքական չափազանց մեծ կախվածության մեջ գտնվող Հայաստանն այս քայլերով էլ ավելի է թիրախավորվում Ռուսաստան-ՆԱՏՕ հակասությունների սրման համատեքստում: Մանավանդ որ թե՛ ՀՕՊ համակարգի, թե՛ միացյալ զորախմբի գործողությունները միտված են լինելու ոչ թե Հայաստանի ու նրա կողմից երաշխավորվող Արցախի սահմանների անառիկությանը, այլեւ սպասարկելու են, այսպես կոչված, «արտաքին սահմանները». մի հասկացություն, որը մնացել է դեռեւս Խորհրդային Միության տարիներից, եւ որը շարունակում է կարեւոր տեղ ունենալ Ռուսաստանի ռազմական դոկտրինայում:

Նախօրեին էլ ռուսական «Իզվեստիա» պարբերականը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ առաջիկայում ՀԱՊԿ-ն մտադիր է կոշտ պատասխան տալ ՆԱՏՕ-ին: «Դեկտեմբերի 26-ին կայանալիք գագաթնաժողովում կազմակերպության անդամ երկրների ղեկավարները քննարկելու են իրենց գործողությունների ծրագիրը Արեւելյան Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի ակտիվացման պայմաններում»,- պարբերականին հայտնել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դ. Պեսկովը: Իսկ ահա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ հայտարարել է. «Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչ է կատարվում մեր սահմանների մոտ, եւ ինչու է ՆԱՏՕ-ն սպառազինություններ կենտրոնացնում, ենթակառուցվածքներ ստեղծում եւ հավելյալ չորս գումարտակ տեղակայում Արեւելյան Եվրոպայում: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում, ինչպե՞ս պետք է մենք արձագանքենք, որ հետո ուշ չլինի: Մենք չենք կարող լռել եւ ոչինչ չձեռնարկել՝ կողքից նայելով, թե ինչպես են մեր հարեւան երկրները չափից ավելի զենք լցնում ու զորախմբեր տեղակայում»:

Այսպիսով՝ ուզի, թե չուզի՝ Հայաստանը ստիպված է լինելու ներքաշվել ընդդեմ ՆԱՏՕ-ի սպասվող գործընթացի մեջ, եւ սա այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումը հանդիսանում է մեր ռազմական դոկտրինի երկրորդ կարեւոր ուղղությունը: Եվ սա դեռ խաղաղ իրավիճակում, երբ Ռուսաստանն ընդամենը ցանկանում է իր կողմից կառավարվող ռազմաքաղաքական դաշինքի միջոցով «նախազգուշացնել» ՆԱՏՕ-ին՝ իր սահմաններին մոտ ավելորդ ակտիվություն ցուցաբերելու համար: Իսկ ինչ կլինի, եթե, Աստված մի արասցե, ՌԴ-ՆԱՏՕ հակասությունները էլ ավելի սրվեն, ինչպիսի դեր է այդ ժամանակ վերապահվելու իր տարածքում ռուսական ռազմաբազա, ՀՕՊ եւ համատեղ զորախումբ ունեցող Հայաստանին: Արդյո՞ք մեր իշխանությունները այս հարցի մասին մտածել են՝ սեփական աթոռը պահպանելու դիմաց անգամ Հայաստանի օդը հանձնելով ռուսների տնօրինմանը:




Լրահոս