105 կգ հերոինի գործը նոր ընթացք է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 2017թ.-ի նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի` շուրջ 105 կիլոգրամ հերոին տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան:

Հաղորդագրության համաձայն` ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող «DAF» մակնիշի սառնարանային բեռնատարը, որն այնուհետեւ մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում ուղեկցվել է Երեւան` մաքսային պահեստ, որտեղ իրականացվել է տրանսպորտային միջոցի մանրակրկիտ զննում:

Բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 105 կգ հերոին: Արդյունքում, ԱԱԾ-ն Ֆերդի Օզդեմիրին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վրացական Օմեր Տրանսպորտ կազմակերպությունում զբաղվելով միջազգային բեռնափոխադրումներով, նշված կազմակերպության անվամբ հաշվառված եւ իր կողմից շահագործվող բեռնատարով եւ դրան ամրակցված կցորդով 2017 թվականի հունիսին Թուրքիայից առանց ՀՀ տարածք մուտք գործելու ԻԻՀ է տեղափոխել կակաոյի փոշի, այնուհետեւ ԻԻՀ-ում գտնվելու ընթացքում նույն բեռնատարին ամրակցված կցորդի դիմային աջակողմյան հատվածի հատուկ հարմարեցված թաքստոցում պահել է թվով 204 բրիկետների մեջ փաթեթավորված, առանձնապես խոշոր չափերով` 101830,16 գրամ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրամիջոց տարանցիկ Վրաստան փոխադրելու դիտավորությամբ:

Եվ ահա 2017 թվականի հուլիսի 9-ին Մեղրի մաքսակետով մաքսանենգությամբ` թաքցնելով մաքսային հսկողությունից, նշված թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ պետական սահմանով, ինչից հետո այն հայտնաբերվել է: Այս արարքի համար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ֆերդի Օզդեմիրիին ազատազրկման դատապարտեց 14 տարի: Սակայն դատարանը ես մեկ այլ որոշում էր կայացրել ԴԱՖմակնիշի NN296VV պետհամարանիշի բեռնատարը եւ դրան ամրակցված VV125W պետհամարանիշի կցորդը բռնագրավել հօգուտ պետության եւ հանձնել ՀՀ ֆինանսների նախարարությանը:

Տպավորություն է, թե այս պատմությունը հանգուցալուծվեց, սակայն իրականությունն այլ է. Օզդեմիրի պաշտպան Լենա Կարապետյանը հայց է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան` պահանջելով, որ դատարանը «Օմեր Տրանսպորտ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող «ԴԱՖ» մակնիշի բեռնատարի եւ դրան ամրակցված կցորդի վրա դրված կալանքը վերացնի, ավտոմեքենան, կցորդը, բանալիները եւ տեխնիկական անձնագրերը հանձնի վրացական «Օմեր Տրանսպորտ» ՍՊ ընկերությանը:

Ասել է թե` մինչ այն կպետականացվի, վրացական կողմը պահանջում է իրեն պատկանող գույքը: Ավելին` վերջինիս պաշտպանը նրա պատիժը մեղմացնելու համար եւս դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան: Ի դեպ, մինչ վրացական կողմը իր գույքն է ուզում ԱԱԾ-ում, 105 կգ հերոինի մասով դեռեւս քննություն է ընթանում:

Քնար Մանուկյան




Լրահոս