ՀՀ-Ն ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ՀԱՊԿ-ԻՑ ԵՏ Է ԿԱՆՉՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար հանդիսացող Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակն իրոք առանձնահատուկ է: Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում է Հայաստանում 2008 թվականի Մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելուն մասնակցելու համար: Սկզբում նրա նկատմամբ որպես խափանման միջոց նախատեսված էր ընտրել կալանքը, բայց Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել:

Իհարկե, այն ժամանակ Յուրի Խաչատուրովը եղել է հայկական բանակի բարձրաստիճան գեներալ, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դարձել է 2017 թվականին: Ու նաեւ որպեսզի ՀԱՊԿ-ի հեղինակությանը վնաս չլինի, Խաչատուրովը միանգամից չկալանավորվեց, եւ նրան մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո ՀՀ-ն նախաձեռնեց նրան հետ կանչելու գործընթաց:
«Հաշվի առնելով, որ խոսքը գնում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին, եւ մեծ կարեւորություն տալով Կազմակերպության հեղինակության եւ անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը՝ Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց», – ասվել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի խոսքում։ Սակայն ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը նշել էր, թե «Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում ՀՀ ԱԳՆ-ի՝ Խաչատուրովին վերոհիշյալ պաշտոնից հեռացնելու վերաբերյալ հայտարարությունը»: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Տիգրան Բալայանից հասկանալ` ինչպես են վերաբերում ռուսական լրատվամիջոցի կողմից արձագանքերին, սակայն վերջինս նշեց, թե ինքը չի մեկնաբանում անանուն աղբյուրների տեղեկատվությունը` խորհուրդ տալով կրկին ընթերցել իր մեկնաբանությունը:
Թե ում կառաջադրի հայկական կողմը, պարզ չէ: Ամեն դեպքում Խաչատուրովի հետ կապված պատմությունն առանձնահատուկ է, որովհետեւ նա, ի վերջո, դիվանագիտական ծառայության մեջ է ու Հայաստանը ներկայացնում է ՀԱՊԿ-ում, որը մեր երկրի համար համարվում է ռազմավարական կարեւորություն ունեցող ռազմաքաղաքական բլոկ։ Շատերը մտավախություն են հայտնում, թե Խաչատուրովին քրեական հետապնդման ենթարկելով՝ Հայաստանի կառավարությունը խաղում է մեր երկրի միջազգային վարկի, ՀԱՊԿ-ի հեղինակության հետ։ Սակայն կա նաեւ այն տեսակետը, որ պաշտոնական Երեւանն անում է առավելագույնը, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները ձերբազատվեն կրիմինալ շերտից, մանավանդ, որ Խաչատուրովը չի օգտվում դիվանագիտական անձեռնմխելիությունից: Ըստ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 4-րդ կետի` դիվանագիտական գործակալը օգտվում է անձեռնմխելիությունից միայն ընդունող երկրի տարածքում եւ ըստ այդմ` նա անձեռնմխելի չէ ուղարկող երկրի համար:
Եվ մինչ Հայաստանը սկսել է նրան հետ կանչելու գործընթաց, հետադարձ հայացք գցենք հասկանալու համար, թե, ի վերջո, որքան բարդ ստացվեց ՀԱՊԿ քարտուղարությունը ստանձնելը: Մասնավորապես, ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը պետք է ընտրվեր դեռեւս 2016թ. հոկտեմբերին՝ Երեւանում կայացած գագաթնաժողովի ժամանակ, սակայն այն ժամանակ այդ հարցը հետաձգվել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի բացակայության պատճառով: Հարցի քննարկումը տեղի չէր ունեցել նաեւ դեկտեմբերի 26-ին՝ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ Խորհրդի նիստի ժամանակ, այս անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով: Եվ միայն 2017 թվականի ապրիլին ստացվեց ստանձնել այդ պաշտոնը: Ընդ որում` մինչ այդ էլ տարբեր անուններ էին շրջանառվում` Սեյրան Օհանյան, Վաղարշակ Հարությունյան, սակայն ընտրությունը կանգ առավ հենց Խաչատուրովի վրա:
Ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ էին հրապարակվում, թե ՀԱՊԿ խորհրդի նիստում գագաթնաժողովի մասնակիցները հրաժարվել են Հայաստանի ներկայացուցչին ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար դարձնելու մտադրությունից` այդ քայլը մեկնաբանելով, թե այսպիսի նշանակումը ներկա պահին կարող է ընկալվել որպես ալյանսի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները սրելու ցանկություն, ինչը անդամ երկրները չեն ցանկանում։ Եվ ահա, երկար քննարկումներից հետո որոշվեց Խաչատուրովին նշանակել այդ պաշտոնում: Եվ հիմա այս իրադարձություններն անմիջապես ազդեցություն են ունենում նաեւ միջազգային կառույցում մեր ներկայացուցչի վրա, սակայն հուսադրողն այն է, որ ամեն դեպքում մինչ 2020 թվականը Հայաստանն է նախագահելու այդ կառույցում, այսինքն ընդամենը ներկայացուցիչ է պետք փոխել, այլ ոչ թե քարտուղարի պաշտոնը փոխանցել այլ երկրի: Չնայած, այս առումով չի բացառվում ցանկացած շրջադարձ, առավել եւս, երբ հայկական կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի անուն չի շրջանառվում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԱՐՑԱՔՆՆԵ՞Լ ԵՆ
Մարտի 1-ի իրադարձություններին նախագահականում Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ գործել է հատուկ շտաբ, որում, ըստ Փաստահավաք խմբի, ընդգրկված են եղել նաեւ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, ՊՆ Միքայել Հարությունյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Յուրի Խաչատուրովը, նախագահի նախկին օգնական Արմեն Գեւորգյանը եւ այլք: Նրանցից միայն Ռ.Քոչարյանին, Մ.Հարությունյանին եւ Յուրի Խաչատուրովին է մեղադրանք առաջադրվել: Չի բացառվում, որ մեղադրյալների շարքն ավելանա: Մինչ այդ, սակայն, նրանք դեռ պետք է որպես վկա հարցաքննվեն այդ գործի շրջանակներում: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվեց, թե արդյոք հարցաքննության հրավիրել են Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Հայկ Հարությունյանին եւ մյուսներին: Սակայն ՀՔԾ-ից հայտնեցին, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով` հարցաքննության կանչված անձանց մասով լրացուցիչ տեղեկություններ հրապարակել չեն կարող. հետագայում քննության շահերից ելնելով` լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի:

 

 

ՆԱԵՎ ԹԱՂԱՊԵՏԵ՞ՐԸ
Տարոն Մարգարյանի՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականից հետո քաղաքի վարչական որոշ շրջանների ՀՀԿ-ական ղեկավարները հայտնվել են անորոշ վիճակում։ Նրանց հետագա ղեկավարումը դեռեւս շարունակում է օդում կախված մնալ։ Նրանցից մի քանիսը անգամ հրաժարականի դիմումներն արդեն ներկայացրել են։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հրաժարականի դիմում արդեն գրել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, Նոր նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արթուր Ստեփանյանը։ Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ, որը նշեց. «Նման տեղեկություն չունեմ»։

 

 

ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Գեւորգ Գորգիսյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում այնպիսի անձանց հետ, ովքեր տարբեր ընտրությունների ժամանակ դերակատարում են ունեցել, ձայներ են բերել այս կամ այն կուսակցության օգտին: Ընդ որում` այդ անձանց մեջ նաեւ նախկին իշխանության ընտրակեղծարարներն են: Ի վերջո, նախկին իրողություններում դժվարությամբ կարող էին գտնել անձինք, ովքեր կարող էին առանց կեղծիքի այս կամ այն մարդկանց համար ձայներ բերել: Ասել է թե` Գորգիսյանը հավանաբար ԼՀԿ-ի անունից ներքին քարոզարշավ է սկսել:

 

 

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, որն ամենամյա «Ժառա» երաժշտական փառատոնին ներկա լինելու նպատակով այցելել է Բաքու, խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաեւ արտգործնախարարների միջեւ հնարավոր շփումներին` Զախարովան նշել է, որ Մոսկվան ողջունում է Երեւանի ու Բաքվի միջեւ շփումները: «Ռուսաստանը, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջնորդ հանդիսանալով, եւ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի բարեկամ երկիր լինելով` հետաքրքրված է հակամարտության կարգավորմամբ»,-ընդգծել է Զախարովան: Լրագրողը հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանն ունի Ղարաբաղում պատերազմը կանխելու բոլոր լծակները»: «Ի՞նչ են Մոսկվայում կարծում այս առնչությամբ» հարցին Զախարովան պատասխանել է. «Կարծում եմ՝ այս պարագայում ինչ-որ մեկին մեջբերելու կարիք չկա: Ռուսաստանը պատմականորեն իրեն դրսեւորել է որպես պատասխանատու միջնորդ, որը բազմիցս գործով է ապացուցել իր միջնորդական դերը: Այդպես է լինելու նաեւ ապագայում: Մեր դիրքորոշումը ղարաբաղյան հարցի շուրջ անփոփոխ է: Բոլոր ջանքերը կենտրոնացած են միջնորդական դերի վրա, որի վերջնական նպատակն է երկու կողմի համար էլ ընդունելի պայմանավորվածությունների ձեռքբերումը: Ե՛վ Բաքուն, ե՛ւ Երեւանը գիտեն, որ Մոսկվան այդ առումով վստահելի գործընկեր է»,- ասել է Զախարովան:

 

 

4-ՀՈԳԱՆՈՑ ԿԱԶՄՈՎ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Հայաստանը մասնակցելու է Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը 4-հոգանոց սպայական կազմով: Նա չի մանրամասնել, թե ինչ սպաներ են լինելու Վրաստանում, միայն նշել է, որ նրանք բժշկական անձնակազմից չեն: Օգոստոսի 1-15-ը նախատեսված «Արժանի գործընկեր- 2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժություններին Հայաստանի մասնակցության մասին տասն օր առաջ հաղորդել էր Վրաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն մինչ օրս Հայաստանի ռազմական գերատեսչությունը պաշտոնապես չէր հաստատում այդ տեղեկատվությունը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով ՀՀ է ժամանել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան դստեր` Լաուրա Մատարելայի հետ: Նախագահներ Սարգսյանն ու Մատարելան հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ: Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:




Լրահոս