ՄԱՐՏԻ 1-Ի ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ԿԼԻՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի մարտի 1-ի գործի բացահայտման քննությունը շարունակում է լայն թափով ծավալվել: Գործընթացը բավականին հետաքրքիր փուլ է թեւակոխել, քանի որ Հայաստանի երեք նախագահներին տարբեր կարգավիճակներով հրավիրել են հարցաքննության:

Ինչպես հայտնի է, նախորդ իշխանությունների օրոք, մասնավորապես` Սերժ Սարգսյանի իշխանությունների տարիներին, քննությունը տարվում էր այն ուղղությամբ, որ մեղադրվող կողմը եւ մեղադրյալի կարգավիճակում հայտնված անձինք ընդդիմությունն ու ընդդիմության ներկայացուցիչներն էին: Ասել է թե` 10 տարի քննությունը տարվում էր այդ ուղղությամբ, սակայն երբ 2018 թվականին թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, եւ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց ՀՀ կառավարության ղեկը, քննությունը մինչ այս պահը տարվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա շրջապատի` ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի եւ այլոց առաջադրված մեղադրանքի շրջանակներում:
Այս գործելաոճը, բնականաբար, առաջացրեց լուրջ դժգոհություն, եւ քննադատություններից հետո քննության հունը, կարծես թե, փոխվել է, եւ այս օրերին հարցաքննության են հրավիրվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ուշագրավն այն է, որ իրավական կարգավիճակի առումով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը հարցաքննվել են վկայի կարգավիճակով, մինչդեռ Տեր-Պետրոսյանը եղել է ընդամենը հանրահավաքների կազմակերպիչ, որոնք ինչ որ փուլից հետո վերաճեցին ինքնաբուխ գործողությունների, իսկ Սերժ Սարգսյանը կոնկրետ դերակատարություն է ունեցել այս ողջ գործողություններում: Ի վերջո, ակնհայտ է, որ արյունալի բախումները, զոհերը, որոնք ունեցանք, արվում էին, որպեսզի Սերժ Սարգսյանը գա իշխանության:
Սակայն այս պատկերին զուգահեռ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Վերջերս տեղեկություններ տարածվեցին, անգամ համացանցում հրապարակվեց փաստահավաք խմբի տեսանյութը, որտեղ Անդրանիկ Քոչարյանը հարցախեղդ է անում ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին: Մասնավորապես, երբ նա հարցնում է Միքայել Հարությունյանին, թե մարտի 1-ին բանակը Երեւանում եղել է արդյոք, Հարությունյանը պատասխանում է, որ դա Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն է, եւ դրա մասին իրեն չպետք է հարցնեն: Սակայն ուշագրավն այն է, որ այս դրվագը տարբեր շրջանակների կողմից ներկայացվում է այնպես, թե իբր Միքայել Հարությունյանը 0038 հրամանի (որով բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացների մեջ, մտել է քաղաք) պատասխանատվությունը գցում է Ռոբերտ Քոչարյանի վրա: Սակայն պատկերը միանգամայն այլ է, եւ Միքայել Հարությունյանի կողմնակիցները պնդում են, որ պետք է ուշադիր լսել հասկանալու համար, որ Անդրանիկ Քոչարյանը կոնկրետ Միքայել Հարությունյանին հարցնում է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Հիշեցնենք, որ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը նաեւ Ազգային ժողովն է վավերացրել, եւ մինչ օրս այդ իրավական ակտը ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չի ճանաչել: Այսինքն` որեւէ մեկը չի կարող ասել, որ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» փաստաթուղթը անօրինական է:
Այս ֆոնին ուշագրավ է հիշեցնել մարտի 1-ի գործով եւս մեկ կարեւոր դրվագ. մինչ իշխանափոխությունը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարում էր, որ մարտի 1-ի զոհերի բացահատումը րոպեների հարց է, եթե լինի քաղաքական կամք, սակայն մի քանի օր առաջ եթերում իրավաբանորեն խոստովանեց, որ զոհերի գործերի բացահայտման հարցը շատ բարդ է եւ գրեթե անհնարին: Ինչո՞ւ, քանի որ այս տարիների ընթացքում փաստերը այլ կերպ են ներկայացվել, շատ փաստեր անհետացել են: Եւ դատելով իրավիճակից` տարվող քննությունը զոհերի գործերի բացահայտմանը չի հանգեցնելու, ու կարելի է ասել, որ մարտի 1-ի գործի բացահատումը լինելու է քաղաքական ենթատեքստով: Եւ այդ քննությունը պետք է իրականացվի օբյեկտիվ, որպեսզի հետագայում Հայաստանի Հանրապետությունը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում պարտություն չունենա: Հուսանք` այս իմաստով խոհեմ կգտնվի նախաքննական մարմինը:

 

 

ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ԴԱՏԻ ԿՏԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր դիմել «Գրիգոր Այվազյան» ԱՁ-ի ներկայացուցիչ Խաչիկ Այվազյանը եւ հայտնել, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել ՀՀ դատական դեպարտամենտի դեմ:

Այսպիսով, Խաչիկ Այվազյանը հայտնեց, որ հանդիսանում է «Գրիգոր Այվազյան» ԱՁ-ի լիազոր ներկայացուցիչը, իսկ, ահա, ԱՁ-ն զբաղվում է սարքերի ու սարքավորումների սպասարկման ծառայություններով, մասնավորապես` տպիչների եւ այլ սարքավորումների վերնորոգմամբ. «Խնդիրը ի հայտ է եկել անցած տարեվերջին: Մենք 2018 թվականին մասնակցել ենք դեպարտամենտի կողմից հայտարարված մրցույթին եւ հաղթող ենք ճանաչվել տպիչների վերանորոգման ծառայություններ մատուցելու գործընթացում: Տարվա ընթացքում մատուցել ենք ծառայությունները: 2018 թվականի հուլիսին 11-ին մենք արձանագրել ենք, որ գումարը սպառվել է, որ իրենք նախատեսել էին ողջ տարվա համար, դուրս ենք գրել հարկային հաշիվ, ներկայացրել ենք եւ ներկայացրել ենք հանձնման-ընդունման հաշիվ-ապրանքագիրը: Իրենք դիտարկում ունեին, որ մենք սխալ էինք հաշվել, իսկ մենք հաշվել էինք, որ ծառայությունների համար իրենք պետք է 700 հազար դրամ վճարեին»:
Ըստ ԱՁ-ի ներկայացուցիչ Խաչիկ Այվազյանի` իրենք դրսեւորել են անգործություն եւ 10-րյա ժամկետում չեն պատասխանել իրենց դիմումներին: Եթե դիտարկում ունեին, որ համաձայն չեն ներկայացված գումարի հետ, ապա այն պետք է ներկայացնեին առանց ժամկետների խախտման: Ասել է թե` ստեղծվել է մի իրավիճակ, որ ԱՁ-ն ծառայություններ է մատուցել դեպարտամենտին, մասնավորապես` գնացել է տարբեր դատարաններ, մի դեպքում դատարանի վառարանն է վերանորոգել, մյուս դեպքում` տպիչը, եւ նման այլ գործողություններ, իսկ այսօր ծառայությունների համար նախատեսված 700 հազար դրամը դեպարտամենտը չի տալիս: Ի դեպ, Խաչիկ Այվազյանը մեզ ներկայացրեց փաստաթղթեր, թե ինչպես են իրենք մատուցել ծառայութունները, եւ կոնկրետ դատարանի ներկայայցուցիչները ստորագրել են կատարված ծառայությունների տակ: Հիմա նա պատրաստվում է դիմել դատարան՝ ստանալու մատուցած ծառայությունների համար նախատեսված գումարը:
Ստեղծված իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Դատական դեպարտամենտ, որտեղից հայտնեցին. «13.04.2018թ. Դատական դեպարտամենտի եւ «Գրիգոր Այվազյան» ԱՁ-ի միջեւ կնքվել է թիվ «ԴԴ-ԳՀԾՁԲ-18/01-2» ծածկագրով պայմանագիրը, որով «Գրիգոր Այվազյան» ԱՁ-ն ստանձնել է գրասենյակային սարքերի վերանորոգման ծառայությունների մատուցման պարտավորություն: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 770 հազար ՀՀ դրամ….
Դատական դեպարտամենտի 17.10.2018թ. թիվ ԴԴ-3-Ե-8317 գրությամբ «Գրիգոր Այվազյան» ԱՁ-ն տեղեկացվել է, որ Պայմանագրով նախատեսված ծառայությունները պատշաճ չեն մատուցվում, կանչերը պայմանագրով նախատեսված ժամկետում չեն սպասարկվում, եւ առաջացել է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում եւ առանձնացված ստորաբաժանումներում բնականոն աշխատանքների ապահովման խնդիր:
Առաջարկվել է Պայմանագրով նախատեսված կարգով եւ ժամկետներում մատուցել ծառայությունները, սակայն պահանջը եւս մնացել է անկատար»:
Դատական դեպարտամենտի պարզաբանման ողջ մանրամասները կներկայացնենք armlur.am կայքում:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

ՀԱՍՏԱՏԵԼ Է, ԲԱՅՑ ՉԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵԼ
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է՝ Սարգսյանը ՀՔԾ-ում որպես վկա «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է: Մակինյանը հրաժարվել է ասել՝ արդյոք երրորդ նախագահն էլի է հրավիրվել հարցաքննության։ «Նախաքննության գաղտնիքով պայմանավորված` գտնում ենք, որ այս փուլում այդ տվյալները հրապարակման ենթակա չեն»,- հայտարարել է նա: Փաստաբանը չի մանրամասնել, թե քանի անգամ է Սարգսյանը հարցաքննվել:

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» բկ` հետազոտվելու: Ըստ ՔԿՎ-ի` Մ. Գրիգորյանը պարբերաբար գտնվել է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության ներքո, իսկ հիմա հերթական հետազոտությունն են կատարում: 2018թ. դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր շուրջ կես տարի: Նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ: Նշենք, որ Մ. Գրիգորյանի պաշտպանական կողմը նրան գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն է ներկայացրել դատարան:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երեւանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Արմենակյանի կողմից որոշում է կայացվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երեւանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 

ԱԶԱՏԵԼ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արամ Թարվերդյանին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:




Լրահոս