ՀՀԿ ՏԱՍՆԵՐԿՈՒ «ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը: Դրանից անմիջապես հետո կուսակցության կենտրոնական գրասենյակում հավաքվել էին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորները: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` ԳՄ նիստում Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցվել է, թե իրենց խմբակցության որ պատգամավորն այսօր ԱԺ հատուկ նիստում ինչպես է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, այնուհետեւ ՀՀԿ պատգամավորներին ներկայացվել է «ցուցակը»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Փաշինյանի օգտին քվեարկելու է ՀՀԿ-ական 12 պատգամավոր: Կողմ քվեարկողները մեծամասամբ կլինեն գործարար հատվածից, ինչպես նաեւ անկուսակցականները: Այսպիսով` ամենայն հավանականությամբ կողմ քվեարկող պատգամավորներն են լինելու՝ Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը, Արթուր Գեւորգյանը, Սեյրան Սարոյանը, Նահապետ Գեւորգյանը, Շիրակ Թորոսյանը, Տաճատ Վարդապետյանը, Հարություն Կարապողոսյանը, Արկադի Համբարձումյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, եւ, վերջապես, Ֆելիքս Ցոլակյանը, որը նախորդ նիստում եւս կողմ էր քվեարկել: Սակայն այս ցանկում մինչ վաղը կարող են փոփոխություններ լինել: Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության քաղաքական մասին` Էդվարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան, Արմեն Աշոտյան, Գալուստ Սահակյան եւ այլք, նրանք դեմ են քվեարկելու ընդդիմադիր առաջնորդին: «Ժողովուրդ»-ին երեկ նաեւ լուրեր հասան, որ 12 ՀՀԿ-ականների` Փաշինյանի օգտին կողմ քվեարկելը ներկայացվել է որպես այս օրերին առանց այն էլ վարկաբեկված կուսակցության դեմքը փրկելու վերջին քայլ, թասիբի հարց:
Նկատենք, որ հիմա ՀՀԿ-ն իսկապես կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ. կա՛մ կընտրի ժողովրդի թեկնածուին` փրկվելով համաժողովրդական ալիքի կործանիչ հարվածից, կա՛մ, ընդհակառակը, կփորձի տապալել այդ գործընթացը եւ առհավետ կհայտնվի քաղաքական աղբանոցում: Հուսանք` մայիսի 1-2-ի իրադարձություններից համապատասխան հետեւություններ արել են:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարարներ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը հրաժարականի դիմումներ են գրել: Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ վերջիններս վերոնշյալ օրը հանդիպում են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ, շնորհակալություն հայտնել համագործակցության համար: Առայժմ, սակայն, ո՛չ նախարարի, ո՛չ էլ նրա երկու տեղակալների հրաժարականի դիմումները չեն հրապարակայնացրել: Մեզ հասած տեղեկություններով` այդ ամենը պայմանավորված է սահմանային իրավիճակով, եւ, առհասարակ, Ղարաբաղյան հարցի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը պարզելու համար դիմեց ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանին, սակայն վերջինս ասաց, որ նման բան չկա:

 

 

ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը կարծում է, որ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո Հայաստանի քաղաքական օրակարգի առաջին հարցերը պետք է լինեն մարդկանց իրավունքներն ու ազատությունները, այլ ոչ թե տնտեսությունը: «Կարծում եմ` տնտեսական խնդիր չէր այս իրադարձությունների առաջացումը… Արդարությունը հիմնվում է մարդու իրավունքների եւ ազատությունների վրա: 20 տարի այդ իրավունքները` օրենքների եւ որոշումների տեսքով, մարդկանցից օտարված են, կաթիլ-կաթիլ օտարվել են: Հիմա պետք է մարդկանց վերադարձնել այդ իրավունքներն ու ազատությունները: Մնացածը մարդիկ կանեն. մարդիկ կշենացնեն իրենց երկիրը, կզարգացնեն տնտեսությունը, հաջողություններ կնվաճեն»,- պնդել է պարոն Արսենյանը: Նա անդրադարձել է նաեւ Փաշինյանի հայտարարությանը, թե կառավարությունում օլիգարխներ չպետք է լինեն: «Իմ իմացած բոլոր վարչապետները հայտարարել են այդ նույն բանը, բայց չեն արել: Փաշինյանը պետք է դա անի, այդ է տարբերությունը: Ինքն այնքան մեծ վստահության քվե ունի, որ դժվար կլինի այդ վստահության քվեն չիրացնել»:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազները պատերազմ են հայտարարել քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների դեմ: Պատճառը 2017 թվականի դատախազ եղբայրների` Նարեկ եւ Հայկ Խաչատրյանների կողմից քննիչ Սուրեն Նազարյանին ծեծի ենթարկելու միջադեպն էր. կատարվածի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, հետո կարճվեց հանցակազմի բացակայության պատճառով: Ու քանի որ դատախազ եղբայրները ստիպված են եղել քրեական գործով անցնել որպես կասկածյալ, հիմա, երբ ամեն ինչ անցյալում է, փորձում են վրեժ լուծել: Կենտրոնի բաժնի դատախազների եւ քննիչների միջեւ թեժ խոսակցություն է եղել, մասնավորապես դատախազները քննիչներին հասկացրել են, որ ամիսներ առաջ քննիչի պատճառով դատախազները հայտնվեցին ՀՔԾ-ում, եւ հիմա էլ իրենք նույն բանը չեն կարող անել քննիչների նկատմամբ, ու այստեղից էլ սկսել է դատախազների կողմից քննիչներին հսկելու, նրանց գործի վրա բացթողումներ գտնելու գործընթացը, ինչը համակարգում լարված իրավիճակ է ստեղծել:

 

 

ՆՈՐ ԻՄԱՑԱ՞Ք
ՀՅԴ-ն չի դադարում ամեն քայլափոխի ապշեցնել իր պահվածքով: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ՀՀԿ-ի հետ ներկոալիցիոն հարաբերություններին եւ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ այն ժամանակ չէին բարձրաձայնում խնդիրների մասին, որոնք վնասում են երկրին, մի քանի անգամ կրկնել է միտքը, թե իշխանության ներսում կաշկանդված են եղել: Ավելին` Ռուստամյանը հասկացրել է, որ շատ հարցերի վերաբերյալ ներկոալիցիոն քննարկումներում իրենք խոսել են, սակայն ՀՀԿ-ն, միեւնույնն է, իրենն է արել: «Մենք, ունենալով որոշակի կաշկանդումներ կոալիցիոն հուշագրի շրջանակներում, այն հարցերը, որոնք քննարկել ենք ներսում, դրանք չենք հրապարակել, բայց մենք առիթից առիթ դրա մասին հստակ ասել ենք»,- պնդել է Ռուստամյանը:
Այնպիսի տպավորություն է, թե ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ «ծանոթացել է» միայն կոալիցիա կազմելուց օրեր առաջ, իսկ մինչ այդ որեւէ հեռավոր պատկերացում անգամ չի ունեցել ո՛չ այդ քաղաքական ուժի, ո՛չ նրա գործելաոճի մասին: Տպավորություն է, թե ՀՅԴ-ում միայն կոալիցիոն համաձայնագիր կնքելուց, երկու տարի աշխատելուց հետո նոր են բացահայտել, թե ո՞ւմ հետ գործ ունեն, ի՞նչ պայմաններում են աշխատում եւ այսպես շարունակ: Համաձայնեք` իսկապես զավեշտի ժանրից է: Առավել եւս, երբ ժամանակին ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ էլի կոալիցիա էր կազմել` 2008թ. նախագահական ընտրություններից հետո` մարտի 1-ի սպանդից մեկ օր առաջ: Ուստի նախորդ փորձը ՀՅԴ-ին պետք է հուշեր, թե որքան են կաշկանդվելու կոալիցիոն համագործակցության ժամանակ: Եւ բացի այդ` 2016թ. փետրվարին, երբ նոր էին սկսվել ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները, նույն Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ն ժողովրդի աչքին հեղինակազրկված է, անգամ ՀՅԴ հեղինակությունն է տուժելու այդ համագործակցությունից, սակայն այդքանից հետո իրենք, միեւնույն է, իշխանության մաս կազմեցին` այդ իշխանության համար ստանձնելով ամբողջական պատասխանատվություն: Համաձայնեք` ՀՅԴ-ի արդարացումները, թե իրենք կաշկանդված են եղել, մեղմ ասած, հեռու են իրականությունից: Չգիտեի՞ն` ում հետ են համագործակցելու, չգիտեի՞ն, որ կաշկանդվելու են, այն էլ մի իրավիճակում, երբ ՀՀԿ-ն խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ուներ, հետեւաբար կարող էր միայնակ ձեւավորել իշխանություն: Թե՞ գիտեին, բայց հանուն պաշտոնների գնացին այդ ճանապարհով, ու եթե իրենք, այնուամենայնիվ, կաշկանդվել են, ապա կաշկանդվել են, որովհետեւ ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը թվում էին անպարտելի, ուստի դեմ դուրս գալով` նրանք կարող էին պաշտոնները կորցնել:




Լրահոս