ՖՈՏՈ. 2015-ին Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում էր Սեյրան Օհանյանի հրաժարականը, իսկ Վարդան Օսկանյանից էլ` պատասխան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր ստորագրվեց համագործակցության հուշագիր Վարդան Օսկանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Սեյրան Օհանյանի միջև: «Ժառանգություն» կուսակցությունը երկար քննարկումներից, այլ ուժերի հետ բանակցություններից հետո վերջապես որոշում էր կայացրել, սակայն կրկին ոչ առանց անհամաձայնությունների: Զարուհի Փոստանջյանը շարունակում է դեմ լինել դաշինքներին:

Հետաքրքիր է, որ տարբեր ժամանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատության է ենթարկել թե՛ Օհանյանին, թե՛ Օսկանյանին: Սակայն այսօր նա իր ելույթում Օսկանյանին անվանեց հմուտ դիվանագետ, իսկ Սեյրան Օհանյանին էլ ռազմական գործիչ, և մեծ ավանդ ունեցող պետական գործիչ:

Սակայն տարբեր տարիներին Հովհաննիսյանը կարծես բոլորովին այլ տեսակետ ուներ:  2015 թվականի փետրվարի 7-ին Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս նա  հայտարարեց, թե բացի Սերժ Սարգսյանից և Հովիկ Աբրահամյանից, ինքն այսուհետև պահանջում է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը։

«Այսօր մենք, ցավոք, զեկուցում եք, որ այն մարդը, որը կարող է դառնալ ՀՀ նախագահը, մասնակցել է պետական հանցագործության՝ ուղարկելով զինվորներին բաց, ուղղորդված քվեարկության: Եվ ես պահանջում եմ Սեյրան Օհանյանի հրաժարականը»,–հայտարարել էր նա:

Տարիներ առաջ էլ մամուլի ասուլիսի ժամանակ Հովհաննիսյանը խոսելով արդեն Վարդան Օսկանյանի մասին, նշել էր. «Վարդան Օսկանյանը դեռ քաղաքական և բարոյական գնահատական պետք է տա դիվանագիտական օրակարգ Մեղրիի տարբերակը բերելու, մադրիդյան սկզբունքները ընդունելու, «մարտի 1»-ի կապակցությամբ իր դիրքորոշումն արտահայտելու եւ դրանից բազմաթիվ անգամներ առաջ իր համաքաղաքացիների նկատմամբ անտարբերության կամ նրանց նկատմամբ հալածանքների հանդեպ անտաբերության հարցում: Ժողովրդավարության, ազգային շահի, մարդու իրավունքների առումով իմ հարգարժան հետնորդը պետք է պատասխան տա»:




Լրահոս