Արդեն երկու տարի է` Էլլա Տարունցը հայրենիքում չէ. մեկնել է եվրոպական շրջագայության: Այժմ նա գտնվում է Բրյուսելում: «Ժողովուրդ»-ը երգչուհուց հետաքրքրվել է` կոնկրետ ինչ նպատակով է մեկնել արտերկիր, ինչով է այժմ զբաղված եւ երբ կվերադառնա հայրենիք: Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ մի շարք նոր երգեր ունի, որոնք, ի դեպ, կկատարի նաեւ իսպաներենով: Նա խոսել է եվրոպական մշակույթի հետ հարաբերվելու, այնտեղի ռիթմին զուգընթաց քայլելու մասին:
-Տիկի՛ն Տարունց, այժմ Բելգիայում ինչո՞վ եք զբաղված:
-Հարազատներիս մոտ եմ, ինչ վերաբերում է գործնականին, պարբերաբար տարբեր ելույթներ եմ ունենում: Այժմ արդեն պատրաստվում ենք Ամանորին: Դեկտեմբերի 31-ին երգիչ Հայկ Կասպարովի եւ դիջեյ Արմանիի հետ հանդես կգանք համերգներով, ավելի ուշ` տարբեր ամիսներին տարբեր քաղաքներում ելույթներ կունենանք:
-Այս երկու տարվա ընթացքում ո՞ր երկրներում եք եղել:
-Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, եվրոպական մի շարք երկրներում:
-Այս տարիների փորձից ի՞նչ կարող եք ենթադրել, հանդիսատեսը որտե՞ղ է ավելի ջերմ:
-Ամեն տեղ էլ մարդիկ ջերմ են. եթե հրավիրում են, ուրեմն սիրում են (ժպտում է):
-Դուք ինչպե՞ս կձեւակերպեք` ո՞րն է Ձեր շրջագայության հիմնական նպատակը:
-Նույն տեղում չդոփելը: Կարելի է ասել` եղան համերգների առաջարկներ, եւ ես ընդունեցի:
-Իսկ Հայաստանում ի՞նչն էր պակասում:
-Հայաստանում ինձ համար երբեք ոչինչ չի պակասել: Ես կասեի` ամեն տեղ ինչ-որ բան պակասում է, բայց ոչ Հայաստանում:
-Երկու տարին քիչ ժամանակ չէ, չե՞ք կարոտում հայրենիքը: Ո՞ր դեպքում կվերադառնաք:
-Գիտեք` թվում է` երկու տարին բավական շատ է, բայց այստեղի ռիթմին զուգընթաց ժամանակն աննկատ է անցնում, հատկապես, երբ հարազատներիդ հետ ես: Մի քանի օրով պետք է գամ Հայաստան, բայց քանի որ այստեղ գործեր ունեմ, առայժմ չեմ կարող դրանք կիսատ թողնել: Ի դեպ, Հայաստանը ես Հայաստանում էլ եմ կարոտում. Ստեփանակերտը` Ծաղկաձորում, Ծաղկաձորը` Երեւանում, եւ այդպես շարունակ: Իմ տունն ու երջանկությունն այդտեղ է, ինչի՞ մասին է խոսքը:
-Իսկ ե՞րբ սպասենք Ձեր վերադարձին, եւ ի՞նչ անակնկալներ են սպասվում: Փակագծերը մի փոքր կբացե՞ք:
-Դեռ կոնկրետ չգիտեմ, բայց անակնկալներ հաստատ կլինեն:
-Ձեր ոլորտի անցուդարձը կարոտե՞լ եք:
-Դա ամենաքիչն եմ կարոտում: Փոխարենը ուզում եմ նորից տեսնել իմ տունն ու ընկերներիս: Իսկ ամենաշատը` մեր սարերն ու ջուրը:
-Ստեղծագործական կյանքի այս փուլն ինչպե՞ս կբնութագրեք: Սա նոր հորիզոններ գրավելու շրջա՞ն է, թե՞ ուրիշ մի բան:
-Ես գրավող տեսակ չեմ. չեմ սիրում ո՛չ նվաճել, ո՛չ նահանջել: Պարզապես ստեղծագործում եմ եւ երգում: Հո ինձ կամ ինձ սիրողներին չե՞մ գրավելու:
-Իսկ ներշնչանքի նոր աղբյուրներ ունե՞ք:
-Նոր երգեր շատ ունեմ: Ի դեպ, իմ ստեղծած երգերը կերգեմ իսպաներենով` փոքր-ինչ ենթարկելով փոփոխության:
-Երկու տարի է` անմիջականորեն հարաբերվում եք եվրոպական մշակույթին: Կա՞ն բաներ, որոնք կցանկանաք բերել մեզ մոտ` Հայաստան:
-Մենք ամեն բան ունենք, պարզապես տարածությունն է փոքր: Մեր երգիչներին, օրինակ, պակասում է անմիջականությունը, բազմաժանր լինելը: Եվրոպայում նույնական վիճակ չկա. ամեն կատարող կամ ստեղծագործող իր գործն է անում` առանց վախենալու:
-Եվ վերջին հարցը: Ձեր անձնական կյանքի ներկայիս զարգացումների մասին քիչ տեղեկություններ կան: Կարո՞ղ է երբեւէ պատահել այնպես, որ Ձեր կողքին հայտնվի այլազգի տղամարդ:
-Ես երբեք չեմ բացառում, իսկ անձնականի մասով կանխատեսումներ չեմ կարող անել:
Աննա Բաբաջանյան