Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ավելացել են Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալները: պաշտոնական վիճակագրության համաձայն աճը կազմել է 26 տոկոս:
Հիմնականում աճել են ներմուծման ծավալները՝ 28,5 տոկոսով. այս տարվա յոթ ամիսների ընթացքում ՀՀ է ներմուծվել 2,1 մլրդ դոլարի ապրանք: Իսկ ահա արտահանման աճը 21,6 տոկոս է. արտահանվել է 1,1 մլրդ դոլարի արտադրանք: Այս թվերն ուշագրավ են մեկ այլ առումով. հակառակ արտահանման ծավալներն ավելացնելու մասին իշխանությունների խոստումներին` արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը ոչ միայն չի փոխվում, այլեւ՝ գնալով ավելի է խորանում, եւ ներմուծման ծավալները բացարձակ թվային արտահայտությամբ շարունակում են գերազանցել արտահանման չափերին, այն էլ՝ մոտ երկու անգամ:
Մեկ փաստ էլ. Սերժ Սարգսյանը հաճախ է սիրում խոսել ԵՏՄ-ի՝ 180 մլնանոց շուկան նվաճելու մասին, բայց արի ու տես, որ Հայաստանին այդպես էլ չի հաջողվում այնտեղ հաստատուն տեղ գրավել: