ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 9 ուժերից 7-ն այսօր հանդես են գալիս ընդդիմադիր դաշտում: Բայց սա դեռ չի նշանակում, որ նրանց մի մասն իրոք ընդդիմադիր է. գոնե հասարակական պատկերացումներում ընդդիմադիր ընկալում ունի:

Ու հիմա՝ նախընտրական այս թոհուբոհում, այդ քաղաքական ուժերի առաջնային խնդիրներից մեկն է լինելու հասարակությանը համոզել, որ իրենք ընդդիմադիր են, ամենաընդդիմադիրն են: Ավելին՝ նրանք հասարակությանը պետք է ապացուցեն, որ իշխանության գալով կամ առնվազն պատգամավորական խմբակցություն ունենալով՝ կարող են արդյունավետ աշխատել. այս հեռանկարը սպառնում է հատկապես նրանց, ովքեր ոչ վաղ անցյալում իշխանության մեջ էին՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ` Արթուր Բաղդասարյան, Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան եւ այլք:
Արթուր Բաղդասարյանի քաղաքական կենսագրությունը բոլորիս աչքի առաջ է ընթացել. նա ընտրություններից առաջ փորձել է ընդդիմադիր դաշտում հանդես գալ, բայց արդեն ընտրություններից հետո միանգամից հայտնվել է իշխանական ճամբարում, եւ այդպես եղել է ոչ մեկ անգամ: Այդքանից հետո այսօր ավելի հեշտ է մարդկանց համոզել, որ Էյֆելյան աշտարակը գտնվում է Բեռլինում, քան Արթուր Բաղդասարյանն իրոք ընդդիմադիր է եւ Սերժ Սարգսյանի դեմ է դուրս եկել:
Շատ ավելի լուրջ է նրա իշխանավարման արդյունավետության թեման. Ա. Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը տարիներ շարունակ մաս է կազմել իշխող կոալիցիաներին, ինքն էլ զբաղեցրել է ե՛ւ ԱԺ նախագահի, ե՛ւ ԱԽՔ-ի պաշտոնը: Թե որքանով են արդյունավետ գործել եւ որքանով արդյունավետ կգործեն, հարցին պատասխանելն ավելորդ ժամավաճառություն է: Ու թերեւս այդ պատճառով էլ Արթուր Բաղդասարյանը հիմա փորձում է քվե ակնկալել` սուտ խոստումներ տալով: Ամենավառ օրինակը ԽՍՀՄ խնայդրամարկղերում ավանդների վերադարձի երկրորդ փուլի նախաձեռնումն էր, երբ փորձում էին մարդկանց համոզել, թե ՀՎԿ-ում ցուցակագրվելով՝ այդ հարցը կլուծվի:
Բայց Արթուր Բաղդասարյանի վերջին նորամուծության դիմաց ավանդների վերադարձի հարցը անգամ իրատեսական կարող է թվալ: ՀՎԿ վերջին համագումարում, նախօրեին էլ ՀՎԿ ընտրացուցակները ներկայացնելու համար հրավիրված ասուլիսում նա հայտարարել էր Հայաստանում նավթի եւ գազի պաշարներ հայտնաբերելու մասին. «Ասում են՝ Հայաստանը նավթ ու գազ չունի, ուզում եմ պատասխանատու ամբիոնից, որպես 10 տարի բարձր պետական պաշտոններ զբաղեցրած մարդ, ասել, որ Հայաստանում ե՛ւ նավթի պաշարներ կան, ե՛ւ գազի պաշարներ կան, սա կարող է ձեզ համար արտառոց թվալ, բայց այդ նավթի եւ գազի պաշարները, որոնք բավականին խորը հեռավորության վրա են գտնվում, այդ նավթի եւ գազի պաշարները լրջագույն ուսումնասիրության կարիք ունեն, լրջագույն ուսումնասիրության»,- մի քանի անգամ ասել է նա:
Հիմա, բնականաբար, հարց է առաջանում` եթե Բաղդասարյանը տեղյակ է եղել այս ամենից, ինչո՞ւ միայն հիմա է խոսում, ինչո՞ւ 10 տարի բարձր պետական պաշտոններ զբաղեցրած մարդը նախկինում երբեք չի հայտարարել Հայաստանի ընդերքի հարստության մասին: Իսկ իրականում նման հայտարարություն չի արել, որովհետեւ նավթի եւ գազի պաշարներ չկան: Ավելին՝ եթե լինեին, ապա իշխանությունները, որ տեւական ժամանակ է՝ անխնա շահագործում են ընդերքը, վաղուց նաեւ նավթի եւ գազի հանքեր բացած կլինեին: Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալությունից հետաքրքրվեց` արդյո՞ք ունենք գազի եւ նավթի պաշարներ: Սակայն հերքեցին. «ՀՀ ընդերքում նավթի եւ գազի պաշարների ուսումնասիրություններ կատարվել են դեռ ԽՍՀՄ տարիներից, սակայն հայտնաբերված պաշարներ չկան»,- ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանը:
Իհարկե, ամբոխահաճո ցանկացած միտք ու թեզ ընտրական ժամանակահատվածում հնչեցվում է տարբեր ուժերի ու գործիչների կողմից, բայց խոսելուց առաջ լավ կլինի մտածել, թե որքանով են իրատեսական առաջ քաշված իդեաները: Եւ ընտրողը երկար պետք է ծանրութեթեւ անի քվեախցիկ մտնելուց առաջ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐՈՎ
ՀՀ առողջապահության նախկին նախարար, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը մի շարք նորարարություններ է անում, որոնք հասցրել են ձանձրացնել ու անհարմարություններ առաջացնել կոլեկտիվի մի մասի մոտ: Մասնավորապես աշխատակիցներին հանձնարարվել է խորհրդակցությունների ժամանակ անջատել բջջային հեռախոսները, մտցրել է dress code. տղամարդկանց համար փողկապը պարտադիր է: Ստիպում է աշխատակիցներին աշխատավայրում մնալ մինչեւ ժամը 20:00-ն, երբեմն առանց հանգստյան օրերի: Բոլոր դասախոսներին, անկախ նրանց լեզվական կարողությունները հաշվի առնելու, ստիպում է անգլալեզու հոդվածներ տպագրել հեղինակավոր միջազգային գիտական հանդեսներում՝ հիմնավորելով, թե բուհի միջազգայնացման համար է պետք: Ամբիոնների վարիչներին պարտադրում է անիմաստ եւ անհասկանալի կանոնակարգեր մշակել: Գիշերային ժամերին սպիտակ խալաթով ցուցադրական ստուգայցերի է գնում համալսարանական հիվանդանոցներ, ամեն օր տարբեր միջոցառումներ է կազմակերպում եւ հանրայնացնում դրանք: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մուրադյանն այս աժիոտաժը կազմակերպել էր, որպեսզի ՀՀԿ համամասնական ցուցակում, հատկապես թոփ տասնյակում տեղ զբաղեցներ, բայց չստացվեց: Փոխարենը այնտեղ կան 3 այլ բժիշկներ: Իսկ Մուրադյանի ամբիցիոզ պահվածքը վկայում է այն մասին, որ իրեն զգում է նախարար կամ թերեւս ապագա նախարար:

 

 

ՄԻՀՐԱՆԸ ԼԻԿՎԻԴԱՑՆՈՒՄ Է
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը` Քեթրինի Միհրանը, որ ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով Երեւանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել է պատգամավորի թեկնածու, վաճառքի է հանել իր ունեցվածքի մի մասը: Ինչպես հայտնի է՝ Մ. Պողոսյանի «Քեթրին գրուպ» ընկերությունը ՀՀ-ում BYD ավտոմեքենաների միակ ներկրողն է, եւ ահա այս օրերին BYD ավտոսրահում հայտարարված են լիկվիդացիոն գներ` ողջ տեսականու համար: Ընդ որում, լիկվիդացիոն գներով վաճառվում են արդեն ավտոպահեստամասերը, քանի որ նոր ավտոմեքենաներ այլեւս չկան: Թե ինչու է ընտրություններից առաջ նա գնացել նման քայլի, մնում է միայն ենթադրել:

 

 
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Այս տարվա հունվարի 20-ին ՊԵԿ-ն անակնկալ ստուգումներ էր սկսել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին` ՍԱՍ-ի Արտակին պատկանող սուպերմարկետների ցանցում՝ մի քանի օրով փակելով Բաղրամյան եւ Թումանյան փողոցների մասնաճյուղերը: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ստուգումները սկսվել են այն բանից հետո, երբ ՊԵԿ-ը հայտնաբերել է, որ ՍԱՍ սուպերմարկետների այդ մասնաճյուղերում կեղծ ՀԴՄ կտրոններ են տպվում եւ օգտագործվում: Նշենք, որ տեւական ժամանակ այդ ստուգումների պատճառների եւ արդյունքների վերաբերյալ մանրամասները ՊԵԿ-ը գաղտնի էր պահում, մինչեւ հիմա հրապարակված չեն նաեւ ստուգումների արդյունքները:

 

 

ԿՄԵԿՆԵՆ ԼՂՀ
ՀՀ պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմասնակցի ԼՂ-ում փետրվարի 20-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին։ Ստեփանակերտ կգործուղվի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Լյովա Խաչատրյանը, Կարեն Շախմուրադյանը, Վահրամ Մկրտչյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

 

 

ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Ռիչարդ Հոգլանդը Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ առանձին, ապա համատեղ հանդիպումներից հետո երեկ հայտարարությամբ են հանդես եկել: «Համանախագահները կողմերին ներկայացրին իրենց տեսակետը այն քայլերի շուրջ, որոնք պետք է կատարվեն 2016 թվականի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված որոշումների իրականացման համար՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը»,-ասված է հայտարարությունում: Միջնորդները հայտնում են, որ արտգործնախարարների հետ հանդիպմանը ընդգծել են ավելի մեծ ճկունություն ցուցաբերելու եւ երկարատեւ կարգավորման հասնելու համար համապարփակ բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու անհրաժեշտությունը:

 

 

ՉԻ ԱԶԴԻ
Ռուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեից։ Այդ մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։ Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հանրաքվեի վերաբերյալ հայտարարել են, որ դրա արդյունքները «ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ եւ խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակվող բանակցությունների ելքը»։

 

 

ՀԱՐՄԱՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
1997թ. Արցախյան հիմնախնդրի բանակցային ֆորմատից ԼՂՀ-ի դուրս մնալու հանգամանքը որեւէ մեկի մեղքը չէ: Երեկ լրագրողների հետ հանդիմանը նման հայտարարություն է արել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Լիսաբոնյան հայտարարություն էր եղել, որտեղ ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Դրանից հետո 1997թ. Մոսկվայում Ադրբեջանը եկավ, ասաց՝ այսպիսի որոշում է եղել, եւ մենք պնդում ենք, որ բանակցությունների բովանդակությունը փոխվի: Հայաստանի եւ Ղարաբաղի պատկերացումները մերժեցին, դրանից հետո Մինսկի խմբի բանակցություններն ուղղակի բացառել են: Այսինքն՝ մեղավորը Ադրբեջանն է: Որեւէ մեկին մեղադրել պետք չէ՝ ո՛չ այդ օրվա իշխանություններին, ո՛չ բանակցություն վարողին, ո՛չ էլ հետագային»,- ասել է Օսկանյանը:




Լրահոս