ՖՈՏՈ․ «Վետերան օթեւան» -ում ապրելու համար վերջին անգամ դիմել են երկու տարի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Վետերան օթեւան»-ում, ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի, 10 անօթևան ընտանիք կստանան կացարան: «Ժողովուրդ»-ի թղթակիցը եղել է օթեւանում պարզելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այն ու ինչ պայմաններում են այնտեղ ապրում անօթեւան ընտանիքիները:

Ի դեպ, «Վետերան օթևանը» ստեղծվել է 1982-83 թվականներին, որն ի սկզբանե նախատեսված է եղել վետերաններին բնակարանով ապահովելու համար, որտեղից էլ ստացել է իր անվանումը: Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի տնօրեն Լիլիթ Աղաջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շենքում բնակարանների թիվը 43-ն է, որոնցից ազատ են 11-ը։ Կացարանն այժմ բնակեցված է 37 հոգով։ Նրանց կազմում են աշխատանքի վետերաններ, փախստականներ, մտավորականներ, տարբեր ոլորտներում աշխատած տարեց բնակիչներ։ Օթեւանի բնակիչներից տարիքով ամենափոքրը շուտով կդառնա 70 տարեկան։

Ըստ բնակիչների․ օթեւանի կենցաղային պայմանները լավ են և իրենց բավականացնում են հարմարավետ կյանք վարելու համար։ Տեղեկացանք նաեւ, որ օթեւանում կա բուժկետ, որտեղ բնակիչները անհրաժեշտության դեպքում անվճար բուժզննում են անցնում։ Մեր զրուցակից Լիլիթ Աղաջանյանն ասաց, որ շենքում բնակիչների համար հատուկ նախատեսված խաղասենյակ կա, հաճախ կազմակերպվում են միջոցառումներ, նաև թույլատրվում է նրանց հարազատներին այցելությունների գալ ու մնալ մինչև 10 օր։

Տեղեկացանք նաեւ, որ օթեւանի վերջին բնակիչն այստեղ ապրելու համար դիմել է 2 տարի առաջ, դեռևս չկան նոր դիմողներ։

Լիլիթ Բոխյան




Լրահոս