ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք մեծացրինք արտաքին պարտքը, սակայն նախ՝ վերցրած արտաքին պարտքը կատարեց իր հիմնական նպատակը. տնտեսությունը դիմագրավեց ֆինանսական անբարենպաստ վիճակին, եւ երկրորդ՝ արտաքին պարտքի հիմնական մասը ներդրվեց հեռանկարային ենթակառուցվածքային այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոճանապարհը եւ երկրի անվտանգությունը…. Այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»: Սրանք Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի՝ նոյեմբերի 26-ին կուսակցության 16-րդ համագումարին հնչեցրած խոսքերն են: Սակայն, ինչպես միշտ, Սերժ Սարգսյանի խոսքն ու իրականությունն իրար հետ որեւէ աղերս չունեն: Բանն այն է, որ ըստ պաշտոնական տեղեկության՝ ՀՀ կառավարությունը պատրաստվում է 2017-ին Եվրասիական զարգացման բանկից 100 միլիոն դոլարի վարկ վերցնել: Վարկը տրամադրելու նպատակն է «էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացումը եւ հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը»:
Այս իրավիճակը երկու բացատրություն ունի. կա՛մ Սերժ Սարգսյանը նախապես չի ծանոթանում իր համար գրված վարդագույն ելույթների տեքստերին, կա՛մ ելույթ գրողներն են շատ հեռու իրականությունից եւ նախորդ «ելույթագիրների» հետ չեն համագործակցում: Բոլոր դեպքերում պատկերը տխուր է: Իսկ ո՞վ էր ասում, թե մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:

 

 
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, խոսելով 2017-ի բյուջեի նախագիծի մասին, հայտնել էր, որ աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում չի լինելու. «Շատ դժվար է թոշակառուի աչքերին նայել եւ ասել՝ մենք խնդիրներ ունենք բյուջեի հետ, բայց մյուս կողմից՝ ես կարծում եմ՝ ճիշտ չէ, որ մենք պարտք վերցնենք, որպեսզի թոշակներ ու նպաստներ տանք»,- ասել էր նախարարը: Եվ, ահա, այս տխուր պատկերով բյուջեի նախագիծը երեկ քվեարկության պետք է դրվեր ՀՀ ազգային ժողովում: Բայց քանի որ օրենսդիրների զգալի մասը չէր ներկայացել նախագծի քվեարկությանը, հետաձգվեց: Բանն այն է, որ ՀՀԿ-ն չի հասցրել պատգամավորներից շատերին տեղեկացնել քվեարկության կարեւորության մասին, իսկ քիչ ձայներով բյուջեի քվեարկություն ապահովելը անթույլատրելի է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պարզաբանելով տեղի ունեցածը, նշեց. «Չի եղել նման միտում. եղել է պատգամավորների խնդրանքը, որ նրանք ազատ գնան աղետի գոտի եւ մասնակցեն հարգանքի տուրքին»:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից հետաքրքրվեց՝ նորագիր ՀՀԿ-ականները որքա՞ն անդամավճար են տվել կուսակցությանը: Պարզվեց՝ նոր անդամագրված 7 հազար անդամներից ոչ ոք, այդ թվում եւ նախարարները՝ վարչապետի գլխավորությամբ, որեւէ լումա չեն ներդրել կուսակցությունում: «Դեռ չեն մուծել, որոշակի գործընթաց կա, առաջիկա ամիսների, շաբաթների ընթացքում նոր կմուծեն իրենց համար ցանկալի գումարը, դա կլինի 100 դրամ, 1000 դրամ, իրենք կորոշեն»,- տեղեկացրեց Թադեւոսյանը: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել՝ որքան են պատրաստվում ներդնել ՀՀ ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը եւ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը: Ուշագրավն այն էր, որ նրանք անգամ տեղյակ էլ չէին, որ նման բան գոյություն ունի: Ի դեպ, նոյեմբերի 26-ին կայացած ՀՀԿ 16-րդ համագումարի օրը հայտարարվել էր, որ 2014 ապրիլի մեկից մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում անդամավճարներից գոյացել է 622 մլն 211 հազար դրամ:

 

 
Հայաստանում, կարծես, պարտադիր պայման է, որ Ամանորին ընդառաջ սպառողական շուկայում գները սկսում են աճ գրանցել: Ամեն տարի հայրենի պաշտոնյաները խոստանում են, որ վերահսկելու են շուկան, որ գների ավելորդ բարձրացումներ չլինեն, այնուամենայնիվ, ինչպես ցույց է տվել ժամանակը՝ այդ խոստումները մնում են օդից կախված: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2016թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արդեն իսկ արձանագրվել է 1.0% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 2.8% գնաճով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.5%-ով: Ու սա այն դեպքում, երբ ամեն ամիս Հայաստանում ավելանում է նաեւ գործազրկության ցուցանիշը:

 

 

 
ՌԻՍԿԱՅԻՆ
Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձրաձայնեց Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող մայրուղային գազատարի բաժնետոմսերի վաճառքի մասին հարցը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ շուրջ 15 օր առաջ Վրաստանի վարչապետ Գ. Կվիրիկաշվիլին հայտարարել էր գազատարը տնօրինող կոնսորցիումի 25 տոկոս բաժնեմասի վաճառքի հնարավորության մասին, ինչից հետո վերստին ակտիվացել է ադրբեջանական «Soccar» ընկերությունը, որը Հայաստանին գազ մատակարարող խողովակաշարը ձեռք բերելու ուղղությամբ արդեն 5 տարուց ավել ջանքեր է գործադրում:
Այս ընթացքում «Ժողովուրդը» խնդրի շուրջ իր ընթերցողին էր ներկայացրել ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչների տեսակետները, նաեւ նշել, որ հայկական կողմից նման հեռանկարը կանխելու ուղղությամբ տեսանելի քայլեր չեն արվում: Համենայն դեպս, այս մտահոգիչ միտումների լրջությունը գնահատելու եւ դրանց չեզոքացման ուղղությամբ Վրաստանում ՀՀ դեսպանատունը ոչինչ չի ձեռնարկում դեսպան Յուրի Վարդանյանի բացակայության պատճառով:
Եվ ահա այս հույժ կարեւոր հարցը երեկ վերջապես ՀՀ ԱԺ-ում ուղղվեց երկրի վարչապետին: Սակայն ելնելով վերջինիս պատասխանից՝ երեւի թե ավելի լավ էր, որ չուղղվեր: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանը, փոխանակ հայտարարելու, որ իրենք հարցը կքննարկեն /թեեւ արդեն իսկ պիտի քննարկած լինեին/ իրենց վրաց գործընկերների հետ եւ կգտնեն փոխընդունելի ուղիներ, շտապեց կանաչ լույս վառել Վրաստանի կառավարության առջեւ՝ հայտարարելով. «Եթե այդ գործարքը լինի, 25 տոկոսը վաճառվի, ես մեզ համար ռիսկ չեմ տեսնում: Տոկոսը աճելու դեպքում նման ռիսկեր կարո՞ղ են աճել, կարող են, բայց դա կլինի շատ ավելի այլ՝ միջպետական հարաբերությունների քայլ: Այդ իսկ պատճառով այս առումով ես որեւիցե ռիսկ չեմ տեսնում»: Անշուշտ, որեւէ մեկը չի կարծում, որ 25 տոկոսի սեփականատերը կարողանալու է որոշում կայացնել, սակայն միեւնույն ժամանակ միթե բաժնետոմսերի մեկ քառորդի սեփականատերը որեւէ ազդեցություն չի ունենալու, եւ, ամենակարեւորը, հող չի նախապատրաստելու՝ իր բաժնեմասը ավելացնելու համար: Պատգամավորի պնդմանը, որ ադրբեջանական կողմը ցանկանում է ձեռք բերել ողջ գազատարի վերահսկիչ փաթեթը, վարչապետը արձագանքեց. «Եթե նման զարգացումներ լինեն, ապա մենք ունենք հարեւան Վրաստանի հետ խոսելու մեր արգումենտացիան»: Ասել է թե՝ առայժմ պետք չէ ոչինչ ձեռնարկել, սպասենք, մինչեւ բանը բանից անցնի, նոր արդեն կսկսենք վերջնագրերի լեզվով գործել: Էֆեկտի՞վ է նման մոտեցումը, չենք կարծում, կարելի՞ էր ի սկզբանե «դաբրո չտալ» Վրաստանի կառավարությանը, անկասկած:
Հ. Գ. Լավ կլինի, որ երկրի անվտանգությանն առնչվող հարցերում մինչեւ վերջերս իրեն ոչ թե քաղաքական գործիչ, այլ մենեջեր համարող պարոն վարչապետը փոքր-ինչ ավելի զգույշ եւ պատրաստված հանդես գա:




Լրահոս