Սուտ մատնություն է տվել, թե իրեն բռնաբարել է բեղերով, սեւ աչքերով տղամարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում զգալի թիվ են կազմում բռնաբարության վերաբերյալ սուտ մատնություններով քրեական գործերը: Ներկայումս ընթացող բռնաբարության գործով դատաքննությունում իծաքարցի կնոջ կողմից ներկայացվող մեղադրանքը հնարավոր է, որ հետագայում նույնպես որակվի որպես սուտ մատնություն: Նավուր գյուղի բնակիչ, արհեստավոր, 50 տարեկան տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. ապրիլի 15-ի՝ ժամը 22.00-ից մինչեւ 23.00-ն ընկած ժամանակահատվածում, Իծաքար գյուղի 62-ամյա բնակչուհու կամքին հակառակ, ապօրինի մուտք է գործել վերջինիս առանձնատուն եւ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 138 հոդվածի 1-ին մասով (Բռնաբարությունը) եւ 147 հոդվածի 1-ին մասով (Բնակարանի անձեռնամխելիությունը խախտելը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրյալի շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Գայանե Զաքարյանը: Նա «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ քրգործով նշանակված դատական 5 փորձաքննությունների՝ դատաքիմիական, դատակենսաբանական, դատահետքաբանական եւ այլ փորձաքննությունների եզրակացություններով ՝ 62 տարեկան կնոջ բռնաբարություն տեղի չի ունեցել: Տուժող ճանաչված կինը նշել է, որ իրեն բռնաբարել է բեղերով, սեւ աչքերով տղամարդ, իսկ նավուրցի տղամարդը երբեք բեղեր չի ունեցել:

Առանձնատան երկրորդ հարկում է գտնվել կնոջ 22-ամյա աղջիկը, ով չի լսել առաջին հարկում գտնվող, իրենից մոտ 9 մետր հեռավորությամբ եղած մոր օգնության կանչերը: Էական հակասություններ կան տուժող կնոջ եւ նրա աղջկա, այդ կնոջ դատաքննական եւ նախաքննական ցուցմունքների մեջ: Փաստաբան Գ. Զաքարյանն ասաց, որ կինն ու նրա աղջիկն անասնապահ են, պահում են Իծաքարի գյուղապետ Արամ Դանիելյանի անասունները: Սույն քրգործով դատաքննությունը Բերդ քաղաքում մեկնարկել է դեկտեմբերի 16-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս