Մարտի 1-ի գործով հարուստ դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը դատական համակարգում տասնամյա գործունեության ընթացքում հասցրել է մեծ համբավ ձեռք բերել, բացասական առումով, իհարկե:

Դեռ հեռավոր 90-ականներին` 1996թ.-ին, մասնավոր բուհ ավարտած Եսոյանը դատական համակարգ մուտք է գործել 2008թ. հունվարի 1-ից, երբ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նշանակվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատավոր: Եւ անմիջապես նա ձեռնամուխ է եղել իշխանություններին անմնացորդ ծառայելուն: Քանի որ 2008թ. մարտիմեկյան իրադարձություններն իշխանություններին հավատարմություն ցուցաբերելու, նաեւ դատավորի պաշտոնին հայտնվելու համար վարձահատույց լինելու առումով հիանալի հնարավորություններ էին ստեղծել, նորանշանակ Երեմ Եսոյանն առանձնահատուկ ջանասիրությամբ էր ժամանակին դակել քաղբանտարկյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունները եւ քաղբանտարկյալների նկատմամբ շինծու քրեական գործերով դատավճիռներ արձակել: Ամենավառ օրինակը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Դավիթ Մաթեւոսյանի դեմ հարուցված քրեական գործն էր: ՈՒ չնայած այս գործը ծայրից ծայր շինծու էր, ապացույցները` ակնհայտ կեղծված, Մաթեւոսյանի դեմ տրված ցուցմունքները` ակնհայտ սուտ, բայց դա չխանգարեց, որպեսզի Երեմ Եսոյանը այս գործով դատավճիռ արձակի` քաղբանտարկյալին դատապարտելով 3 տարվա ազատազրկման: Նրա դատավճռով ազատազրկման դատապարտվեց նաեւ մեկ այլ քաղբանտարկյալ` ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը` կրկին սուտ ցուցմունքների եւ կեղծ ապացույցների հիման վրա:

Ի դեպ, մարտի 1-ի քրեական գործերի գերակշիռ մեծամասնությունը բողոքարկվել է ՄԻԵԴ-ում, եւ առաջիկայում ՀՀ-ն նաեւ Երեմ Եսոյանի ժամանակին կայացրած ապօրինի ակտերի պատճառով ստիպված է լինելու պետական բյուջեից ահռելի գումարներ վճարել` որպես տույժ:
Փոխարենը Երեմ Եսոյանն այս տարիներին հասցրել է մի լավ հարստանալ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից պարզվում է, որ վերջին տարիները նրա համար եղել են «արգասաբեր» հարստություն դիզելու առումով: Եթե 2011թ. Եսոյանը հայտարարագրել էր 5 մլն դրամ եւ 30 հազար ԱՄՆ դոլար, ապա 2016թ. դատավորի ունեցվածքը դարձել է 9 մլն դրամ, 28 հազար դոլար, 150 հազար ռուսական ռուբլի: 2017թ. նրա ունեցվածքը հասել է 14 մլն դրամի, 28 հազար դոլար եւ 350 հազար ռուսական ռուբլի: Ի դեպ, այդ տարի դատավորը ստացել է 220 հազար ռուսական ռուբլու նվիրատվություն: Պակաս հարուստ չէ նաեւ դատավորի կինը` Լիլիթ Թազայանը, որ այս տարի հայտարարագրել է 5 մլն դրամ եւ 37 հազար ԱՄՆ դոլար:

Զուգադիպությո՞ւն է արդյոք փաստը, որ ժամանակին մարտի 1-ի գործերից մի քանիսով դատավոր եղած Եսոյանի ունեցվածքը նախկին իշխանությունների օրոք ավելացել է երկրաչափական պրոգրեսիայով, թե՞ ոչ: Ամեն դեպքում, իրավապահ համակարգը ճիշտ կաներ, եթե այս դատավորի ունեցվածքի կուտակման օրինականությունը ստուգեր: Նաեւ հետաքննություն կազմակերպեին մարտի 1-ի գործով ակնհայտ ապօրինի դատավճիռների վերաբերյալ:

Հ.Գ. Ի դեպ, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դեռ 2011թ. դիմել էր Արդարադատության խորհրդին Երեմ Եսոյանին ու եւս երկու դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեկ տարվա ընթացքում օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ կատարելու համար:

Ա.Գ.




Լրահոս