Ազգային ժողովի նախագծեր բաժնում առկա է նաեւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը։ Այն խորհրդարանի նախագծեր բաժնում մուտք էր արվել դեռևս տարեվերջին, սակայն հասկանալի պատճառներով չի քննարկվել եւ այս հարցի քննարկումը նախատեսված է հետագայում, երբ արդեն նորընտիր գումարման խորհրդարանը հունի մեջ կընկնի։
Հարցի հիմնական զեկուցողը լինելու է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, իսկ փաստաթուղթը բաղկացած է 26 էջից։ Նախագծում մանրամասը ներկայացված է, թե որ ուժի կողմից վերահաշվարկի քանի դիմում է եղել, որոնք են մերժվել եւ որոնք կատարվել։ Ընդհանուր առմամբ վերահաշվարկվել են 57 տեղամասերի արդյունքներ, որից 35-ում արդյունքները փոփոխություններ չեն կրել, իսկ 22+ում կրել են, սակայն ԿԸՀ փաստաթղթում արձանագրված է,որ դրանք եղել են ոչ էական և չնչին փոփոխություններ։
Միայն մեկ դեպքում է արձանագրվել իրավախախտում։ Մասնավորապես, Արմավիրի ընտրատեղամասերից մեկում հաշվարկի ժամանակ բացահայտվել է, որ ԼՀԿ թեկնածու Ն․ Խաչատրյանի 44 քվեաթերթիկները տեղադրված են եղել 1 ձայն ստացած Ա․ Ավչիևայի քվեաթերթիկի վրա և վերջինիս օգտին արձանագրվել էր 45 կողմ ձայն։