
Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննությունը՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը:
Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց վճիռը: Ըստ այդմ` ՍԴ-ն որոշում ընդունեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը թողնել անփոփոխ:
Գրեթե երկու ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց որոշումը, սակայն դիմող կողմից ոչ մեկը չէր ներկայացել որոշման հրապարակմանը: Գագիկ Հարությունյանը նշեց, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված, արտահայտում են ընտրողների կամարտահայտությունը, ընդհանուր առմամբ պահպանվել է խոսքի և հավաքների ազատությունը: