Մայիսի 3-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը որոշել է Արթուր Մելիքբեկյանին նշանակել Տավուշի մարզպետի տեղակալի օգնական:
Նախկինում Տավուշի մարզպետի տեղակալի օգնականի պաշտոնը որեւէ մեկը չէր զբաղեցնում: 2019թ․ փետրվարի 6-ին Տավուշի մարզպետ նշանակված Հ․ Չոբանյանն ազատվում է հին կադրերից, դրանց փոխարեն նշանակում նոր մարդկանց: Նրա պաշտոնավարման օրոք աշխատանքից ազատվել են մարզպետի 3 տեղակալները, մարզպետը նոր տեղակալ ունի` Թաթուլ Ստեփանյանը:
Չոբանյանի պաշտոնավարման կարճ շրջանում պաշտոնից ազատվել է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Մելքումյանը, աշխատանքից ազատվել են մարզպետի խորհրդականները եւ օգնականները, դրանց փոխարեն նշանակվել են 2 նոր խորհրդական եւ 2 նոր օգնական: Հայաստանում թավշա հեղափոխությունից առաջ շատ էր խոսվում, որ մարզպետարանների աշխատակազմերը ուռճացած են, մեկ տարի անց իրավիճակն այնքան էլ չի փոխվել: