Այսօր Կարեն Ջանգիրովի հիշատակի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Կարեն Ջանգիրովը ծնվել է Բաքվում: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1982թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան:

Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Լ.Շանթի «Հին աստվածներ» (Ծեր վանական), Ռ.Կուենի «Գիշերային խրախճանք» (Մատուցող), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Քաղաքացի), Է.Իոնեսկու «Թագավորը մահանում է» (Բերանժե), Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Բազիլ), Մ.Գորկու «Հատակում» (Սատին), Ա.Չեխովի «Քեռի Վանյա» (Վիլհելմ Թել), «Բալի այգի» (Ֆիրս), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Վիրտուոզ), Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» (Ալֆրեդ Իլ), Ե.Շվարցի «Թագավորը մերկ է» (Վիրտուոզ), Ռ.Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը» (Պետրոս Մշեցի), Մուրացանի «Ռուզան» (Իշխան Զաքարե), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Ափրո), Ն.Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենի» (Ասատուր), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Լիմաս ֆոն Սանդերս), «Արշակ թագավոր» (Դրաստամատ), Է.Օլբիի «Սեր, փող, սատանա» (Ջեկ) և այլն: Աշխատել է նաև Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական և Փոսի թատրոններում:

1972թ-ից նկարահանվել է ֆիլմերում` «Վերադարձ» (1972թ.), «Քաոս» (1973թ.), «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Հեղկոմի քարտուղարը» (1977թ.), «Արևիկ» (1978թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Հրդեհ» (1983թ.), «Խնձորի այգի» (1985թ.), «Անապատ» (1991թ.), «Որտեղ էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ոտքի, դատարանն է գալիս» (2000թ.), «Ճանապարհորդություն» (2002թ.), «Վանա ծովուն արշալույսը» (2011թ.), «Եթե բոլորը» (2012թ.), «Թարգմանիչը» (2013թ.) և այլն:

Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների: 1975թ. «Մարդն Օլիմպոսից» ֆիլմում Հրանտի դերակատարման համար Կույբիշևի համամիութենական կինոփառատոնում և 1989թ. «Ավտոբուս» ֆիլմում Վիրտուոզի դերակատարման համար Սոֆիայի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակի:

1993թ. արժանացել է Կ.Ստանիսլավսկու և Ե.Վախթանգովի ֆոնդի գլխավոր մրցանակին, 2004թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2008թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում` 2014 թվականի դեկտեմբերի 26-ին:




Լրահոս