Տեղի ունեցավ տեսաժողով Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Տեսաժողովին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ:

Լոս Անջելեսից տեսակապով միացել էին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար Արմելլա Շաքարյանը, Գլենդելի կրթական խորհրդի նախագահ Արմինե Կարապետյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության համայնքային խորհրդի նախագահ Հարութ Սեմերջյանը, խորհրդի ներկայացուցիչ Վռամ Մարտիրոսյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության ԱՄՆ Արևմտյան շրջանի ներակայացուցիչ Վիլմա Կույումջյանը, Թեքեյան մշակութային միության ներկայացուցիչ Արա Ահարոնյանը, Հայ Օգնության Միության ներքո գործող դպրոցների պատասխանատու Մարո Փափազյանը, Ամերիկայում Հայկական Առևտրային ցանցի նախագահ Ալեք Բաղդասարյանը, «Հեքիաթն է կանչում» թատերախմբի պատասխանատուն, «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանը, «Ռոզ և Ալեք Փիլիպոս» ազգային վարժարանի հայոց լեզվի ուսուցիչ Գևորգ Սարգսյանը, համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց տեսաժողովի մասնակիցներին, կարևորեց համայնքի միասնական, համախմբված, ակտիվ գործունեությունը, նախարարության հետ կապերի ակտիվացումը, որը կնպաստի նախարարության ծրագրերին առավել գործուն մասնակցությանը: Նախարարը մասնավորապես նշեց. «Համայնքը հայ պահելու, ազգային ինքնությունը պահպանելու, համայնքի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հզոր գործոն է հայոց լեզվի պահպանումը: Դպրոցն ու եկեղեցին են Սփյուռքում պահպանում հայկականությունը, լեզուն, մշակույթը, ազգային ավանդույթները: Անգնահատելի է հայ ուսուցիչների դերը հայ երիտասարդներ կրթելու գործում: Եվ վերջապես հայապահպանության հզոր գործոն է նախարարության ծրագրերին նրանց ակտիվ մասնակցությունը, որը կնպաստի հայրենաճանաչությանը և Հայրենիքի հետ նրանց կապի ամրապնդմանը: Կարծում եմ, ամեն հայ պետք է տեսնի Հայաստանը, միայն այդպես հայ երեխան կմտածի հայ մնալու մասին: Պետք է մտածենք մեր հնարավորությունների, գիտելիքների, կապերի միջոցով հասնել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը: Սա պետք լինի յուրաքանչյուր հայկական համայնքի խնդիրը»:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց նախարարության համահայկական «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, «Կոմիտաս» համահայկական փառատոնը, կարևորեց համայնքի առավել ակտիվ մասնակցությունն այդ ծրագրերին: Նախարարը դպրոցների տնօրեններին, համահայկական կառույցների ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին:
Ելույթ ունեցողները պատմեցին կատարած աշխատանքների մասին, իրենց հուզող հարցերը նախարարին ուղղեցին և հավաստիացրեցին, որ այս տարի առավել ակտիվ կմասնակցեն նախարարության ծրագրերին:
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բարձրացված հարցերի համար, հանգամանորեն պատասխանեց դրանց: Նա նշեց, որ մեր ժողովուրդը ապրելով, մեր երկու պետությունների հզորացմամբ, միասնականությամբ և համախմբումով պետք է հարատևի, դիմակայի բոլոր մարտարավերներին: «Հայրենիքն ուժեղ է Սփյուռքով, և Սփյուռքը՝ Հայրենիքով», – հավելեց նա:




Լրահոս