Վաղը տեղի է ունենալու Երեւանի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ փոփոխություններ կարվեն ավագանու նախկինում ընդունված որոշումներից մեկում: Բանն այն է, որ այդ նախագծով, որը քննարկվելու եւ քվեարկության է դրվելու հենց վաղը, քաղաքային իշխանությունում ավելանալու են հաստիքներ, եւ բարձրանալու են աշխատավարձերը:
Օրինակ` միավորվելու են սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժինները, ինչպես նաեւ զորահավաքային բաժինը, որը գործում էր քարտուղարության կազմում, առանձնացվելու է քարտուղարությունից եւ դառնալու առանձնացված բաժին:
Երեւանի Ավան, Արաբկիր եւ Նոր Նորք վարչական շրջաններն առաջարկել են վերամիավորել կրթության, մշակույթի եւ սպորտի ու սոցիալական ապահովության, առողջապահության եւ ծրագրերի բաժինները, իսկ Նոր Նորք վարչական շրջանը նաեւ կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման ու քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժինները, ինչպես նաեւ վերանվանել եկամուտների հաշվառման եւ հավաքագրման ու ֆինանսական բաժինները համապատասխանաբար եկամուտների հաշվառման, հավաքագրման եւ վերլուծության ու ֆինանսաբյուջետային բաժինների:
Եվ, բացի օպտիմալացումներից, նաեւ հաստիքներ են ավելանալու: Օրինակ` 54 հաստիք է ավելանալու Երեւանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմում, որից միայն 50 միավորը՝ եկամուտներ հավաքագրող տեսուչների գծով, 26 հաստիք էլ` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում:
Սակայն այս օպտիմալացումներից եւ հաստիքների ավելացումից զատ շատ ավելի հետաքրքիր է աշխատավարձերի բարձրացումը. մի թեմա, որ այս օրերին լայն քննարկման առարկա է դարձել:
Մասնավորապես,միջին եւ ստորին օղակների աշխատավարձերը բարձրանալու են 25-30 տոկոսով այն դեպքում, երբ, օրինակ, քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմերի քարտուղարների աշխատավարձը կրկնապատկվելու է: Եվ հետաքրքիր է, որ Երեւանի քաղաքապետն ունի 7 խորհրդական այն դեպքում, երբ ՀՀ վարչապետն ունի վճարային հիմունքներով 5 խորհրդական:
Եվ այդ փոփոխություններով ստացվում է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը 575 հազար դրամի փոխարեն ստանալու է ամսական 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ։ Ստացվում է՝ նա ստանալու է ճիշտ այնքան աշխատավարձ, որքան ստանում է ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահն էլ ստանում է 1 մլն 190 հազար դրամ աշխատավարձ։
Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար, վարչական շրջանների ղեկավարները՝ 400 հազարի փոխարեն կստանան 773 հազար դրամ, իսկ նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։ Եվ քաղաքապետարանի հաստիքացուցակն էլ է աճել. նախկին 1998 հաստիքի փոխարեն 2124,5 հաստիք կունենան։
Ստացվում է, օրինակ, որ ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ՊՎԾպետը ստանալու են ավելի քիչ աշխատավարձ, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը: Կամ համեմատության համար նշենք, որ մարզպետները եւ պատգամավորները եւս ավելի քիչ գումար են ստանալու, քան քաղաքապետարանի շատ պաշտոնյաներ։
Ներկայացնենք մի քանի օրինակ. ԱԺ նախագահի տեղակալները ստանում են 925 հազար 960 դրամ, իսկ, օրինակ, քաղաքապետի առաջին տեղակալը՝ 947 հազար, տեղակալները՝ 912 հազար դրամ։ Շատ ավելի հետաքրքիր են, սակայն, այս օրինակները․վարչական շրջանների ղեկավարները ստանալու են 773 հազար դրամ աշխատավարձ, տեղակալները՝ 668 հազար դրամ, աշխատակազմերի քարտուղարները եւս, եւ համեմատության համար նշենք, որ ԱԺ պատգամավորի, մարզպետի, Քրեակատարողական ծառայության պետի, Փրկարար ծառայության տնօրենի, Ոստիկանության պետի առաջին տեղակալի, Վարչական եւ Առաջին ատյանի դատարանների դատավորների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 10 է, հետեւաբար՝ նրանց ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ։
Իսկ նախարարների, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Ոստիկանության պետի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, ՍԴ դատավորի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի, Հատուկ քննչական ծառայության պետի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի եւ Քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 12 է, հետեւաբար նրանց ամսական աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ:
Իհարկե, սրանք, այսպես կոչված, «կեղտոտ» աշխատավարձերն են, եւ պահումներից հետո այլ պատկեր է ստացվում։
Մեկ հետաքրքիր փաստ եւս․քաղաքապետը, է՛լ ավելի ուռճացնելով աշխատակազմը այլ մասերով, նախատեսում է կրճատել ֆինանսական վարչության պետի տեղակալների 2 հաստիքները, ինչի հետեւանով այդ կարեւորագույն վարչությունը կմնա առանց պետի տեղակալի: Որեւէ այլ վարչության պետի տեղակալի հաստիք այս փոփոխություններով չի նախատեսվում կրճատել:
Հավելենք, որ վաղվա նիստը խոստանում է թեժ լինել․Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունն ամեն ինչ անելու է, որ այս նախագիծը չանցնի։
Նաիրա Հովհաննիսյան