ՀՀԿ-ն կրկին համառում է. երբ կանցկացվեն խորհրդարանական ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների շուրջ կրքերն ավելի են թեժանում: Երեկ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային, շեշտել է, թե իրենք պատրաստվում են 2022 թվականի ընտրություններին (խոսքը հերթական ընտրությունների մասին է-խմբ.):

Եվ սա այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում նշել էր. «Մեր պատկերացմամբ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել աշնանը, բայց մեր այս պատկերացումը մենք պետք է փորձենք համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ»: Կառավարությանը մաս կազմող մյուս ուժերը՝ «Ծառուկյան» խմբակցությունն ու ՀՅԴ-ն, եւս կարծում են, որ քաղաքական այս իրավիճակի միակ լուծման տարբերակն արտահերթ ընտրություններն են, եւ դրան պետք է հասնել ողջամիտ ժամկետներում, սակայն որքան հնարավոր է շուտ: Դրան հակառակ` ՀՀԿ-ում չեն կիսում այս մոտեցումը՝ ասելով, թե արտահերթ ընտրությունների անցկացման համար չկան թե՛ քաղաքական, թե՛ իրավական հիմքեր:

Այս իրավիճակում կառավարության մաս կազմող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այլ ելք չի տեսնում, քան քաղաքական ուժերի համաձայնությամբ եւ կոնսենսուսով արտահերթ ընտրությունների գնալն է, քանի որ, նրա խոսքով, արտահերթ ընտրությունների գնալու իրավական այլ հիմքեր չկան: «Մեր սահմանադրական կարգավորումներն այնպիսին են, որ լավագույն դեպքում դա կարող է լինել բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում: Հիմա միակ տարբերակը դա է»,- նշեց պատգամավորը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս իրավիճակի միակ ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: «Հետագա աշխատանքում, ամեն դեպքում, կարող են հակադրություններ առաջանալ խորհրդարանում, քանի որ կառավարության ներկայացրած ծրագրերը կարող են ընդունելի չլինել ՀՀԿ-ի համար, ովքեր դեռեւս խորհրդարանում մեծամասնություն են համարվում»,- ասաց Նազարյանը:

Ընդ որում` կառավարությունում ներկայացված ուժերը միտված են արտահերթ ընտրությունների գնալ միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո, որով ցանկանում են հրաժարվել ռեյտինգային համակարգից: Այս առումով եւս ՀՀԿ-ն միանշանակ որոշում չունի, սակայն դեմ չէ քննարկումների: Երեկ Վահրամ Բաղդասարյանն այս առնչությամբ ասել է. «ԸՕ-ն ընդունվել է կոնսենսուսով, տարբեր խողովակներով քննարկումներ են եղել: Դրանից հետո տեղի են ունեցել ընտրություններ, դրանց արդյունքները բոլորին բավարարել են, միջազգային կառույցների կողմից դիտողություններ եղել են մասնակիորեն: Այնպես որ, ՀՀԿ-ն նոր ԸՕ-ի վերաբերյալ առաջարկություններ չունի», – նշեց նա` միաժամանակ հավելելով, որ պատրաստ են այս թեմայով քննարկումների:

Մինչ ՀՀԿ-ականները նման պնդումներ են անում, հիշեցնենք՝ ճիշտ նույնկերպ նրանք բացառում էին նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եւ, ընդհանրապես, ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանն ինքն էլ ասել էր, թե հրաժարական չի տա, նույնիսկ հիշեցրել մարտի 1-ը, բայց հաջորդ օրը նա ստիպված եղավ համակերպվել իրականության հետ ու հեռանալ վարչապետի պաշտոնից: Հիմա նույն ճակատագիրն է սպասվում ԱԺ-ում ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնությանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս