Մեր երկրում հրատապ խնդիրը մշակույթի տների ու թատրոնների բացակայությո՞ւնն է. 5 մլրդ դրամ` մարզերի հրատապ խնդիրները լուծելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը Հայաստանի մարզերին պահուստային ֆոնդից կհատկացնի 5 մլրդ դրամ հրատապ խնդիրների լուծման նպատակով: Մարզպետներն արդեն սկսել են ցուցակագրել մարզի հրատապ խնդիրները, որոնց լուծման համար կտրամադրվի այդ գումարը:

ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի ՀՀ մարզերին պահուստային ֆոնդից հրատապ խնդիրների լուծման նպատակով պարտադիր գումար է հատկացնում: Անցած տարի, սակայն, գումար չտրամադրվեց ապրիլյան պատերազմի պատճառով: Նշենք, որ կառավարության կողմից մարզերին, այդ թվում Երեւանին, հատկացված 5 մլրդ դրամը բաժանվելու է մասերի եւ կիսամյակների: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր մարզ կստանա ավելի քան 300 մլն դրամ:

«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ մարզերին պահուստային ֆոնդից հրատապ խնդիրների լուծման նպատակով հատկացված 5 մլրդ դրամից առաջին կիսամյակի համար կտրամադրվի 1 մլրդ 7 մլն 266 հազար 800 դրամ:

Արագածոտնի մարզպետարանին, օրինակ, կհատկացվի 78 մլն 618 հազար 500 դրամ, Արարատին՝ 139 մլն 719 հազար 500 դրամ, Արմավիրին՝ 132 մլն 680 հազար դրամ, Գեղարքունիքին 35 մլն 158 հազար դրամ, Լոռու մարզպետարանին 180 մլն 422 հազար 500 դրամ, Շիրակին՝ 251 մլն 424 հազար դրամ, Վայոց ձորին՝ 30 մլն 693 հազար դրամ, Սյունիքին՝ 22 մլն 200 հազար դրամ, Տավուշին՝ 135 մլն 121 հազար դրամ:

Իսկ ինչի՞ վրա են ծախսվելու այդ գումարները: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան 43 հասցեում գտնվող վթարային շենքի փոխարեն կառուցվելիք նոր բնակելի շենքի կառուցման համար հատկացվելու է 42 մլն 757 հազար 500 դրամ: 2.6 մլն դրամով Աշտարակում կտեղադրվի հակակարկտային կայան: 6 մլն դրամով էլ Արագած գյուղում կտեղադրվի հակակարկտային կայան: 4 մլն դրամով օգնության կարգով մարզի Ոսկեթաս գյուղում արարողությունների սրահի համար գույք ձեռք կբերվի: Գյուղի լուսավորության վրա էլ նախատեսված է 3 մլն դրամ ծախսել: 20 մլն 261 հազար դրամով էլ Արագածոտնի մարզպետարանը հրատապ խնդիրների լուծման նախագծահետազոտական աշխատանքների վրա կծախսի:

Հնարավո՞ր է՝ իրականում մարզերին հատկացվող պետական միջոցները ծախսվեն ապրիլին կայանալիք ընտրությունների համար: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը պատասխանեց. «Սովորաբար յուրաքանչյուր տարի մարզերին պահուստային ֆոնդից հրատապ խնդիրների լուծման նպատակով հատկացվում է որոշակի գումար: Այս տարի դրա հատկացումը համընկավ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանի հետ: Բայց դա չի նշանակում, որ այն ծախսվելու է ընտրական գործընթացների համար»:

Իսկ ինչի վրա են ծախսվելու գումարները Արարատի մարզում: Ինչպես նշեցինք՝ այստեղի հրատապ խնդիրների լուծման նպատակով հատկացվել է 139 մլն 719 հազար 500 դրամ, որից միայն 137 մլն 559 հազար 500 դրամը ծախսվելու է շենքերի-շինությունների կապիտալ վերանորոգման համար: Մասնավորապես նշված գումարով նախատեսվում է իրականացնել Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի հիմնանորոգման աշխատանքները, որոնց համար ծախսվելու է միայն 25 մլն 654 հազար 300 դրամ: Դե, իհարկե, այստեղ «ատկատներն» ավելի շատ են, եւ «ուտելու հնարավորությունը» շատ մեծ է:

Նշենք, որ միայն Արտաշատի թիվ 1 մանկապարտեզի շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրության, հիմնանորոգման նախագծային եւ շինարարական աշխատանքների համար ծախսվելու է 62 մլն 915 հազար 100 դրամ:
Արմավիրի մարզպետարանին հատկացված 132 մլն 680 հազար դրամից միայն 52 մլն դրամը ծախսվելու է շենքերի եւ շինությունների վերանորոգման համար, որը պետք է մի քանի մանկապարտեզի եւ նախակրթարանի վերանարոգումն ավարտին հասցնելու համար: Իսկ «Արեւային ջրատաքացուցիչներ» ծրագիր իրականացնելու եւ բնակչությանը տաք ջրով ապահովելու նպատակով Լեռնամերձ գյուղին 40 մլն դրամի չափով աջակցություն կցուցաբերվի:

Գեղարքունիքի մարզպետարանը իրեն հատկացված 35 մլն 158 հազար դրամից 13 մլն 98 հազար դրամը ծախսելու է շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգման վրա, որով միայն հիմնանորոգվելու է Մարտունու հիվանդանոցի տանիքը: Իսկ 5 մլն 280 հազար դրամով մարզպետարանը պատրաստվում է Ն. Գետաշեն գյուղի ոռոգման համակարգը կառուցել:

Լոռու մարզպետարանը պատրաստվում է իրեն հատկացված 180 մլն 422 հազար 500 դրամի չափով պետական միջոցներից 30 մլն 780 հազար դրամը ծախսել Հաղպատ գյուղի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցման համար: Իսկ 90 մլն 801 հազար դրամով կապիտալ կվերանորոգվի Ախթալայի, Սպիտակի, Տաշիրի, Շամլուղի բազմաբնակարան շենքերի տանիքները: Օձունի արվեստի դպրոցի վերանորոգման համար կծախսվի 22 մլն 572 հազար դրամ, Այգեհովիտի գյուղապետարանը վերանորոգելու համար՝ 28 մլն 728 հազար դրամ:

Շիրակի մարզպետարանին հատկացված 251 մլն 424 հազար դրամից միայն 212 մլն 500 հազար դրամը կծախսվի շենքերի եւ շինությունների վերանորոգման համար: Միայն 68 մլն դրամով մասնակի կվերանորոգվի Գյումրու Ռուսթավելի փողոցը:
Վայոց ձորի մարզպետարանին այս տարվա առաջին եռամսյակում ավելի քիչ գումար է հատկացվել՝ 30 մլն 693 հազար դրամի չափով, որից 20.2 մլն դրամը կհատկացվի քաղաք Վայքին որպես սուբվենցիա: Հնարավո՞ր է՝ այդ գումարը ծախսեք ընտրությունների վրա. հետաքրքրվեցինք ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյան. «Վա՛յ, վա՛յ… ո՛չ: Ամեն տարի կառավարությունը հրատապ խնդիրների լուծման նպատակով գումար է հատկացնում, ինչպե՞ս կարող ենք այն ծախսել ընտրական գործընթացների վրա»:

Ամենաքիչ գումարը՝ 22 մլն 200 հազար դրամ, հատկացվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանին: Ի դեպ, հատկացված ողջ գումարը ծախսվելու է միայն նախագծահետազոտական ծախսերի համար:

Տավուշի մարզպետարանին հատկացվել է 135 մլն 121 հազար դրամ, որից 120 մլն 472 հազար դրամով շենք-շինություններ են վերանորոգվելու: Հիմնականում 19 մլն 360 հազար դրամ հատկացվելու է Ոսկեւանի գյուղի ճանապարհի ասֆալտապատման համար, նույնքան էլ կհատկացվի Սեւքար գյուղի մշակույթի տան վերանորոգման համար:

Ստացվում է, որ մեր երկրում հրատապ խնդիրը մշակույթի տների ու թատրոնների բացակայությունն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս