Ոստիկանության աշխատանքը նսեմացնել չեմ կարող. Ալիկ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ հետախուզման ոլորտում առկա բացթողումների համար պատասխանատուն միայն ոստիկանությունը չէ:

-Պարո՛ն Սարգսյան, հոկտեմբերի 23-ին Սերժ Սարգսյանը ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ անդրադարձել էր ոլորտում առկա խնդիրներին՝ մասնավորապես նշելով, որ հետախուզվող անձանց հայտնաբերումը հանցավորության դեմ պայքարում դեռ լուրջ խնդիր է մնում:

Այս հայտարարությունից 22 օր անց ՀՀ գլխավոր դատախազությունը հետախուզման ոլորոտում ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պարտականությունները չկատարելու եւ պետության օրինական շահերին վնաս պատճառելու առթիվ հարուցել էր քրեական գործը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է թերանում ոստիկանությունը:

-Մնում է՝ հետախուզվողների թիվը կապեք ոստիկանության հետ, որին ես դեմ եմ եւ համաձայն չեմ: Կներեք, այսօր տեսնելով ոստիկանության աշխատանքը՝ ամեն դեպքում հակված եմ պաշտպանելու, ո՛չ թե հանիրավի, ո՛չ թե ձեւական բնույթ են կրում իմ խոսքերը, այլ կարծում եմ, որ ոստիկանությունը անում է ամեն ինչ, ինչը իր իրավասությունների սահմաններում է:

-Փաստ է, որ Սերժ Սարգսյանը ոլորտում խնդիր է տեսնում, եւ հիմա էլ հետախուզվողներին չհայտնաբերելու կամ ինչ-ինչ շահագրգռածությունից ելնելով՝ քննիչներին չներկայացնելու մասով հարուցվել է քրեական գործ, ու թիրախում ոստիկաններն են: Ինչո՞ւ հենց Սերժ Սարգսյանը բարձրաձայնելուց հետո ոլորտի պատասխանատուները սկսեցին մեղավորներ փնտրել:

-Գիտեք ինչ, իմ կածիքով նախագահը ամենաշատ ինֆորմացված մարդն է մեր երկրում, ամենաշատ տեղեկությունը իրեն են հայտնում, ամենաշատ վերլուծական ամբողջ նյութը նախագահին է ներկայացվում: Նա նկատել է, որ այս ոլորտի նկատմամբ առավել շատ մեծ ուշադրություն է պետք, եւ ոստիկանության ուշադրությունն է հրավիրել: Ես դրա մեջ որեւիցե արհեստածին, զարմանալի էլեմենտ չեմ տեսնում: Նախագահը զգուշացրել է, համոզված եմ, որ նախագահի զգուշացնելուց հետո ավելի ուշադիր կլինեն, եւ աշխատանքներում ինքներդ կտեսնեք, որ ավելի բարելավում կլինի:

-Զգուշացնելուց հետո քրեական գործ է հարուցվում, ու թիրախում ոստիկաններն են: Հիմա միայն ոստիկանների՞ թերացման արդյունքն է, թե՞ կան միջգերատեսչական տարաձայնություններ, որ նման պատկեր ունենք:

-Իհարկե, ոչ միայն այս գերատեսչությունների, ոչ միայն ոստիկանության, այլեւ հասարակության խնդիրն է: Երբեւիցե տեսե՞լ եք, որ հասարակության կողմից ահազանգ լինի, որ այս հետախուզվողը գտնվում է այսինչ հասցեում, դա լինում է շատ հազվագյուտ: Միգուցե պաշտպանվածության խնդիր կա, միգուցե ազգային մենթալիտետի խնդիր կա: Տեսեք, իրազեկվածության օրենքը, որ ընդունվում էր, ինչ խնդիր եղավ, դա վերագրեցին որպես գործ տալ:

Նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում եթե սիգարետը պատուհանից դուրս գցեցին, անմիջապես զանգահարում են ոստիկանություն, գիտեք՝ սա մեր մոտ ինչ վերնագիր կստանա, եթե դա մեր մոտ փորձ անեն ասել: Կամ, ասենք, հարեւանը տեսնի՝ մյուս հարեւանը ինչ է անում, որը անընդունելի է, ու զանգահարի ոստիկանություն, հարեւանին երեւի կվտարեն կամ կդարձնեն ազգի թշնամի, մեզ մոտ, ցավոք, այդ դրվածքը կա: Իսկ համագործակցության առումով ոստիկանությունը միշտ է համագործակցել մյուս ծառայությունների, նույն դատախազության հետ, նույն քննչական ծառայության հետ:

Չեմ կարծում, որ ոստիկանությունը խոչընդոտի այդ համագործակցությունը: Սակայն եթե հետախուզման ոլորտում խնդրի մասին բարձրաձայնվել է ոչ միայն ոստիկանության, նույն դատախազության, նույն քննչական ծառայության, նույն մնացած կառույցների խնդիրն է:

Նույն քննիչը չէ՞, որ ինքն է որոշում կայացնում արդյունքում, ինքը, բնականաբար, պետք է իր քրեական գործի շրջանակներում հետամուտ լինի, որ ոստիկանության ուղղորդի, փորձի այդ շրջանակներում ասել, որ հնարավոր է՝ այստեղ է: Բայց ով ինչ ասի, ես ոստիկանության աշխատանքը նսեմացնել չեմ կարող, որովհետեւ դա կլինի անարդար, քանի որ այդ մարդկանց աշխատանքը ես ամեն օր եմ տեսնում, եւ դա ինձ հասկանալի է:

Ի վերջո, արդյունավետությունն էլ չի կարող լինել հարյուր տոկոս, դա հնարավոր չէ, ոչ մի ոլորտում: 100 տոկոսանոց արդյունավետություն չի լինում, սա բիզնես չի, որ 10 դրամ դրեցիր, 12 դրամի ակնկալիք ունենաս, ոստիկանության աշխատանքը չի առնչվում այդ հաշվարկի հետ, հնարավոր է՝ շատ աշխատանքներ անեն, շատ ուժերի ներդնում լինի, արդյունավետությունը լինի 20-30 տոկոս: 100 տոկոս արդյունավետություն երբեք մի ընկալեք, նրանք գործ ունեն մարդու հետ, մարդու հետ նման ակնկալիքները տեղի չեն:

-Հետախուզման ոլորտում իրավիճակը փրկելու համար դրամական պարգեւների մասին է հայտարարվում: Օրինակ՝ «Կոնվերս բանկի» գործով մեկ անձ հետախուզվում է՝ 200.000 դոլար բանկից հափշտակելու համար, ու նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունը հայտնելու դեպքում խոշոր դրամական պարգեւ է խոստանում: Սա որքանո՞վ է օգնում գործին:

-Ոստիկանությունը ինչ-որ որոնումներ ունի` ինչ անել, որ ավելի արդյունավետ լինի, միգուցե գումար էլ առաջարկի: Ամբողջ աշխարհում դա ընդունված մի ձեւ է, բայց սա չէ հարցի լուծումը:

-Այդ դեպքում որտե՞ղ է խնդիրը:

-Հարցի լուծում ժողովուրդի ինքնագիտակցության մեջ վերջնական ամրագրվի, որ օրենքին հակառակ մի բան կատարողը, որը թույլ է տվել այդ չարաշահումը, հասկանա, որ ինքը կհայտնվի հասարակության ուշադրության կենտրոնում, ինչու չէ, կհասնի մինչեւ այն մարմինների տեսադաշտ, որտեղ այսպես, թե այնպես պետք է լիներ: Այդ վստահությունը, որ ոչ մեկ այդ մասին ոչինչ չի ասի, ինչ անի, որեւէ մեկը դիտողություն չի անի, բերում են այսպիսի երեւույթների:

Քնար Մանուկյան




Լրահոս