2017 թվականի հունվարի 25-ին ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված 10 հազար դրամանոց կեղծ թղթադրամների գործը հետաքրքիր ընթացք է ստացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կեղծ թղթադրամների գործով մեղադրյալների թիվը ավելացել է (Լուսանկարը՝ dialogue.am-ից):
Եվ այսպես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ հայտնաբերվել են շրջանառության մեջ դրված 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ: Ըստ ԱԱԾ-ի՝ կեղծ փողերը պատրաստվել են գունավոր պատճենահանման եղանակով: Փաստի առթիվ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի հատկանիշներով՝ կեղծ փողեր պատրաստելը, պահելը եւ իրացնելը:
Նկատենք, որ ազգային անվտանգության ծառայությունը չէր գաղտնազերծել, թե ով է եղել այն քաղաքացին, որը 10 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ էր պատրաստել:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ին այս գործով մեղադրյալների գործողություններից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Տեղեկացանք, որ քրեական գործով մեղադրյալներն են Արմեն Հակոբյանը եւ Կարեն Աբելյանը: Իսկ ինչպես են վերոնշյալ անձինք պատրաստել 10.000 դրամանոց կեղծ թղթադրամները:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականին Արմեն Հակոբյանը համակարգչային գունավար շիթային տպիչով պատրաստել է 6 հատ 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ: Ավելի ուշ «գործի է անցել» եւ կեղծ թղթադրամները որոշել է դնել շրջանառության մեջ: Պարզեցինք, որ նա մի օր վերցրել է իր պատրաստած կեղծ թղթադրամներից 5 հատը եւ գնումներ կատարել ՀՀ-ում գործող տարբեր բենզալցակայաններից:
Մասնավորապես 2017 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Գավառ-Սեւան մայրուղում գործող «Ս. Սինանյան» Ա/Ձ պատկանող բենզալցակայանում աշխատողին է տվել կեղծ 10 հազար դրամը եւ ասել, որ 2000 դրամի բենզին լիցքավորեն, Արմեն Հակոբյանը լիցքավորել է իր վարած «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենան, բենզալցակայանի աշխատողից ստացել է 8000 դրամ մանրը եւ հեռացել:
Այսքանով նրա գործողությունները չեն ավարտվել. նույն օրը՝ ժամը 00:30-ից 01:00 սահմաններում, Գեղարքունիքի մարզի Հայրիվանք գյուղի տարածքում գործող «Ավետիսյան Կորյուն» Ա/Ձ պատկանող բենզալցակայանից կրկին գնել է 2000 ՀՀ դրամի բենզին, որով լիցքավորել է իր վարած «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենան եւ վճարել է իր կողմից պատրաստված կեղծ 10.000 դրամանոց թղթադրամով: Ապա ստանալով 8000 ՀՀ դրամ մանրը՝ հեռացել է:
Նույն գործողությունները նա կատարել է Եղեգնաձոր քաղաքում գործող «Շուշիկ Օհանյան» Ա/Ձ պատկանող բենզալցակայանում, Երեւան-Գորիս մայրուղու 60-րդ կիլոմետրին գործող «Արայիկ Մանուկյան» Ա/Ձ պատկանող բենզալցակայանում, Երեւան-Երասխ մայրուղու 58-րդ կիլոմետրին գործող «Հակոբ-Ամիրյան» ԱՁ պատկանող բենզալցակայանում:
Նկատենք, որ Արմեն Հակոբյանը հիմնականում իր կեղծ թղթադրամները իրացրել է երեկոյան ուշ ժամերի, հավանաբար որպեսզի լուսավորության անբավարարության պայմաններում բենզալցակայանի աշխատողները չնկատեն թղթադրամների կեղծ լինելը: Սակայն, ինչպես պարզեցինք, նա մենակ չի եղել, նրա հետ է եղել իր ծանոթ Կարեն Աբելյանը, որը չնայած կեղծ թղթադրամները չի պատրաստել, սակայն տեղյակ է եղել Արմեն Հակոբյանի մտադրությունների մասին եւ դեռ ավելին՝ կեղծ թղթադրամները բենզալցակայանում իրացնելիս նա Արմեն Հակոբյանի հետ է եղել, ասել է, թե նրան աջակից է եղել:
Արդյունքում, ԱԱԾ-ն ե՛ւ Արմեն Հակոբյանին, ե՛ւ Կարեն Աբելյանին այս գործով ներգրավել է որպես մեղադրյալ եւ գործով նախաքննությունը ավարտելով՝ այն ուղարկել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Արմեն Հակոբյանի եւ Կարեն Աբելյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալուն մասին:
Հավելենք, որ վերոնշյալ անձինք նախկինում դատապարտված են եղել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Արմեն Հակոբյանը ազատազրկման է դատապարտված եղել մարդ առեւանգելու համար, սակայն նրա պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ ահա Կարեն Աբելյանը 2008 թվականին Սերժ Սարգսյանի մտերիմ, գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ-ից կեղծ ձեւաթղթի միջոցով 20 լիտր «Ռեգուլյար 91» տեսակի բենզին է հափշտակել եւ այդ արարքի համար ազատազրկման դատապարտվել 2 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն նրա պատիժը եւս պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:
Ինչպես տեսնում ենք՝ անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԾԵԾԵԼ ԵՆ
Երեկ armlur.am-ը հրապարակել էր, որ փետրվարի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի՝ Աղալարի որդին՝ Էդմոն Խաչատրյանը: Պատճառը ոստիկանության Գորիսի բաժնի երիտասարդ աղջիկն է եղել:
Գրել էինք, որ էդմոն Խաչատրյանը ոստիկանության Գորիսի բաժնի մի աշխատակցուհու հաճախ հաղորդագրություն է ուղարկել` հայտնելով, թե ցանկություն ունի նրա հետ ամուսնանալ: Ավելի ուշ Էդմոն Խաչատրյանին է մոտեցել երիտասարդ մի տղա եւ հայտնել, որ աղջկան չանհանգստացնի: Տպավորությունն այնպիսին էր, որ երկու չափահաս երիտասարդների միջեւ առկա խոսակցությունը այսքանով պետք է ավարտվեր, սակայն «խմորը շատ ջուր է քաշել»:
Ըստ էության ոստիկանության աշխատակցուհին իր իրավապահ ընկերներին է պատմել նախկին մարզպետի եղբոր որդու զանգերի մասին, ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանն էլ անձամբ է փորձել Էդմոն Խաչատրյանի հետ հաշիվները մաքրել:
Լրատվամիջոցների հետ զրույցում Էդմոն Խաչատրյանը հայտնել է, որ փետրվարի 28-ին՝ առավոտյան, իրենց տուն են գնացել ոստիկանության մի խումբ աշխատակիցներ եւ իրեն տարել են ոստիկանություն, որտեղ ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը անձամբ ծեծի է ենթարկել իրեն: Տեղեկացանք, որ դեպքից հետո Էդմոն Խաչատրյանին տեղափոխել են Գորիսի հիվանդանոց:
Նշենք, որ տեղի ունեցած միջադեպի մասով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում քննություն է տարվում:
Հիշեցնենք, որ սա ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ առաջին միջադեպը չէ: 2016-ի մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետը անձամբ ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գեւորգյանին, իսկ ավելի ուշ տղային կալանավորեցին` իբրեւ թե ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու հիմքով:
Երբ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց ծեծի տեսանյութը, Գեւորգ Ազիզյանի լիազորությունները ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ժամանակավորապես դադարեցվեցին, կալանավորված երիտասարդը ազատ արձակվեց, իսկ գործի քննությունը տեղափոխվեց ՀՔԾ` հասկանալու համար, թե ով ում է ծեծել: ՀՔԾ-ում մի քանի ամիս շարունակ քննելուց հետո որոշեցին ոստիկանապետին «ջրից չոր դուրս բերել» եւ քրեական գործը կարճել: Մինչդեռ հրապարակված տեսանյութում պարզ երեւում էր, թե ինչպես է Ազիզյանը անցնում իր պաշտոնեական դիրքը եւ ծեծի ենթարկում քաղաքացուն:
Գործը կարճելուց հետո Գեւորգ Ազիզյանը վերադարձավ իր նախկին պաշտոնին եւ հիմա շարունակում է ծեծել մարդկանց: Ահա եւ անպատժելիության մթնոլորտի հետեւանքը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԵԼԱՌՈՒՍԻ «ԱՉՔԸ ԼՈՒՅՍ»
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը նոր օրինագիծ է մշակել ՌԴ երրորդ երկրներից ԵՏՄ պետությունների միջով մատակարարվող ապրանքների առեւտրաշրջանառության արգելքի մասին: Այդպիսով ռուսական իշխանությունները փորձում են սահմանափակել պատժամիջոցային ապրանքների վերաարտահանումը, որոնք վերավաճառում է, օրինակ, Բելառուսը: ՌԴ կառավարությունը մտադիր է նաեւ արգելել պատժամիջոցային ապրանքների ձեռքբերումը «ֆիզիկական անձանց կողմից երկրի ներսում կարիքների համար» եւ սահմանափակել «գործարքների ցանկացած տեսակ»: «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը մեջբերում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի խոսքերը, թե այդ օրինագիծը ԵՏՄ շուկան առավել «արդար» կդարձնի:
ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է
Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը հրապարակել է իր պաշտպանյալի կոչը` ուղղված Հաց բերող Արթուր Սարգսյանին: Փաստաբանի փոխանցմամբ` Խանդոյանը մասնավորապես նշել է. «Արթուր ջա՛ն, ես դադարեցնում եմ հացադուլը եւ նույնը խնդրում եմ նաեւ քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ մարմնով: Ավարտին հասցնելու գործ ունենք: Մեր Ծուռ պատվելի եղբայր ջա՛ն, մենք գործն ավարտին կարող ենք հասցնել մեր լինելով, այլապես չցանկանալով թեւ կտանք ազգադավ ռեժիմին: Ուստի խնդրում եմ դադարեցնել հացադուլը եւ բոլոր ուժերն ուղղել մեր Հայրենիքի փրկության սրբազան գործին: Հարգանքներով՝ քո եղբայր Արայիկ Խանդոյան»:
ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՍՐՈՒՄ ԵՆ
Արցախի ՊՆ տեղեկացմամբ՝ ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ SPIKE տիպի հրթիռ է կիրառել։ «Հակառակորդ կողմը միտումնավոր սրում է իրավիճակն առաջնագծում, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Թշնամու կողմից հակատանկային կառավարվող հրթիռի կիրառման արդյունքում՝ ՊԲ-ն կորուստներ չի կրել»: ԱՀ ՊՆ-ն հայտարարում է, որ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, իսկ շփման գծում իրադրության հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
Հայազգի բեւեռախույզ Արթուր Չիլինգարովը հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: 77-ամյա գիտնականի մոտ բորբոքային հիվանդություն է հայտնաբերվել: Արթուր Չիլինգարովը Արկտիկայի եւ Անտարկտիկայի սովետական եւ ռուս հետազոտող է, խոշոր գիտնական-օվկիանոսագետ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ռուսական թեմական խորհրդի եւ հայկական առաքելական եկեղեցու Նոր նախիջեւանյան թեմի երեց, ինչպես նաեւ «Ռուսաստան-Հայաստան» միության անդամ: