Ոստիկաններին ծեծելու փաստով քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով` ՀՀ ոստիկանության պաշտոնյաների առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 2017թ.-ի հունվարի 11-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Քրեական գործի նախաքննության նյութերով պարզվել է, որ դեպքի վերաբերյալ 2016թ.-ի դեկտեմբերի 19-ին հաղորդումներ են տվել ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի ՊՊԾ դասակի ոստիկաններ Գևորգ Բ.-ն և Կամո Ց.-ն: Մասնավորապես, նրանց հաղորդումների համաձայն, նույն օրը` գիշերը, Ծաղկաձոր քաղաքի վարչական տարածքում ծառայություն իրականացնելիս, հիշյալ ոստիկաններին է մոտեցել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը և ուղևորը, ալկոհոլի ազդեցության տակ, վեճի են բռնվել և ծեծի ենթարկել պաշտոնյաներին: Միջադեպի հետևանքով ոստիկաններից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրել Հրազդան քաղաքի բնակիչներ Անդրանիկ Հ.-ն և Արամ Ե.-ն: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված` իշխանության ներկայացուցիչների առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:




Լրահոս