Իջևանի ավագ դպրոցի տնօրենի «անակնկալը». նոր ուսումնական տարվա մեկնարկից օրեր առաջ կրճատումներ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր ուսումնական տարվա մեկնարկից օրեր առաջ Իջեւանի ավագ դպրոցի տնօրեն Գայանե Էդիլյանն այդ դպրոցում աշխատող, տարիքային կենսաթոշակ ստացող 6 անձանց հայտնել է, որ նրանք սեպտեմբերի 1-ից այլեւս դպրոցում չեն աշխատելու:
Գ. Էդիլյանը նրանց հայտնել է, որ դա ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հրահանգն է: Այդ դպրոցի կենսաթոշակ ստացող աշխատողներից մեկն էլ դպրոցի տնօրենի տեղակալ, 74-ամյա Լյուբա Իսախանյանն է:

Վերջինիս կենսաթոշակի ուղարկելով՝ Գ. Էդիլյանը նպատակ է ունեցել նրա պաշտոնը տալ այդ դպրոցի պատմության ուսուցչուհի Հասմիկ Ասիրյանին: Վերջինս ավագ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթներում եղել է մրցութային հանձնաժողովի նախագահը, եւ որին Գ. Էդիլյանը պարտական է զգում 2017թ. փետրվարի 3-ին եւ փետրվարի 10-ին ավագ դպրոցի տնօրենի մրցույթները քվորումի բացակայության պատճառով չկանայալու համար:

Քանի որ Իջեւանի ավագ դպրոցի տնօրենի մրցույթները 2 անգամ չեն կայացել, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը որոշել է այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ տարրական դասարանների դասվար Գ. Էդիլյանին ավագ դպրոցի տնօրեն նշանակելու մասին: Գ. Էդիլյանին ավագ դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար, ապա եւ դպրոցի տնօրեն նշանակելու որոշումները կայացնելու գործում իրենց միջնորդությունն են կատարել ՀՅԴ Իջեւանի կառույցի որոշ ներկայացուցիչներ: Կենսաթոշակառուներին աշխատանքից ազատելու՝ Գ. Էդիլյանի պլանը չի իրականացվել:

Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի կողմից հնչեցված ահազանգից հետո Աշոտ Արշակյանը պարզաբանել է, թե դպրոցների կենսաթոշակառու ուսուցիչներին աշխատանքից ազատելու հրահանգ նախարարությունը չի տվել: Իջեւանի ավագ դպրոցի կենսաթոշակառու ուսուցիչները տեղեկացել են այդ մասին եւ դպրոցի տնօրենից պարզաբանում պահանջել: Դրանից հետո Գ. Էդիլյանը ստիպված փոխել է իր ծրագիրը: Նա կենսաթոշակառու ուսուցիչներին հայտնել է, որ նոր ուսումնական տարում նրանք նախկինում ունեցած լրիվ հաստիքի փոխարեն կունենան կես հաստիք: Տնօրենը դա ներկայացրել է որպես իր ջանքերի արդյունք, որ կարողացել է, թեկուզ կես հաստիքով, նրանց ապահովել աշխատանքով:

Իջեւանի ավագ դպրոցից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հասմիկ Ասիրյանը կնշանակվի դպրոցի տնօրենի տեղակալ: Կենսաթոշակառու ուսուցիչները, ովքեր մտադիր էին բողոքելու իրենց աշխատանքից ազատելու որոշման դեմ, արդեն համակերպվել են, քանզի գիտեն, որ Գ. Էդիլյանի թիկունքում կանգնած է նրան տնօրեն նշանակած Լեւոն Մկրտչյանը: Ավագ դպրոցի կենսաթոշակառու ուսուցիչներից ոմանք սոցիալապես վատ վիճակում են, բանկերում վարկեր ունեն եւ վախենում են կորցնել այդ կես հաստիքը, ինչը է՛լ ավելի կարող է վատթարացնել նրանց սոցիալական դրությունը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս