Դեկտեմբերի 3-ին Տավուշի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Թամրազյանը որոշել է լուծել «ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ջուլհակյանի հետ 2018թ. փետրվարի 9-ին կնքված աշխատաքային պայմանագիրը: Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը նույն օրվա մեկ այլ որոշմամբ Նարինե Բուդուրյանին նշանակել է նշված դպրոցի տնօրեն եւ նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր: Մինչեւ այդ նշանակումը, նոյեմբերի 29-ին, կայացել է այդ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ:
Տավուշի մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ մրցույթին մասնակցել են 2 հոգի` Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի ուսուցչուհի Նարինե Բուդուրյանը եւ «Հույսի կամուրջ» հկ աշխատակից Արթուր Միրզոյանը: Ն. Բուդուրյանը ստացել է 5, Ա. Միրզոյանը` 3 քվե: Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի ընտրության հարցն ավելի քան մեկ տարի գյուղում մեծ լարվածություն էր առաջացրել, կրքեր բորբոքել: Այդ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար 2017թ. դեկտեմբերի 8-ին կայացած մրցույթի մասնակիցները երկուսն էին` 2017թ. հոկտեմբերի 3-ից այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ բանասեր Նարինե Բուդուրյանը եւ նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Եսայանը: Ա. Եսայանը 2017թ.մի քանի ամիս եղել էր այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2017թ. դեկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքում 2 թեկնածուները ստացել են հավասար` 4-ական ձայն:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հարցը ներկայացրել էր կառավարություն, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի առաջարկով մարզպետը 10-օրյա ժամկետում պետք է տնօրեն նշանակեր: Վաչե Գաբրիելյանը 2018թ. հունվարի 8-ին մարզպետ Հ. Աբովյանին ուղարկված գրությամբ առաջարկել է Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրեն նշանակել այդ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Եսայանին, սակայն մարզպետը վերջինիս դպրոցի տնօրեն չի նշանակել: Մարզպետը փետրվարի 8-ին որոշել է մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Անահիտ Ջուլհակյանին 2018թ. փետրվարի 9-ից այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել: Բերդ քաղաքի բնակիչ Անահիտ Ջուլհակյանի աշխատանքից Վ. Կարմիրաղբյուրի դպրոցում դժգոհություն կար:
Ոսկան Սարգսյան
Տավուշ