2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու. խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) մասին է: Ավելի ուշՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ 2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, Սիլվա Համբարձումյանից պահանջել եւ միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, իր ունեցած տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինն արդեն ունի ապացույց, որ Արամ Հարությունյանը երկրում չէ, երկիրը լքել է, եւ նրան արդեն 7 ամիս է` փնտրում են, բայց դեռ չեն գտել:
«Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ քրեական գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները օրերս խուզարկություն են իրականացրել Արամ Հարությունյանի նախկին օգնականի բնակարանում եւ, ըստ մեզ հասած լուրերի, փնտրել են նրան: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն` այս օրերին ՀՀ իրավապահները ստույգ ինֆորմացիա ունեն, որ Արամ Հարությունյանը Հայաստանից դուրս չի եկել եւ թաքնվում է ՀՀ տարածքում: Դրա համար էլ նրանք որոնողական աշխատանքներ տանում են հենց ՀՀ-ում:
Ինչ վերաբերում է նրա նախկին օգնականին, ապա վերջինս մի քանի անգամ հարցաքննվել է այդ քրեական գործի շրջանակներում:
Քնար Մանուկյան