Երեկ Երեւանի «Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտ Գրիգորյանի «Անպտղությունը դատավճիռ չէ» գրքի շնորհանդեսը:
Նշենք, որ անպտղության վերաբերյալ բոլոր հարցերը, որոնք ծագում են այդ խնդիրն ունեցող զույգերի մոտ, ներառված են այս գրքում: Մարգարիտ Գրիգորյանի խոսքերով, գիրքը նվիրվում է արտամարմնային բեղմնավորման մեթոդի ստեղծման 40-ամյակին: Ի դեպ այս մեթոդի շնորհիվ աշխարհում մինչ այսօր ծնվել է 8 միլիոն երեխա:
«Գիրք գրելու միտքը հղացավ հիվանդների խնդրանքով, որովհետեւ անպտղության բուժման հարցերի շուրջ բազմակարծություն կա: Եւ ես որոշեցի հակիրճ ու հասանելի ձեւով խմբավորել անպտղության հետ կապված հիմնական հարցերը, որոնք ծագում են ինչպես հիվանդների, այնպես էլ` բժիշկների, գինեկոլոգների մոտ: Այն գրված է ապացուցողական բժշկության հոդվածների հիման վրա եւ այդ գրքի միջոցով եւ բժիշկները եւ հիվանդները կստանան իրենց հուզող հարցերի մեծ մասի պատասխանները»,- հայտարարեց գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտ Գրիգորյանը: Ըստ մասնագետի`Հայաստանում անպտղության տարածվածությունը մոտ 15 տոկոս է կազմում: «Սա բավական լուրջ ցուցանիշ է եւ անպտղության բուժումը մեզ համար դեմոգրաֆիկ լուրջ հարց է»,- լրացրեց Մ. Գրիգորյանը:
Ի դեպ, «Հայ Գիրք» գրախանութում այսօր լինելու է գրքի բարեգործական վաճառք, որից ստացված գումարը կտրամադրվի մեկ անպտուղ զույգի բուժմանը: Իսկ զույգը կըտրվի վիճակահանությամբ:
Նշենք, որ գրքի հեղինակ Մարգարիտ Գրիգորյանը դեռևւս 2006 թվականից զբաղվում է անպտղության բուժմամբ: Նրա շնորհիվ բազմաթիվ ընտանիքներ վայելում են ծնող լինելու բերկրանքը: