Առևտրային պատերազմը քաղաքական կյանքում. որն է գլխավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսությունը քաղաքականության հիմքն է ու հաճախ շարժիչ ուժը: Այնպես որ, զարմանալի չէ, երբ հիմնականում մեծ տերությունների արտաքին քաղաքականությունը պայմանավորվում է նախ եւ առաջ տնտեսական առաջնահերթություններով։ Այդ համատեքստում առանձնակի կարեւորություն են ներկայացնում ամերիկա-չինական հարաբերությունները, որոնց բնական զարգացմանը խոշոր վնաս հասցրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջինս ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների վրա նոր մաքսատուրքեր է սահմանել, որի արդյունքում հարաբերությունները որոշակիորեն լարվել են, ինչը պոտենցիալ ունի վերաճելու քաղաքական անախորժության։

ԱՄՆ-ի ու Չինաստանի տնտեսական հարաբերությունները հաճախ անվանվում է «առեւտրային պատերազմ», որն ունի իր ավանդական ակտիվ ու պասիվ շրջափուլերը։ Ամերիկյան նախորդ կառավարությունները ձգտում էին պայմանավորվածությունների ճանապարհով կարգավորել Չինաստանի հետ առկա խնդիրները՝ ցանկանալով խուսափել թե՛ միջպետական լարվածությունից, թե՛ հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի վրա բացասական ազդեցությունից։ Սակայն այդպիսի քաղաքականությունն, անշուշտ, չէր կարող ընդունելի լինել նախագահ Դոնալդ Թրամփի համար, որն իր կարգախոսն է դարձրել յուրաքանչյուր քայլ անելիս ելնել բացառապես ԱՄՆ-ի ազգային շահերից։ Նրա կառավարությունը որոշում է կայացրել ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների ընդհանուր ծավալի մոտ կեսի վրա հավելյալ մաքսատուրքեր սահմանել։ Դրանով չբավարարվելով՝ Թրամփը նույնիսկ սպառնում է նոր մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներկրվող բոլոր ապրանքների համար։ Չինաստանն էլ իր հերթին արձագանքեց նույնպիսի գործողությամբ։

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ ամերկա-չինական առեւտրային պատերազմը որեւէ օգուտ չի տալու կողմերին։ ԱՄՀ-ի մասնագետների համոզմամբ՝ չինական 2018թ. տնտեսության աճը 6.6 տոկոսից կնվազի մինչեւ 6.2 տոկոսի, ինչը բավականին շոշափելի արդյունք է՝ հաշվի առնելով չինական տնտեսության ողջ ծավալները։ Սակայն նույն աղբյուրները պնդում են, որ Միացյալ Նահանգները նույնպես տուժելու է ակտիվացած պատերազմից, քանի որ ԱՄՆ-ի տնտեսական աճն էլ կնվազի 2.9 տոկոսից՝ հասնելով 2.5-ի։ ԱՄՀ-ի մասնագիտական կարծիքը պնդում է, որ երբ աշխարհի երկու հզորագույն տնտեսությունները միմյանց հետ անախորժություններ ունեն, դա անդրադառնում է ոչ միայն այդ երկու կողմերի, այլեւ բոլորի վրա։ Ըստ այդմ՝ առեւտրային քաղաքականության ազդեցությունը եւ հատկապես տնտեսական անորոշությունը արդեն իսկ նկատելի է մակրոտնտեսական հարթակում։

Եթե Թրամփը կատարի իր խոստումն ու ընդլայնի մաքսատուրքերի մասշտաբները, ապա առկա դժվարություններն ավելի են խորանալու։ Առեւտրային պատերազմը կարող է էականորեն ազդել ամերիկյան սպառողների գնողականության վրա։ 2017թ. ԱՄՆ-ն Չինաստանից տարեկան գնում է 505 միլիարդ դոլարի ապրանք՝ արտահանելով 103 միլիարդ, որոնց շարքում հիմնականում էլեկտրոնիկա եւ մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Եվ ահա ակնկալելի է, որ դրանց գինը կաճի՝ ազդելով մարդկանց կենսամակարդակի վրա։ Ստացվում է, որ Թրամփը, մաքսատուրքերով օգնելով հանդերձ ամերիկյան արտադրողներին, կարող է դիպչել շարքային ամերիկացիների գրպանին։

Առեւտրային պատերազմի բացասականությամբ հանդերձ՝ ԱՄՀ-ի գնահատականներին կարելի է վերապահումներով մոտենալ, քանի որ կազմակերպությունը ստեղծվել ու գործում է համաշխարհային ազատական տնտեսական հարաբերությունների սկզբունքով, իսկ ԱՄՆ-ի ու Չինաստանի կառավարությունների հետաքրքությունը դուրս է համաշխարհային ազատ առեւտրի սահմանափակումներից։ Ըստ էության, այսօր ամերիկյան էլիտան սխալ է համարում ազատ առեւտրային հարաբերությունների լիբերալ քաղաքականությունը՝ կոնկրետանալով բացառապես ամերիկյան շահերի վրա։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն որեւէ հարցում տուժողի դերում է հանդես գալիս, ապա այդ ուղղությամբ վարվող արտաքին քաղաքականությունը պետք է արմատապես վերանայվի։

Դա դեռեւս դրսեւորվել է ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի գործընկերների հետ հարաբերություններում՝ նույնիսկ վերաճելով լուրջ ճգնաժամի այդ ինստիտուտների ներսում։ Դա էլ իր հերթին ցուցիչ է, որ Թրամփն անլուրջ է վերաբերվում միջազգային կազմակերպություններին եւ ընդհանուր բարիքից զատ առաջնային է համարում ԱՄՆ-ի օգուտը կոնկրետ իրավիճակում։ Այստեղ որեւէ տարօրինակ բան չկա, եթե խոսքը հատկապես վերաբերում է գերտերություններին, որոնց միակ մտահոգությունը սեփական շահերի բավարարումն է՝ անկախ նրանից, թե մյուս պետությունները ինչ են շահում կամ կորցնում կոնկրետ իրավիճակում։

Այս տեսանկյունից, սակայն, ԱՄՆ-ի համար պետք է կարեւոր լինի, թե ինչ է շահում կամ կորցնում Չինաստանը, որը ԱՄՆ-ին կարող է պատճառել նույնպիսի գլխացավանք։ Երկու խոշոր պետությունների տնտեսական բախումը կարող է վերաճել քաղաքական հակադրության՝ դրանից բխող անվտանգային լրջագույն խնդիրներով։ Ի վերջո, Հս. Կորեայի ճգնաժամում Չինաստանի դերը անհնար է թերագնահատել, որը մեկ անգամ չէ, որ օգտագործել է այդ ճգնաժամը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում զիջումներ կորզելու համար։ Եվ եթե ԱՄՆ-Չինաստան տնտեսական հարաբերություններում լարվածությունը շարունակի վերընթաց ուղին, կասկած չկա, որ դա դրսեւորվելու է քաղաքական առճակատումներով։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս