Ի՞նչ կապ ունի Գյումրիում տեղի ունեցած դանակահարության հետ Վարդան Ղուկասյանի փեսան, և ո՞վ է դանակահարվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու 47 ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Ինչպես հայտնի է`նախօրեին Գյումրի քաղաքի՝ 1972 թվականին ծնված բնակիչը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ:

Նկատենք, որ նախաքննական մարմինը չէր հայտնել, թե ով է դանակահարվել, եւ ով է դանակահարողը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` դանակահարողը եղել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան` Հովհաննեսը, որին իրավապահները փնտրում են:

Նախ տեղեկությունը փորձեցինք պարզել ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանից, սակայն վերջինս լսելով դանակահարության մասին հարցը` սկսեց մեղադրանքներ հնչեցնել. «Իյա, դուք լրատվությո՞ւն եք, թե՞ Ազգային անվտանգություն, թե՞ ներքին գործերի նախարարություն. ի՞նչ կառույց եք»:

Մեր այն դիտարկմանը, որ բացառապես լրագրությամբ ենք զբաղվում եւ փորձում ենք տեղեկությունը պարզել իրենից` արդյոք իր փեսան կապ ունի՞ տեղի ունեցած դանակահարության հետ, Վարդան Ղուկասյանն ասաց, թե իրենից չպետք է հարցնեն. «Ուրիշ տեղերից հարցրեք. ես այդ կառույցներից հեռու եմ», -ասաց նա և անջատեց հեռախոսը:

Այդուհանդերձ, ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ դանակահարված անձը Գեւորգ Պետրոսյանն է: Իրավապահ մարմիներն այս պահին քննություն են իրականացնում` պարզելու համար, թե արդյոք Վարդան Ղուկասյանի փեսան կապ ունի այս դանակահարության հետ:

պասենք քննության արդյունքներին:

Հավելենք, որ դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են խուզարկություններ: Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է:

Քնար Մանուկյան




Լրահոս