«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն է: Նա անդրադարձել է կին-տղամարդ հարաբերություններին, խոսել իր երեք ամուսնությունների, զավակների հետ հարաբերությունների մասին: Պարոն Հակոբյանը տեսակետ է հայտնել, որ տղամարդն ավելի խոցելի արարած է, քան կինը, եւ տարածված մտայնությունը, թե կինը թույլ սեռի ներկայացուցիչ է, չի համապատասխանում իրականությանը: Դերասանը մեկնաբանել է նաեւ թատրոնի կուլիսային կյանքը՝ խոստովանելով, որ իր համար երբեմն տհաճ է նկատել, թե ինչպես են կոլեգաները քծնում իրար, ապա բամբասում իրար հետեւից:
-Պարո՛ն Հակոբյան, Ձեր կյանքի մեծագույն իրադարձությունը ո՞րն եք համարում:
-Երեխաներիս ծնունդը: Դրանցից ավելի մեծ իրադարձություն դժվարանում եմ նշել:
-Շարունակե՛ք միտքը. «Արվեստը մարդուն հնարավորություն է տալիս…»
-Արտահայտվելու:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը: Շա՞տ ընկերներ ունեք:
-Չէի ասի, որ քիչ են, չէի էլ ասի, որ շատ են:
-Տղամարդը ո՞ր դեպքում է խոցելի: Նա ինչի՞ց կարող է երկար ժամանակ ուշքի չգալ:
-Շատ դեպքերում: Եթե որեւէ մեկին թվում է, թե տղամարդը կնոջից ուժեղ է, շատ է սխալվում:Տղամարդն ավելի խոցելի է, պարզապես չի ուզում հավատալ դրան: Դավաճանությունը, նախկին սիրուն նա շատ դժվարությամբ է մոռանում:
-Սովորաբար Ձեզ ո՞ւմ են նմանեցնում, օրինակ՝ հոլիվուդյան դերասաններից:
-Կնոջս մի երկու անգամ ասել են, որ ես, իբր, Ջորջ Քլունիին եմ նման: Դա, իհարկե, ուրախացնում է ինձ (ծիծաղում է):
-Գիրք, որը փոխել է Ձեր կյանքը:
-Շատ եմ այս դեպքում լսել պաթետիկ պատասխան՝ Աստվածաշունչը: Բայց ես չեմ ստի, իմ կյանքում այդպես չի եղել: Իմ կյանքը երեւի փոխել է այբբենարանը (ծիծաղում է):
-Արվեստագետի հետ ապրելն ամենեւին էլ հեշտ չէ: Ձեր կինը սովորաբար ինչի՞ց է դժգոհում:
-Որ ուշ-ուշ եմ զանգում: Բայց դա ոչ թե անուշադրության արդյունք է, այլ պարզապես չեմ հարմարվում տեխնոլոգիական այս դարաշրջանի հետ, ինձ համար անընդհատ զանգելու սովորությունը սովորական չի դարձել:
-Շարունակե՛ք միտքը՝ «Նա, ով հավատում է իր ուժերին…»
-Շատ բանի կհասնի:
-Մանկությունից մի հուշ, որը մոռանալ չի լինի:
-Այն օրը, երբ առաջին անգամ գնացի կրկես: Երկար-բարակ հիշում եմ այդ պայծառ օրը:
-Մարդ, որից չեք դադարում սովորել:
-Մեկը չի, մի քանիսն են: Իմ ընկերներից եմ միշտ սովորում, կոլեգաներից, ինչու ոչ, փոքրիկներից, որոնք ամեն ինչ նկատում են:
-Ձեզ կարելի՞ է համարել միասեր:
-Եթե կողքիս կին կա, ուրեմն այո, նա միակն է ու եզակին: Բայց եթե ինչ-ինչ պատճառներով հարաբերությունները չստացվեն, այնպես չէ, որ ամբողջ կյանքում այդ մի կնոջը պետք է սիրեմ: Եթե այդպես լիներ, երեք անգամ չէի ամուսնանա:
-Կինը եւ տղամարդը կարո՞ղ են լինել պարզապես լավ ընկերներ: Դուք հավատու՞մ եք դրան:
-Միանշանակ: Ես ինքս ունեմ կին ընկերներ: Ընկերն ընկեր է, կապ չունի՝ կին է, թե տղամարդ:
-Ձեզ կարելի՞ է խանդոտ տղամարդ համարել, թե՞ ոչ այնքան:
-Երեւի ոչ, ես վստահում եմ իմ կողքի կնոջը: Եթե խանդում ես, ուրեմն կասկածներ ունես:
-Դուք քանի՞ զավակ ունեք:
-Չորս զավակ՝ երեք ամուսնությունից: Իմ դստեր հետ, մեծ տղայիս հետ ընկեր եմ: Մյուս երկուսի հետ առանձնապես շփում չկա: Փոքր որդուս հետ էլ կարող եմ ընկեր լինել, եթե շփում լինի:
-Կուլիսային կյանքում ի՞նչն ամենից շատ Ձեզ դուր չի գալիս:
-Մարդկանց քծնելու հատկությունը, անողնաշարությունը, նախանձությունը, որը ահավոր մի բան է, իրարից բամբասելու, երեսին ժպտալու, մեջքից հարվածելու միտումը:
-Եվ վերջին հարցը՝ կյանքից ի՞նչ եք ուզում:
-Որ երեխաներս լինեն երջանիկ եւ հաջողակ:
Աննա Բաբաջանյան