Հայաստան-Վրաստան սահմանին հրդեհներ են բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հայտնում է՝ երեկ ժամը 15:35 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ճոճկան գյուղի հյուսիսարևելյան մասում՝ Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում այրվում է խոտածածկ տարածք․ հրդեհը տարածվում է Վրաստանից: Դեպքի վայր է մեկնել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահը տեղեկացրել է, որ Վրաստանի տարածքում այրվում է մոտ 10 հա խոտածածկ տարածք, դեպքի վայրում աշխատում է երկու մարտական հաշվարկ:

Հայաստանի տարածքում հրդեհը մեկուսացվել է ժամը 20:55-ին, ժամը 21:08-ի դրությամբ Վրաստանի տարածքում հրդեհը դեռ չէր մեկուսացվել:

Ժամը 21:25 Հայաստանի տարածքում աշխատանքները դադարեցվել են մթության և տեղանքի դժվարամատչելիության պատճառով: Հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից սահմանվել է հերթապահություն:

Այսօր ժամը 5-ին հրշեջ-փրկարարները վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները, Հայաստանի տարածքում հրդեհը մարվել է ժամը 6:20-ին:

Ժամը 7:35 Վրաստանի ՆԳՆ օպերատիվ հերթապահը հաղորդել է, որ Վրաստանի տարածքում հրդեհը մեկուսացվել է, այրվել է 20-25 հա խոտածածկ տարածք: Հրդեհի մարման աշխատանքները Վրաստանի տարածքում շարունակվում են:

Հրդեհաշիջման աշխատանքներին Հայաստանի տարածքում մասնակցել են «Հայանտառ»-ի Ջիլիզայի մասնաճյուղի 10 աշխատակից և Ճոճկան գյուղի 7 բնակիչ: Այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ:

Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը, իր հերթին, հաղորդում է, որ երեկ երեկոյան հրդեհներ են բռնկվել հայ-վրացական սահմանին գտնող սարի վրա: Վրաստանի ԱԻԾ-ը անօդաչու թռչող սարքով նկարահանել է հրդեհվող տարածքները:

Ըստ հաղորդագրության, վրացական կողմում այրվել է 20 հեկտար, իսկ հայկական կողմում` 50 հեկտար տարածք: Հրդեհների հիմնական օջախը գտնվում է Սադախլո գյուղի մոտ: Վրաստանի 120 հրշեջներ պայքարում են հրդեհի դեմ:




Լրահոս