ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԵՐԸ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈ՞ՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր մեկ տարվա գործունեության արդյունքների վերաբերյալ կրկին հաշվետվություն է ներկայացրել, այս անգամ բավական մանրամասն ու ընդարձակ: Միայն թե, խոստովանենք, բովանդակային առումով կառավարության հաշվետվությունն առանձնապես ոգեւորիչ չէր:

89 էջանոց փաստաթղթում ներկայացված են տարբեր ոլորտների վերաբերյալ մշակված ու ընդունված օրենսդրական նախագծերը, որոշումները, ռազմավարական ծրագրերը: Ու քանի որ կառավարությունում ջանացել էին հնարավորինս շատ աշխատանքների մասին խոսել, իրենց են վերագրել նաեւ Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքները: Խոսքը արտաքին քաղաքականության բնագավառի մասին է:
Իմիջիայլոց, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնելու լիազորությունը տրված է ՀՀ նախագահին: Իսկ կառավարությունը ՀՀ նախագահի հետ համատեղ է մշակում եւ իրականացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Ասել է, թե կառավարությունը հանդես է գալիս ոչ թե որոշումներ կայացնողի, այլ կայացված որոշումները կատարողի դերում: Այդպես է դե յուրե, այդպես է նաեւ դե ֆակտո:
Մինչդեռ կառավարությունն իր գործունեության արդյունքների մասին խոսելիս նշել է. «Հայաստանը շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ համատեղ ջանքերը` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների չորս հանդիպում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեք այց տարածաշրջան»: Եթե այստեղ ԱԳ նախարարի հանդիպումների մասին խոսելը կարելի է տրամաբանական համարել, ապա առնվազն անհասկանալի է՝ ի՞նչ իմաստ ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը ՀՀ կառավարության հաշվետվության մեջ ներկայացնելը, համենայն դեպս, քանի դեռ ՀՀ իշխանությունները համաձայն են բանակցային գործընթացի շարունակմանը, քանի դեռ հիմնախնդիրն իր լուծումը չի ստացել, եւ երկու երկների ԱԳ նախարարները կհանդիպեն, եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կայցելեն:
«Ջանքեր են գործադրվել՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների առավել խորացմանը, բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը։ Տեղի է ունեցել ՀՀ նախագահի պաշտոնական մեկ, աշխատանքային երկու այց ՌԴ եւ բազմակողմ հարթակում նախագահների մակարդակով 6 հանդիպում: ՀՀ վարչապետը եւ Ազգային ժողովի նախագահը պաշտոնական այցեր են կատարել Ռուսաստանի Դաշնություն»,- եւս մեկ մեջբերում կառավարության հաշվետվությունից: Փաստորեն կարող ենք արձանագրել, որ Ս. Սարգսյանի՝ ՌԴ պաշտոնական մեկ, աշխատանքային երկու այցերը, ՀՀ եւ ՌԴ նախագահների՝ տարբեր հարթակներում 6 հանդիպումները կառավարության ձեռքբերումների արդյունք են, եւ եթե չլիներ Կարեն Կարապետյանի գլխավորած կաբինետը, հազիվ թե Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այդքան հաճախ տեսնելու առիթ ունենար: Կամ էլ, միգուցե, այս ամենը Էդվարդ Նալբանդյանի շնորհիվ է ստացվել: Միանշանակ դժվար է պնդել, բայց կարելի է հանգել նման եզրակացության: Ամեն դեպքում, երեւի Սերժ Սարգսյանը պետք է պարզի՝ նրանցից ո՞ւմ երախտագիտություն հայտնի: Պետք է Սերժ Սարգսյանը պարզի, որովհետեւ պարզվում է՝ նաեւ կառավարության շնորհիվ է, որ իրեն հաջողվել է լինել Նյու Յորքում, հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «2016 թ. հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում կազմակերպվել է «Հայաստան. ներդրումային համաժողովը», որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Տարբեր մակարդակներով շփումներ են կայացել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ»,- ասված է կառավարության հաշվետվության մեջ:
Ճիշտ նույն կերպ խոսք կա ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, եւ արձանագրված է, որ Սերժ Սարգսյանն այցելել է Բրյուսել եւ այնտեղ հանդիպումներ ունեցել ԵՄ ղեկավարության հետ: «Ուշադրության կենտրոնում է եղել անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների առավել զարգացումը։ Տեղի է ունեցել ՀՀ նախագահի եւ Վրաստանի վարչապետի երկու հանդիպում: …Հայաստանի եւ Իրանի նախագահների միջեւ տեղի է ունեցել երկու հանդիպում՝ Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի եւ Հայաստանի նախագահի՝ Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Իրան կատարած այցի շրջանակներում»: «ՀՀ Նախագահն ունեցել է աշխատանքային մեկ այց Ղազախստան եւ երկու այց Ղրղզստան»,- սրանք եւս մեջբերումներ են կառավարության հաշվետվությունից, որտեղ ավելի շատ խոսվում է Սերժ Սարգսյանի գործունեության մասին:
Համաձայնեք՝ այս ամենը սիրուն է ներկայացված: Միայն թե պարզ չէ՝ ի՞նչ կապ ունի դա կառավարության հետ: Չնայած՝ հանուն արդարության նշենք, որ հաշվետվության մեջ ներկայացված են նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի այցերը, որոնց աշխարհագրությունը, սակայն, առավել քան աղքատիկ է. իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը եղել է միայն ՌԴ-ում, Վրաստանում, Իրանում, Թուրքմենստանում: Իսկ ահա եվրոպական որեւէ երկիր «ՌԴ-ից նշանակվածի» համարում ունեցող վարչապետն այդպես էլ չի այցելել: Թե ինչո՞ւ, մնում է միայն ենթադրել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

«Vaz 2110»-Ն ՈՒ ԴՈԼԱՐՆԵՐԸ
Պաշտոնական տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը մեկ բնակարան ունի եւ «Vaz 2110» մակնիշի ավտոմեքենա: Բայց չնայած սրան` ջրպետկոմի նախագահը հայտարարագրել է, որ մեկ ընկերությունում ունի 840 հազար դրամի չափով բաժնեմաս: Իսկ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փոխառությունները կազմել են մոտ 500 մլն դրամ եւ 40 հազար դոլար: Ջրպետկոմի նախագահը հայտարարագրել է, որ ունի երկու ժամացույց, որոնց արժեքը գերազանցում է 8 մլն դրամը: Իսկ դրամական միջոցները կազմում են 39 մլն դրամ եւ 670 հազար դոլար: Նշենք, որ Արսեն Հարությունյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է, եւ հենց սրա շնորհիվ է, որ նշանակվել է այս պաշտոնին: Իսկ մինչ այդ Հարությունյանը «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր:

 

 

 

ՀՀԿ-ԱԿԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸ
Նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում շատ վայրերում ՀՀԿ-ականները մրցակից չունեն, եւ ինչպես ասում են՝ պայքարելու են իրենք իրենց դեմ: Բայց որքան էլ զարմանալի է, ՀՀԿ-ականներին մրցակիցներ են հայտնվել Արարատի մարզի Արտաշատ եւ Սյունիքի մարզի Գորիս քաղաքների դեպքում: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ն Արտաշատում առաջադրել է ավագանու անդամ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը. նրանից բացի՝ այստեղ ինքնաառաջադրվել է նաեւ անկուսակցական Արտակ Սարգսյանը, ով «Գազպրոմ Արմենիա»-ի Արտաշատի ԳԳՄ-ում որպես հսկիչ է աշխատում: Իսկ ահա Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ի թեկնածու Առուշ Առուշանյանի մրցակիցն էլ անկուսակցական, անհատ ձեռներեց Էրիկ Աղաջանյանն է: Լուրջ կասկածներ կան, որ այս առաջադրումներն արվել են՝ ընդամենը ՀՀԿ-ականների համար մրցակցային ֆոն ստեղծելու համար, առավել եւս, երբ այս երկու քաղաքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների նկատմամբ մեծ է հետաքրքրությունը:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ
Հայաստանում բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման շուրջ կրքերը գնալով թեժանում են: Ինչպես հայնտի է՝ ՄԻՊ Արման Թաթոյանը հակասահմանադրական է որակել այս նախագիծը եւ ներկայացրել բավական ծավալուն առարկություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման նախագծի հեղինակը ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն է: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով նախագծի շուրջ առաջացած տարաձայնություններին, ասաց. «Արդարադատության նախարարությունը դեռեւս պատրաստ չէ այդ հարցը քննարկման առարկա դարձնել: Այն փուլում, երբ կքննարկենք, կներկայացնենք մեր դիրքորոշումը եւ մեր գործընկերների դիրքորոշումը կամ կընդունենք կամ համապատասխան փաստարկներ կներկայացնենք: Այս պահին դեռեւս մասնագիտական քննարկման փուլն է, եւ մենք որեւէ ներկայացնելու թեմա չունենք դրանով»: Ասել է, թե չի բացառվում, որ, այնուամենայնիվ, նախագիծը չուղարկվի խորհրդարան, եթե օմբուդսմենը հիմնավորի, որ այն հակասահմանադրական է:

 

 

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնեւում, հանդիպում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ-ի եւ Բելառուսի ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Բելառուսի ԱԺ-ի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականների համագործակցված աշխատանքը միջազգային հարթակներում: Է. Շարմազանովն ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների պատգամավորները պետք է միջազգային հարթակներում սատարեն միմյանց եւ չանեն հայտարարություններ, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումից: Կողմերը կարեւորել են ՀԱՊԿ եւ ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորումը, որի համատեքստում Է. Շարմազանովն ընդգծել է, որ Արցախի խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում: «ՀԱՊԿ պատգամավորները պիտի դատապարտեն Ադրբեջանին, որի գործողությունների պատճառով զոհվում են մարդիկ»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

 

 

 

ԼԱՎ ՀԱՐԹԱԿ
Տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի հարցերով ՌԴ-ի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի անդամակցությունն ԵԱՏՄ-ին հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա դուրս գա ԵՄ-ի հետ մաքսային միությունից: Հակառակ պարագայում ԱՀԿ-ի կանոնները թույլ չեն տալիս մեկ պետության անդամակցությունը միանգամից երկու մաքսային միություններում: «Թուրքիան մեծ պետություն է, որը կարեւոր դեր է խաղում եվրոպական շուկայում: Հարցը լուրջ հաշվարկներ է պահանջում»,- նշել է նա: Մոսկվայում ու Երեւանում մի շարք դիտորդներ կարծում են, որ ԵԱՏՄ-ը կարող է դառնալ լավ հարթակ հայ-թուրքական հաշտեցման, սահմանների բացման համար: «Իրոք, ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններն այս պահին ոչ միայն ջերմացել են, այլ զարգանում են, մենք ունենք համատեղ խոշորածավալ նախագծեր: Գրեթե բոլոր ոլորտներում համագործակցության խթանում կա: Մենք ունենք ԵԱՏՄ-ի անդամ մեկ պետություն, որն ընդհանուր սահման ունի Թուրքիայի հետ: Այդ պատճառով մեզ համար սահմանի բացումը կարեւոր եւ սկզբունքային հարց է: Թուրքիայի հետ համագործակցությունն ընդհանուր մաքսային սահմանի պայմաններում չի կարող նորմալ լինել, եթե մաքսային սահմանը փակի տակ է»,- հավելել է Գլազեւը:

 




Լրահոս