ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՀՄԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության շենքի մոտ բախում է տեղի ունեցել ոստիկանների, բողոքող առեւտրականների եւ Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջեւ: Այդ «մրցապայքարն» սկսվել է այն ժամանակ, երբ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի հրահանգով ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի առեւտրականներն ու պատգամավորները մոտենան կառավարության շենքին: Ոստիկանները հրմշտել են առեւտրականներին ու պատգամավորներին` փորձելով նրանց հեռացնել  կառավարության շենքից: Սկսված հրմշտոցի ժամանակ տուժել է «ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, որի ինքնազգացողությունը վատացել է: Դեպքի վայր ժամանած շտապ օգնության մեքենայի անձնակազմը պատգամավորին տեղում բուժօգնություն է ցուբաբերել: Ծավալված քաշքշոցի հետեւանքով վնասվածքներ է ստացել նաեւ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Իսկ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից ավելի ուշ ազատ է արձակվել: Երբ տեղի ունեցածի կապակցությամբ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը այդ պահին կառավարության շենքից դուրս եկած ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրել է, թե ինչ իրավունքով են ոստիկանները նման գործողությունների դիմում, դեպի իր ծառայողական մեքենան շտապող նախարարը, որն, ի դեպ, նախկինում  «Ժառանգության» համակիրներից էր, ժպտալով պատասխանել է, թե դա իր իրավասության շրջանակներում չէ, սակայն տեղի ունեցածի վերաբերյալ կզեկուցի վարչապետին:  Ի պատասխան` Ստեփան Սաֆարյանը հայտարարել է. «Ոստիկանապետը պետք է հրաժարական տա, մենք վարչապետից պահանջում ենք, որ քրեական գործ հարուցի այս ոհմակի դեմ, որը ոստիկանություն է կոչվում»: Դրանից հետո  պատգամավորներին հաջողվել է  մտնել   կառավարության շենք  եւ ոստիկանների կատարած գործողությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալ: Ստեփան Սաֆարյանի տեղեկացմամբ` վերջինս մոտ մեկժամյա զրույց է ունեցել  վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որի ընթացքում   առաջարկել է ոստիկանությունում ծառայողական քննություն սկսել` բացահայտելու համար ոստիկանության կողմից կիրառված ապօրինի գործողությունների եւ բռնությունների պատասխանատուներին: Ստեփան Սաֆարյանը վարչապետին ներկայացրել է քաշքշոցին նախորդած իրադարձությունների ընթացքը` նշելով. «Ռոբերտ Մելքոնյան եւ Խաչիկ Ավետիսյան անունով ոստիկանները  շատ վատ հայհոյանքներ են  հնչեցրել  կանանց հասցեին: Ի պատասխան` վարչապետն ասաց, որ կարծես թե Վարդգես Գասպարիի պահվածքից են սկսվել ոստիկանության գործողությունները: Սակայն ես տեղեկացրեցի, որ մինչեւ Գասպարիի ժամանելն էլ ոստիկաններն արդեն հրում եւ հայհոյում էին մարդկանց»:  ՀՀ ոստիկանության հասարակայնության  հետ կապի եւ լրատվության վարչությունը տեղի ունեցածի վերաբերյալ տարածել է հետեւյալ  պարզաբանումը. «Մարտի 3-ին` ժամը 10.00-ից, ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիներն  իրենց վանկարկումներով, բղավոցներով եւ անվայել արտահայտություններով կրկին խանգարել են կառավարության անդամների ազատ տեղաշարժը, ինչպես եւ կառավարության հերթական նիստի բնականոն աշխատանքը, եւ ոստիկանության ծառայողները, իրենց ծառայողական պարտականություններից ելնելով, փորձել են կարգի հրավիրել հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, սակայն նրանք Աժ պատգամավորներ, «Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, ավելի ուշ նրանց միացած Ստեփան Սաֆարյանի հորդորներով հրաժարվել են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին` շարունակելով խախտել հասարակական կարգը»: Ամեն դեպքում, ըստ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ներկայությամբ    հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ եւ կարգադրել է միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն իրականացնել: Հ.Գ.  Տեղի ունեցածը դատապարող հայտարարություններով են հանդես եկել ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը եւ ՀԱԿ-ը: Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ոստիկանն իրավունք չունի ձեռք բարձրացնել ոչ մի քաղաքացու վրա: Բայց երբ ոստիկանը ձեռք է բարձրացնում ԱԺ պատգամավորի վրա, սա արդեն ավազակապետության մի նոր որակի դրսեւորում է, պետական իշխանության խայտառակություն կամ չգոյության ապացույց: Իշխանությունը նման վարքագծով պետությունը վերածում է խուժանապետության: Եթե Ազգային Ժողովը համարժեք գնահատական չտա կատարվածին եւ միջոցներ չձեռնարկի, որ բոլոր մեղավոր ոստիկանները պատժվեն, ուրեմն ընդունում է, որ ինքն ամբողջ կազմով արժանի է նման վերաբերմունքի»:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս