Հարկադրված անգործությունը պետք չէ պոստ ֆակտում ներկայացնել որպես բարեսրտություն. Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարություններն Արցախում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հրապարակվեց մտավորականների հետ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպման ամբողջական տեսագրությունը, որից պարզ դարձավ, որ Ս. Սարգսյանը բավականին ծավալուն անդրադարձ է կատարել նաեւ ամռանը ՊՊԾ գնդի գրավման հետ կապված իրադարձություններին: Սարգսյանը նախ՝ հարկ է համարել հանդիմանել մտավորականներին, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ ուժգնությամբ չդատապարտեցին զինված խմբի գործողությունները: Ապա՝ ներկայացնելով օտար երկրներում նման իրավիճակներում իշխանությունների դրսեւորած վարքագիծը՝ Սարգսյանը ընդգծել է սեփական հանդուրժողականությունը.

«Այնքան մեղմություն, որ իմ խոսքերում է մշտապես պարունակվում, դժվար թե գտնեք մեկ այլ երկրում, գոնե մեր տարածաշրջանում: Բացի դրանից՝ մենք կոնկրետ փաստերի հետ ենք առնչվել, բայց գոնե 2008 թվականից հետո մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի բռնությունը որպես գործիք չօգտագործենք: Հուլիսյան դեպքերի ժամանակ, իսկ դա, իմ պատկերացմամբ, մի առիթ էր, որտեղ իշխանությունը կարող էր ցույց տալ իր ուժը, եւ որեւէ միջազգային կառույց կամ որեւէ այլ պետություն կշտամբանքի որեւէ խոսք էլ չէր կարող ասել: Բայց մենք, մեծ ռիսկի դիմելով, գնացինք քայլերի, որ ի վերջո շատ փոքր արյուն եղավ»:

Ուշագրավ է, որ Սարգսյանն այդպես էլ հարկ չի համարել անդրադառնալ հարցին, թե ինչու, այնուհանդերձ, եղավ, նրա գնահատմամբ, այդ «շատ փոքր արյունը»: Թեեւ արդեն իսկ մարդկային արյան նման չափումն այս հարցում նրա ունեցած մոտեցման խոսուն դրսեւորումն է: Այնուամենայնիվ, եթե Սարգսյանն ընդգծում է, որ կոշտ գործողությունների դիմելու դեպքում շատ ավելի մեծ արյունահեղություն կլիներ /ինչը դժվար է ժխտել/, ապա ազնիվ կլիներ նշել, որ դա տեղի չունեցավ նաեւ մյուս կողմի որոշման արդյունքում: Ի վերջո, «Սասնա ծռերի» տղաները որոշեցին զենքերը վայր դնել եւ իրենց դատապարտել տարիների /հուսանք՝ ոչ ցմահ/ ազատազրկման՝ հենց արյունահեղություն չցանկանալով:

Եվ բացի այդ՝ իշխանութան «մեղմության» պատճառը նաեւ այն վտանգն էր, որը վերջինս շատ լավ զգում էր. իրավիճակը ցանկացած պահի կարող էր վերահսկողությունից դուրս գալ եւ իրավապահ համակարգի կողմից կոշտ գործողությունները, հատկապես առաջին մեկ շաբաթվա ընթացքում, կարող էին բռնկել այնպիսի մի համապետական հրդեհ, որը հանգցնելն այլեւս Սերժ Սարգսյանի ուժերից վեր կլիներ: Իսկ արդեն այն պահին, երբ իշխանությունները զգացին, որ պատրաստ են, որ համընդհանուր բռնկում չի լինի, լավ էլ «իրենց ուժը ցույց տալու առիթը» բաց չթողեցին՝ Սարի թաղում բռնություն գործադրելով ոչ միայն ցուցարարների, այլեւ լրագրողների նկատմամբ:

Այնպես որ, հարկադրված, գիտակցված անգործությունը պետք չէ պոստ ֆակտում ներկայացնել որպես բարեսրտություն եւ մեղմություն: Մենք Սերժ Սարգսյանի «մեղմ» գործելաոճը տեսել ենք նաեւ 2008-ից առաջ: 2004թ. ապրիլին նա ՀՀ ՊՆ նախարարն էր, իսկ 1996թ. սեպտեմբերին՝ ՆԳ եւ ազգային անվտանգության նախարարը:




Լրահոս