Ադրբեջանը շարունակելու է նույն հայտարարություններով և «քաղաքական մուղամով» հանդես գալ. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում հայտնել է, որ  սեպտեմբերի 23-ին  ծրագրվում է հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:«Հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Սրանք են այն երկու հարցերը, որոնց մասին խոսելու ենք Մամեդյարովի հետ»,-ասել էր Էդվարդ Նալբանդյանը։

Այս առնչությամբ  ArmLur.am-ը զրուցել է  ԼՂՀ նախագահի  մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ նման ցանկացած հանդիպում հնարավորություն է տալիս, որպեսզի բանակցային խաղն ապահովվի և խաղաղությունը տարածաշրջանում պահպանվի:

«Այդ հանդիպումները, հատկապես հաշվի առնելով վերջին պաշտոնական Բաքվի կողմից վարվող այս կարծրացած հայատյաց քաղաքականությունը, շատ վաղաժամ են, բայց խաղաղության պահպանման տեսանկյունից  և բանակցային գործընթացի շարունակակայնության ապահովվումը բոլոր տեսանկյունից  մեզ համար կարևոր են նման հանդիպումները: Ըստ երևույթին՝ արծարծվելու են  տարբեր հարցեր, բայց կա կոնկրետ երկու ուղղություն, որոնց շուրջ կա պայմանավորվածություն, դրանք Վիեննա և Սանկ-Պետերբուրգի համաձայնության պայմանավորվածություններն են, համաձայն որոնց պետք է խաղաղության և կայունության պահպանման համար զինադադարի ռեժիմի խախատումների մեխանիզմները  հստակեցվեն: Կարծում եմ՝  հիմնականում այս մեխանիզմների շուրջ պետք է գնա հիմնական զրույցը»,-ArmLur.am-ի հետ զրույցում ընգծեց Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Ադրբեջանը շարունակելու է նման հայտարարություններով հանդես գալ և խնդիրը ներկայացնել «քաղաքական մուղամով»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս