«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրային միջոցների ու սեփականության կառավարման ոլորտում չարաշահումները կանխելու ու դրանց օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու առաքելությունը որդեգրած ՀՀ վերասհկիչ պալատը 2018 թվականի համար հետաքրքրական ու շռայլ պետական գնումների ցանկ է ներկայացրել:
Վերահսկիչ պալատն այս տարի ի թիվս այլ ապրանքների, պատրաստվում է գնել ջահեր, լվացարաններ, ղեկավարի աթոռներ, բազկաթոռներ, կահույք, օդորակիչներ: ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ պետական գնումների համակարգում Վերահսկիչ պալատը ներկայացրել է 2018 թ. գնումների պլանը, որտեղ գնման մեկ անձից (ՄԱ) կատարվող ընթացակարգով պատրաստվում է երկու ջահ գնել: Ջահերից մեկի արժեքը 150000 ՀՀ դրամ է, երկրորդինը՝ 100000 ՀՀ դրամ: Բացի այդ՝ 35 հազար դրամ արժողությամբ 7 լվացարաններ կգնեն, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 245 հազար դրամ:
Գնանշման հարցում (ԳՀ) ընթացակարգով պետական կառույցը ղեկավարի 2 սեղան կգնի: Առաջինի արժեքը 600000 դրամ է, երկրորդինը՝ 300000 դրամ: Նախատեսվում է նաև 100 հազար դրամով 10 հատ ղեկավարի բազկաթոռ գնել, որոնք ձեռք բերելու համար բյուջեից 1000000 ՀՀ դրամ կծախսվի: Ղեկավարի բազկաթոռների շարքն այսքանով չի ավարտվում: 80000 դրամով կգնեն ևս 6–ը՝ հատկացնելով 480000 ՀՀ դրամ: Բացի այդ՝ 26830 դրամ արժողությամբ 47 հատ մետաղյա աթոռներ կգնեն, որոնց ձեռքբերման համար 1261000 ՀՀ դրամ է հատկացվել:
Գնումների պլանում են նաև 18 աթոռներն ու բազկաթոռները, որոնցից յուրաքանչյուրը 65000 դրամ է: 18–ը ձեռք բերելու համար նախատեսվում է 1170000 ՀՀ դրամ: Վերահսկիչ պալատը 1500000 դրամ արժեքով ներկառուցված խոհանոց կգնի»:
Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում