ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտվել է վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարչի ապօրինությունները. խարդախությամբ հափշտակվել է մոտ 1 միլիոն դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Փարվանա-Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության Սևանի մասնաճյուղի կառավարիչ Վահրամ Ղազարյանը 2015-2018 թվականներին չարաշահելով շուրջ 40-50 անձանց վստահությունը՝ խաբեությամբ, ձևական կնքելով փոխառության պայմանագրեր, վարկային կազմակերպությունում ավանդ ձևակերպելու պատրվակով ստացել և խարդախությամբ հափշտակել է մոտ 1.000.000 դոլար՝ խոստանալով ամսական ապահովել տարբեր չափերի եկամտաբերություն:

Բացի այդ, պարզվել է նաև, որ 2018-2019 թվականներին նա մի շարք քաղաքացիների անուններով կնքելով գրավի կեղծ պայմանագրեր և վարկային կազմակերպության ծրագիր մուտքագրելով իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ իրեն վստահված «Փարվանա-Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության Սևանի մասնաճյուղի դրամարկղից յուրացրել է ավելի քան 8.000.000 դրամ:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ խարդախությամբ և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, ինչպես և կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու հատկանիշներով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության համար:

Կասկածներ կան, որ Վահրամ Ղազարյանի գործունեությունից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ ևս, որոնք կարող են դիմել ոստիկանության Սևանի կամ մոտակա բաժին:




Լրահոս