ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղափոխությունից հետո քանի անձ է գաղտնալսվել, և քանիսի սեփականությունն է խուզարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավապահ համակարգը մի շարք աղմկահարույց բացահայտումներ իրականացրեց, որի շրջանակներում նախաքննական հետաքննական մարմինները տարբեր միջնորդություններ ներկայացրին դատարան խուզարկություններ իրականացնելու, տարբեր անձանց ձերբակալելու, կալանավորելու մասով: Իրավիճակը ցույց էր տալիս մեկ բան. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչը քաշելու ժամանակ չուներ:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ դատական դեպարտամենտ հարցերով.

1. 2018 թվականի ապրիլի 23-ից մինչեւ փետրվարի 18-ը ընկած ժամանակահատվածում մինչդատավարական վարույթում դատարանները նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից գաղտնալսում իրականացնելու թույլտվություն ստանալու քանի՞ միջնորդություն են ստացել:

2. Այդ միջնորդություններից քանի՞սն են բավարարվել եւ քանի՞սը` մերժվել:

3. 2018 թվականի ապրիլի 23-ից մինչեւ փետրվարի 18-ը ընկած ժամանակահատվածում մինչդատավարական վարույթում դատարանները նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից խուզարկություններ իրականացնելու թույլտվություն ստանալու համար քանի՞ միջնորդություն են ստացել:

4. Այդ միջնորդություններից քանի՞սն են բավարարվել եւ քանի՞սը` մերժվել:

5. 2018 թվականի ապրիլի 23-ից մինչեւ փետրվարի 18-ը ընկած ժամանակահատվածում մինչդատավարական վարույթում դատարանները նախաքննական մարմինների կողմից քանի՞ միջնորդություն են ստացել անձի կալանքի մասով, քանի՞սն են բավարարվել եւ քանի՞սը` մերժվել:

Ի պատասխան մեր հարցադրումներին` դատական պրակտիկայի վերլուծության եւ մշտադիտարկման վարչության պետի պաշտոնակատար Ռուստամ Մախմուդյանը հայտնել է.

«Դատական դեպարտամենտի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հետ կապված միջնորդությունների վերաբերյալ դատական գործերով ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների գործունեության վերաբերյալ դատական վիճակագրությունը վարվում է` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով եւ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1542-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ 2018 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում

1. հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման եւ ձայնագրառման վերաբերյալ ստացվել է 188 միջնորդություն,

2. նշված միջնորդություններից 174-ը բավարարվել է, մասնակի բավարարվել են 3-ը, իսկ 11-ը`մերժվել,

3. խուզարկություն կատարելու մասին ստացվել է 5201 միջնորդություն,

4. նշված միջնորդություններից բավարարվել է 4832-ը, բավարարվել մասնակի` 70-ը, մերժվել` 286-ը, թողնվել է առանց քննության` 13-ը,

5. կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ստացվել է 2044 միջնորդություն,

6. նշված միջնորդություններից բավարարվել է 1935-ը, բավարարվել է մասնակի 9-ը, մերժվել` 90-ը, թողնվել է առանց քննության` 7-ը, իսկ 3-ը 2018 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ եղել են անավարտ:

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ 2018 թվականի հեռախոսների մուտքային եւ ելքային վերծանման թույլտվություն ստանալու միջնորդությունները եղել են 5195-ը, որից 57 մերժվել են, 5034 բավարարվել են:

Նամակագրության հեռագրական փոստային հաղորդումների հսկողության մասին միջնորդությունները եղել են 724-ը, որից 8 մերժվել են, իսկ 716-ը` բավարարվել:

Գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունները եղել են 893-ը, որից 713-ը մերժվել են, իսկ 173-ը` բավարարվել:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս