ԴԱՏԱԽԱԶԸ ՀԻՄՆԱՎՈՐԵՑ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության երեք թեւերից միայն գործադիրում արձանագրված փոփոխությունը, ըստ էության, բավարար պայման չէ երկրում լուրջ ռեֆորմներ անելու համար։ Քանի դեռ օրենսդիր եւ դատական թեւերը շարունակում են բռնազավթված մնալ նախկինների կողմից, հանրային հուզումները չեն վերանալու, իսկ կյանքը բնականոն հուն չի վերադառնալու։ Այս առումով ներկայումս խիստ հասունացած է ՀՀ գլխավոր դատախազի փոփոխության հարցը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը արդեն իսկ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ինչը առաջին հերթին հիմնավորում է արդարադատական համակարգի անկախությամբ։ Ըստ նրա՝ քաղաքական իշխանության փոփոխությունը չի կարող ինքնաբերաբար ենթադրել նաեւ դատական համակարգի ղեկավարության փոփոխություն։ Սա կարելի էր տրամաբանական համարել, եթե Հայաստանում իշխանություն փոխված լիներ ընտրությունների միջոցով: Սակայն գործադիրի ղեկավարը հրաժարական է տվել հեղափոխական գործընթացների արդյունքում, իսկ խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվել է վարչապետի թեկնածու առաջադրել ու աջակցել է հրապարակի թեկնածուի ընտրությանը։ Այս դեպքում այլեւս չեն կարող գործել դասական իշխանափոխության կանոնները։ Իրավիճակի շփոթի պատճառը, թերեւս, հեղափոխության առաջնորդների պարկեշտությունն է, որոնք նախընտրեցին զարգացումների սահմանադրական ճանապարհը։ Խնդիրն այն է, որ հեղափոխության պարագայում Սահմանադրությունն այլեւս չի կարող աշխատել եւ այն կա՛մ պետք է մի կողմ դրվի, կա՛մ հարմարեցվի քաղաքական իրողություններին։ Հեղափոխության առաջնորդը նախընտրեց առաջին տարբերակը, որի ուրվագծով էլ պետք է ընթանա հասարակական-քաղաքական կյանքի հետագա զարգացումը մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նորմալ իրավիճակում Սահմանադրությունն է թելադրում ներպետական կյանքի զարգացումը, մինչդեռ հեղափոխական շրջափուլում այդ նույն Սահմանադրությունը կա՛մ պետք է օգտագործվի որպես գործիք՝ ապահովելու քաղաքական վերափոխումների ընթացքը, կա՛մ արհամարհվի։ Եվ եթե այդ Սահմանադրությունը մայիսի 8-ին օգտագործվեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրելու համար, այն պետք է նույն ձեւով օգտագործվի նաեւ արդարադատական համակարգում հեղափոխության սերմերը ցանելու համար։ Այդ համատեքստում պետք է ընկալվի ինչպես Սահմանադրական դատարանի նոր դատավորի (ապա` նախագահի) ընտրությունը, այնպես էլ գլխավոր դատախազի փոփոխությունը։
Իսկ գլխավոր դատախազի փոփոխությունը սոսկ քմահաճույքի խնդիր չէ, այլ թելադրված է հեղափոխության տրամաբանությամբ ու արդարադատության հաստատման անհրաժեշտությամբ։ Դրա փաստարկը, ի դեպ, տվեց ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ գլխավոր դատախազը, երբ բացատրում էր, որ ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել էր ապօրինի գործողությունների համար։ Դատախազն անգամ միջնորդություն էր ներկայացրել խորհրդարան պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Սակայն հաջորդ օրը ՀՀ առաջին փոխվարչապետի միջնորդությամբ ետ էր կանչել միջնորդությունն ու քրեական գործին ընթացք չէր տվել։ Մի՞թե այսպիսի մեկնաբանություն տվող դատախազը կարող է արդար ու անաչառ համարվել։ Ի վերջո, եթե Փաշինյանը հանցանք էր գործել, որի համար պետք է զրկվեր պատգամավորական անձեռնմխելիությունից, ապա արդյոք ճի՞շտ է աչք փակել նման հանցանքի վրա։ Արդար դատախազը պետք է պատասխաներ՝ արդյոք Ն. Փաշինյանի գործողություններում հանցակազմ կա՞ր, թե՞ ոչ։ Եթե կար, անկախ քաղաքական նպատակահարմարությունից, հանցանք գործած անձը պետք է պատասխանատվության ենթարկվեր։ Եվ այստեղ բացարձակապես կարեւոր չէ` այդ անձը դարձել է ՀՀ վարչապետ, թե պատգամավոր է կամ հասարակ քաղաքացի։ Դատախազի քրեական մեղադրանքների հարուցման ու առաջադրման հիմքում պետք է լինի բացառապես իրավական տարրը, որովհետեւ առանց քրեական օրենսգրքի փոփոխության չի կարող նույն արարքը մեկ վարչապետի ղեկավարության շրջանում ձեւակերպվել մի ձեւով, իսկ մյուս դեպքում` լիովին այլ կերպ։ Այնինչ նաեւ ապացուցվեց, որ այդ քրեական գործը շինծու էր` քաղաքական ենթատեքստով:
Ահա այստեղ է, որ դրսեւորվում է գլխավոր դատախազի անձնական պատասխանատավության հարցն ու անհամարժեքությունը նոր իրավիճակին։ Ինչպե՞ս կարող է Արթուր Դավթյանը համոզել, որ ապրիլի 22-ի ընկալումով ընդդիմության ցույցերը ապօրինի ու քրեածին էին, իսկ մայիսի 22-ին` ոչ։ Իրավական ինչպիսի հիմնավորումներ էլ որ բերվեն, իրադրության փոփոխության մասին որպիսի արդարացումներ էլ հնչեցվեն, դրանք ավելի անխոցելի չեն դարձնում դատախազի անձնական պատասխանատվության հարցը։ Իսկ գլխավոր դատախազը անձնական ու պաշտոնեական պատասխանատվություն է կրում իր եւ իր ղեկավարած գերատեսչության գործողություների համար։ Ինչպե՞ս կարող է քաղաքացին վստահել այն գլխավոր դատախազին ու նրա ղեկավարած կառույցին, եթե քաղաքական իրավիճակի փոփոխությամբ նույն արարքը մերթ մեկնաբանվում է ապօրինի, մերթ` ոչ։ Եթե դատախազի կարծիքը ցայսօր չի փոխվել, եւ նա ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի գործողությունները շարունակում է համարել ապօրինի, ապա տարակուսելի է նրա հապաղումն ու գործին ընթացք չտալը։ Ստացվում է, որ մի դեպքում գլխավոր դատախազը վերանայում է իր կարծիքը հանցակազմի առկայության շուրջ` քաղաքական իրադրության փոփոխությամբ պայմանավորված, մյուս դեպքում կաշկանդված է ու հանցանք գործած անձանց պատժելու հարցում` անհետեւողական։ Երկու պարագաներում էլ գործող գլխավոր դատախազի պաշտոնավարումը անտրամաբանական է։ Նա չի կարող պատշաճորեն իրականացնել սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, քանի որ չի վայելում ինչպես գործադիր իշխանության, այնպես էլ հասարակության վստահությունը։ Իսկ նման պայմաններում ո՛չ դատախազը, ո՛չ էլ նրա ղեկավարած մարմինը չեն կարող արդյունավետորեն աշխատել` ժամանակ ձգելու միջոցով ընդամենը սպասելով հարկադրյալ հրաժարականին։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱն

 

ԱՅԳՈՒՄ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ
Երեւանի բուսաբանական այգում միջոցառումների սրահ հիմնելու պատմության շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում: Բուսաբանական այգին Գեւորգ Աղաբալյան Ա/Ձ-ին 600քմ մակերեսով տարածք է վարձակալության տվել, իսկ վերջինս մտադիր է այդ տարածքում հիմնել միջոցառումների անցկացման սրահ: Նշենք, որ տարածքը տրամադրվել է 3 ամիս ժամկետով, ամսական 500 հազար դրամ վարձավճարով: Այգում կտեղադրվեն կիսաբաց վրանային տաղավարներ հարսանյաց, ծննդյան միջոցառումներ եւ ճաշկերույթներ անցկացնելու համար: Նշված միջոցառումները կազմակերպելու է «White Hall» բացօթյա միջոցառումների սրահը: Կառուցվելիք տաղավարը հնարավորություն կունենա հյուրընկալելու մինչեւ 500 անձի:
Այդ ծրագրին դեմ են այգու տարածքում ապրող բնակիչները: Նրանք մտադիր են անգամ բողոքի ակցիա անցկացնել, քանի որ վստահ են, որ հարսանյաց միջոցառումների երաժշտության ձայները, աղմուկը կխանգարեն իրենց հանգիստը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ծարավ Աղբյուր փողոցի նորակառույց շենքերի բնակիչները պնդում էին, որ այգին ժամանցի, լիցքաթափվելու լավագույն վայրն է, որտեղ կարելի է կտրվել քաղաքի աղմուկից ու ժխորից, ընդ որում՝ իր տեսակով այն Երեւանում միակն է: Եւ հիմա նման տաղավարի տեղադրումը պարզապես կխանգարի: Առանց այն էլ բուսաբանական այգու հարեւանությամբ՝ Մյասնիկյան պողոտայի վրա, ռեստորան է գործում:
Բուսաբանական այգու տնօրեն Ժիրայր Վարդանյանը, սակայն,պնդում է, որ տարածքը վարձակալությամբ տրամադրելու հարցը քննարկվել է գիտական խորհրդում, ինչի արդյունքում որոշվել է բաց, ամայի այդ տարածքը կարճաժամկետ եւ փորձնական ծրագրով տրամադրել վարձակալության: Ի դեպ, այգու հենց այդ հատվածում` հողի վրա, մետաղական կոնստրուկցիաներ են ամրացվել: Ասել է թե, բուսաբանական այգու տնօրինությունը գումար աշխատելու տարբերակներ է փնտրում, միայն թե` այգու եւ բնակիչների հաշվին: ՈՒ պարզվում է՝ այս ամենն արվել է ապօրինի:
Բանն այն է, որ բարձրացված աղմուկին երեկ արձագանքել է նաեւ պետական վերահսկողական ծառայության նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանը: Իր հանձնարարականով ծառայության ներկայացուցիչը արագ արձագանքման կարգով ժամանել է այգու տարածք, տեղում ծանոթացել խնդրին եւ հանդիպել այգու տնօրինությանը եւ բիզնես նպատակով մոնտաժային աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենին: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 2001 թվականի որոշման համաձայն` էսքիզային նախագծի համար սահմանված կարգով դիմում չի ներկայացվել Երեւանի քաղաքապետարան, ինչը նշանակում է` մոնտաժման գործընթացը սկսել են առանց իրավական գործընթացների պատշաճ իրականացման: Այժմ մոնտաժման աշխատանքները դադարեցված են, եւ ՊՎԾ-ն հետեւելու է, որպեսզի համապատասխան իրավական գործընթացներն անցնելուց հետո միայն իրականացվեն աշխատանքները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱն

 

 

 

 

750 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ «ՀԵՔԻԱԹ-ԻՆ ՀՅՈՒՐ»-ԻՆ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մայիսի 24-ին հայտարարել է, որ ինքը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աբովյանն ազատվել է աշխատանքից: Հատկանշական է, որ մարզպետի հրաժարականի մասին Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղեկություն զետեղված չէ: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մայիսի 22-ին Տավուշի մարզպետարանը «Հեքիաթ-ին հյուր»-ին միջոցառման կազմակերպման նպատակով 750 հազար դրամ է տրամադրել՝ Աբովյանի թիվ 63-Ա որոշման համաձայն: Միայն թե, Մարզպետի որոշման մեջ նշված չէ, թե այդ միջոցառումը երբ, որտեղ է կայանալու, միջոցառման ծրագրով ինչ է նախատեսված, ինչի համար է ծախսվելու պետբյուջեից հատկացված 750 հազար դրամը: Հեռացող մարզպետի որոշմամբ` հեքիաթային ծախս է արվում հեքիաթին նվիրված միջոցառման համար:

 

ՎԱՐԿ ՀԵՆԱԿԵՏԵՐԸ ՆՈՐՈԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մայիսի 26-ին նախատեսվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի այցը Տավուշի մարզ, այդ թվում` մարզի Նոյեմբերյանի տարածաշրջան: Աղետների առումով առավել խոցելի Տավուշի մարզի 12 համայնքում 2017թ. ստեղծվել են քաղաքացիական պաշտպանության հենակետեր, այդ թվում` Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղեր Ոսկեվանում, Դովեղում, Կոթիում, Բերդավանում եւ այլուր: Այդ հենակետերը ստեղծված են սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանության՝ հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացման, ականապատ տարածքների հայտնաբերման, արգելանշանների տեղադրման, տարածքի հսկողության կազմակերպման, բնակչության տարհանման միջոցառումներին աջակցման, վթարների եւ խոցման օջախներում տուժածներին առաջին բժշկական օգնության ցուցաբերման համար: Ոսկեվան, Կոթի, Դովեղ գյուղերի հենակետերը ստեղծելիս այդ հենակետերի տարածքը նորոգելու, կահավորելու համար հենակետերի աշխատակիցները իրենց անուններով բանկերից վարկեր են վերցրել եւ այդ գումարները ներդրել իրենց աշխատավայրի կառուցապատման համար: Քաղպաշտպանության հենակետերի աշխատողների աշխատավարձը բարձր չէ, նրանք դժվարություններ են կրում այդ վարկերը մարելու համար: Ինչո՞ւ անցյալ տարի պետական բյուջեից անհրաժեշտ գումարներ չեն հատկացվել քաղաքացիական պաշտպանության հենակետերի գործարկման համար` պարզ չէ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՏԱՎՈՒՇ




Լրահոս