ՌԴ-ի հետ արտաքին առևտուրը պակասել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանի առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ եւ ԵՄ երկրների հետ ընդհանուր առմամբ նվազել է:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` եթե 2018 թվականի հունվար-մարտին Հայաստանի առեւտրաշրջանառությունը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 486.4 մլն դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն հասել է 469.9 մլն դոլարի:

Ի դեպ, տեղեկացնենք, որ դեպի ԵՄ երկրներ եւս առեւտրաշրջանառությունը կտրուկ նվազել է` կազմելով 344.9 մլն դոլար` անցած տարվա 344.9 մլն դոլարի դիմաց: Իրականում ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ առեւտրաշրջանառության առյուծի բաժինը հասնում է ՌԴ-ին, որի հետ առեւտրաշրջանառության ծավալներն էլ հիմնականում նվազել են` կազմելով 454 մլն 724 հազար դոլար: Օրինակ` դեպի Ռուսաստան արտահանումը այս տարվա առաջին եռամսյակում գրանցել է 5.8 տոկոս անկում, իսկ ներմուծումը նվազել է 1.3 տոկոսով:

Մինչդեռ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն իր տնտեսական ամենախոշոր գործընկեր Ռուսաստանի հետ տարիներ շարունակ եղել է ամենամեծը իր տեսակարար կշռով: Չէ՞ որ ընդհանուր առեւտրաշրջանառության մոտ 28 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին: Բայց, արի ու տես, ՌԴ-ի հետ արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 3.5 տոկոսով: Եւ, ընդհանրապես, ԵԱՏՄ երկրների հետ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները նվազել են 3.4 տոկոսով: Բացի այս, ԵՄ անդամ երկրների հետ եւս առեւտրաշրջանառությունը անկում է գրանցել 17.2 տոկոսի չափով:

Հայաստանը խնդիր ունի նաեւ արտահանման եւ ներկրման դեպքում, երբ այն դիտարկում ենք ոլորտային առումով: Բնականաբար, հանքահումքային արտադրանքի հետ կապված` զգալի անկում է գրանցվել` 18.3 տոկոս, թանկարժեք մետաղների արտահանումն է կտրուկ նվազել: Իսկ, ահա, բուսական ծագման արտադրանքի արտահանումը նվազել է 11.1 տոկոսով:

Այս տարվա հունվար-մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտաքին առեւտուրը ԵԱՏՄ անդամ երկրներից ոչ միայն ՌԴ-ի հետ է նվազել, այլեւ Ղազախստանի: Աճել է միայն Ղրղզստանի եւ Բելառուսի հետ: Ըստ պաշտոնական փաստաթղթի` Հայաստանի արտաքին առեւտուրը ավելացել է Ֆրանսիայի, Ավստրիայի, Իտալիայի, Նիդերլանդների հետ:

Միայն Գերմանիայի հետ Հայաստանի արտաքին առեւտուրը այս տարվա հունվար-մարտին կազմել է 69 մլն 444 հազար դոլար` նախորդ տարվա 100 մլն 336 հազար դոլարի դիմաց:

Փոխարենը Վրաստանի հետ արտաքին առեւտուրը Հայաստանի հետ ավելացել է 17.2 տոկոսով. այս հունվար-մարտին առերտրաշրջանառությունը Վրաստանի հետ կազմել է ավելի քան 33.8 մլն դոլար` անցած տարվա 28.9 մլն դոլարի դիմաց:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս