ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ԴԵՄ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԸՆՏՐՈՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես երբեք չեմ ակնկալում լրատվական դաշտի վերահսկողություն: Ակնկալում եմ ազատ, անկախ եւ պատասխանատու աշխատանք»,- երեկ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ իր սիրելի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կայացած ընդունելության ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը: Համապատասխանո՞ւմ են արդյոք այս խոսքերն իրականությանը, իհարկե, ոչ: Համենայն դեպս, ԶԼՄ ներկայացուցիչները միանշանակ կփաստեն, որ այս դաշտում, ինչպես տնտեսության շատ ճյուղերում, բոլոր խնդիրների պատճառը մենաշնորհն է կամ գերիշխող դիրքը: Նպատակն էլ իրականում լրատվամիջոցներին ֆինանսական կախվածության մեջ գցելով՝ անկախությունը վերահսկելն է:
Իհարկե, մենաշնորհի դեմ պայքարելու բարձրագոչ հայտարարություններ արել են բոլոր կառավարությունները, սակայն իրականության մեջ ոչինչ չի փոխվել: Հիշեցնենք՝ այս տարվա սեպտեմբերի 15-ին «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը բարձրացրել էր գովազդային մենաշնորհների հարցը: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման հիման վրա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ էր սկսել, սակայն պարզեցինք՝ ուսումնասիրությունները կասեցվել են, հիմնավորումն այն է, թե փաստեր չկան: Դե, իհարկե: Արտակ Շաբոյանի հանձնաժողովը չէր էլ կարող փաստեր ունենալ մի ոլորտի շուրջ, որտեղ գերիշխող դիրք ունի Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը: Նա փաստացի ունի մի ընկերություն, որը գովազդատուների առջեւ, ըստ էության, պայման է դնում՝ կա՛մ մեզ եք գովազդ տալիս` մի քանի հեռուստաընկերություն, ռադիո եւ կայքեր, կա՛մ ուրիշներին: Շատ գործարարներ, նաեւ վախի գործոնով պայմանավորված, նախընտրում են փեսայի ծառայությունները:

 

 
Արդեն երեք ամիս մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Ամիրյանից «ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց. նախքան նախարարի աթոռը զբաղեցնելը, սկզբունքորեն դեմ էիք արտահայտվել որեւէ քաղաքական միավորի անդամակցելու մասով հնչած հարցին, բայց վերջերս հայտարարեցիք, որ մտածելու ժամանակ ունեք: Ի՞նչ փոխվեց, հնարավո՞ր է, որ մինչեւ ապրիլ անդամակցեք ՀՀԿ-ին: Ի պատասխան մեր հարցի՝ Արմեն Ամիրյանը նշեց. «Այս պահի դրությամբ ես դեռ կարիք չեմ զգում: Ժամանակը ցույց կտա, եւ ոչ միայն իմ մտածելու, այլեւ իրավիճակի, իրադրության խնդիրներ գոյություն ունեն: Այնուամենայնիվ, ես վատ բան չեմ տեսնում որեւէ կուսակցության անդամակցելու մեջ»: Նախարարից հետաքրքրվեցինք նաեւ, թե վերջերս Արցախում կայացած Սերժ Սարգսյանի եւ մտավորականների հետ հանդիպման կազմը Դո՞ւք էիք ընտրել եւ ինչ սկզբունքով: «Ես էի ընտրել եւ կարծում եմ` լավ ընտրություն էր,- պատասխանեց նախարարը` հավելելով,- հաջորդ հանդիպմանը կարող են լրիվ այլ մարդիկ հրավիրվել, որովհետեւ ես ուզում եմ ներգրավել ամբողջ դաշտը»:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա նոյեմբերին էլեկտրաէներգիայի արտադրությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 7.4 տոկոսով նվազել է: Եվ սրան զուգահեռ՝ հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել 2017-ի փետրվարի 1-ից էլէներգիայի սակագինը 1 դրամ 22 լումայով նվազեցնելու մասին: Իսկ ինչո՞վ է պայմանավորված արտադրության նվազումը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, թվարկելով էլեկտրաէներգիայի նվազման հանգամանքները, նշեց. «Հանգամանքներից մեկը ժողովրդի թվի նվազումն է, բայց հիմնականում այդ նվազումը ես ավելի շատ պայմանավորում եմ անվճարունակ քաղաքացիների առկայության հանգամանքով»:

 

 
«Ալյոտիգ» ընկերությունը, որը Հայաստանում խնդրահարույց 3՝ Ողջիի, Փխրուտի եւ Արծվանիկի պոչամբարների վերամշակմամբ պետք է զբաղվեր, որոշ ժամանակով սնանկ է ճանաչվել: Սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ պարտքերը մարվել են, իսկ ընկերությունը արագ ոտքի է կանգնել: Տեղեկացնենք, որ դեռեւս 2014 թվականի հոկտեմբերի 16-ին նշված ընկերության եւ կառավարության միջեւ «Մտադրությունների մասին» կնքված հուշագրի համաձայն՝ «Ալյոտիգ»-ը պետք է կատարեր 240 մլն դոլարի չափով ներդրում: Անցած տարի ՀՀ Ազգային ժողովում բուռն քննարկվեց 3 պոչամբարներում կուտակվող թափոնների մշակման վերաբերյալ օրենքի նախագիծը: Ինչի ընթացքում ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ կասկածի տակ դրեցին ծրագրով հետաքրքրված ընկերության գործունեության արդյունավետությունը: Փաստորեն պատգամավորները չէին սխալվել: Արդյունքում՝ այսօր դեռ անհայտ է՝ ընկերությունը, ի վերջո, 240 մլն դոլարի ներդրում կատարե՞ց, թե՞ ոչ: Չէ՞ որ ինչ-որ ժամանակով սնանկացել էր:

 

 
ԱՆԹՎԱՆԿԱՐԻՉ
Երեկ՝ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով գյուղատնտեսական արտադրանքի աճի ազդեցությանը մակրոտնտեսական ցուցանիշների վրա, ուշագրավ հայտարարություն է արել: Նա մասնավորապես ասել է, որ Հայաստանի բերքի վիճակագրությունը կարող էր ոչ ճիշտ հաշվարկվել։ Նախարարին նման եզրակացության է հանգեցրել այն հանգամանքը, որ սեպտեմբերից բերքի պաշտոնական վիճակագրությունը կտրուկ նվազել է, մինչդեռ մրգերի եւ բանջարեղենի գները չեն բարձրացել։ Մի կողմ թողնելով կոնկրետ գյուղատնտեսության աճի կամ անկման պատճառներն ու դրա մակրոտնտեսական ազդեցության նրբությունները՝ նկատենք, որ ֆինանսների նախարարի կողմից փաստորեն կասկածի տակ են դրվում պաշտոնական վիճակագրության ցուցանիշները:
Այն, որ հայրենի ազգային վիճակագրական ծառայությունում աշխատում են մտքի թռիչք եւ թվանկարչական մեծ հմտություններ ունեցող մասնագետներ, վաղուց արդեն գաղտնիք չէ: Տարիներ շարունակ հայրենի իշխանությունները, հղում կատարելով ԱՎԾ ներկայացրած վիճակագրությանը, հանրությանը սնել են «տնտեսական աճի» մասին հավաստիացումներով: Իսկ երբ հնչել են տարակուսանքներ, թե ինչու ԱՎԾ-ի ցուցանիշներով ներկայացվող աճը տեսանելի եւ զգալի չէ շարքային քաղաքացու համար, վստահեցրել են, որ դա ժամանակ պահանջող գործընթաց է: ՀՀԿ վերջին համագումարում էլ Սերժ Սարգսյանը փորձում էր համոզել, թե մարդկանց աչքը ուղղակի շատ արագ է սովորում լավին: Ավելին՝ նա վստահություն հայտնեց, որ ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն աճել է: Նկատենք, սակայն, որ նույն ԱՎԾ տվյալներով՝ երկրի բնակչության մեկ երրորդը շարունակում է մնալ աղքատ:
Եվ ահա հիմա, փաստորեն, առաջին անգամը լինելով՝ ՀՀ կառավարության անդամը հրապարակավ կասկածի տակ է դնում պաշտոնական վիճակագրության հավաստիությունը: Դժվար է ասել՝ որն է պատճառը. արդյոք սրանից հետո ԱՎԾ ներկայացրած տվյալները կարող են կասկածի տակ դրվել նաեւ հետին թվով՝ փորձելով արդարացնել ներկայիս կառավարության թերացումները: Ի վերջո, կասկածի տակ դնելով ԱՎԾ կողմից մինչ օրս արձանագրված ցուցանիշները՝ կարելի է ասել, որ իրավիճակը եղել է շատ ավելի վատթար, պարզապես ճշգրիտ չի ներկայացվել: Դա, իհարկե, միանգամայն հավանական է, եթե չասենք՝ իրական: Սակայն խնդիրն այն է, որ այդպիսով ներկայիս կառավարությունը կարող է ամենաչնչին առաջընթացն էլ ներկայացնել որպես զգալի ձեռքբերում:
Մյուս կողմից, սակայն, կառավարության անդամի կողմից պաշտոնական վիճակագրությունը որպես աներկբա ճշմարտություն չընդունելը ունի նաեւ իր դրական կողմը: Դա հույս է արթնացնում, որ առաջիկայում պետական օղակները այդքան ջանք չեն թափի սին ցուցանիշների հավաքագրման վրա եւ իրենց ջանքերը կփորձեն առավելապես կենտրոնացնել իրական, ոչ թե թվանկարչային փոփոխությունների վրա:




Լրահոս