Ավշարի գյուղապետն ու իր աղջիկը սեփականաշնորհել և վարձով են տվել Ավշարի դպրոցի շենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել։Բանն այն է, որ ողջամիտ կասկածներ կան, որ պետական սեփականություն հանդիսացող դպրոցի շենքը Ավշար համայնքի ղեկավար Ս. Գրիգորյանի կողմից վերածվել է համայնքային սեփականության, որից հետո այն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վաճառվել է Ավշար համայնքի գյուղապետ Ս. Գրիգորյանի աղջկան, ով այդ նույն շենքը հանձնել է վարձակալության նույն համայնքին։

Սույն գործը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ էլեկտրոնային հայտարարությունների հարթակում հանդիպեցինք շենքը վաճառելու վերաբերյալ հայտարարությանը (Հայտարարության լուսանկարը տես ստորև)։ Հայտարությունը կայքում տեղադրվել է ոմն Ռ․Գաբրիելյանի կողմից։

Մեր գնահատմամբ և, ըստ Հիմնական միջոցների հաշվեկշռման մատյանի,1995թ. մարզային «Ժողկրթբաժնի» առկայության պարագայում«հին դպրոցի շենքը» հանդիսացել է պետության սեփականությունը և հաշվառված է եղել դպրոցի հաշվեկշռում։

Այնուհետև ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքիղեկավարը 30.09.2002թ. դիմել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավարին՝ հայտնելով, որ ՀՀ կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշմամբ՝ Ավշար համայնքի սեփականությանն է հանձնվել համայնքի վարչական տարածքում գտնվող հին դպրոցի շենքը, որը գտնվում է Ավշարի գյուղապետարանի հաշվեկշռում:Խնդրել է հիմք ընդունել համապատասխան փաստաթղթերը և վերը նշված շինության նկատմամբ կատարել պետական գրանցում:

Նշված որոշման թիվ 2-րդ հավելվածում Ավշար համայնքին հատկացվող գույքի ցանկում «հին դպրոցի շենքը» որպես գույքային միավոր նշված չէ, ինչը նշանակում է, որ այն չէր կարող ենթարկվել սեփականության իրավունքի պետական գրանցման Ավշար համայնքի անունով: Ցանկում սև գույնով հատուկ ընդգծված պատգամավորների գյուղական խորհրդի գործկոմին պատկանող մեքենա սարքավորումների և այլ գույքի ցանկը Ավշարի գյուղապետի կողմից իր դիմումին կից չի ներկայացվել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Վեդու տարածքային ստորաբաժանմանը, ուստի այդ գույքի ցանկում ընդգրկված լինելու հիմքով ևս «հին դպրոցի շենքը» չէր կարող ենթարկվել սեփականության իրավունքի պետական գրանցման Ավշար գյուղական համայնքի անունով:

Հատկանշական է, որ 2007 թվականին «հին դպրոցի շենքը» Ավշարի գյուղապետի կողմից աճուրդ-վաճառքի է հանվել։ 2007թ.-ին Ավշար համայնքի ղեկավարի և Պերճ Յուրիկի Միրզոյանի միջև, ով, մեր ունեցած տեղեկություններով, եղել է Ս. Գրիգորյանի օգնական-վարորդը, պայմանագիր է կնքվել և Կադաստրում կատարվել է սեփականության իրավունքի գրանցում։ Իսկ արդեն 2014 թվականին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր է կնքվել Պերճ Յուրիկի Միրզոյանի և Հասմիկ Սուրիկի Գրիգորյանի միջև, ով, մեր ունեցած տեղեկություններով, Ավշարի համայնքապետի դուստրն է։Այսպիսով՝«հին դպրոցի շենքի» և այն սպասարկող հողամասի սեփականատեր է դարձել Հասմիկ Սուրիկի Գրիգորյանը։

Դրանից հետո՝ 2014թ.-ին, Հասմիկ Սուրիկի Գրիգորյանը «հին դպրոցի շենքը» վարձակալության հիմունքներով տվել է Ավշար գյուղական համայնքի «Մշակութային և ընդհանուր սպասարկման բյուջետային հիմնարկ» ՀՈԱԿ-ի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանը: Ամսական վարձակալական վճարի չափը կազմել է 120.000 ՀՀ դրամ: Սակայն, մեր տեղեկություններով, շենքն այդպես էլ չի ծառայել իր նպատակներին։ Վերոնշյալ պայմանագիրը դադարեցվել է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին։

Մեր գնահատմամբ՝ հայտնաբերված հանգամանքներում և փաստերում կարող են առկա լինել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, Քրեական օրենսգրքով հետապնդելի արարքներ, ուստի հավաքագրված տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննություն իրականացնելու, մեղավորներին ի հայտ բերելու և պատժելու, ինչպես նաև դրա արդյունքում պատճառված վնասը վերականգնելու նպատակով:

Լուսանկարները` List.am-ի:




Լրահոս