«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների առնչությամբ ներկայացված դիմումներից մի քանիսի մասով որոշումներ է հրապարակել։ Մասնավորապես, տեղեկացանք, որխոսքը վերաբերում է «Ամրահովը` ընդդեմ Հայաստանի» եւ «Խուդունցը` ընդդեմ Ադրբեջանի» բողոքների վերաբերյալ որոշումներին: Եվրոպական դատարանը դիմումատուների ներկայացրած բողոքները ճանաչել է անընդունելի:
Քանի՞ գործ է եղել
Ինչպես հայտնի է, իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը` ղարաբաղաադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում, ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի շարք գանգատներ:
Այդ գանգատները ներկայացվել են ԼՂՀ պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի անդամների անունից (62 դիմումատուներ), 02.04.2016թ Թալիշ գյուղում իրենց տանը սպանված Խալափյան ընտանիքի տարեց երեք անդամների մերձավոր ազգականների անունից (3 դիմումատուներ), 02.05.2016թ մարտական գործողությունների հետեւանքով տուժած եւ պոտենցիալ տուժող հանդիսացող 693 քաղաքացիական անձանց անունից (Թալիշ գյուղից՝ 133, Մատաղիս գյուղից՝ 133, Մարտակերտ քաղաքից՝ 132, Ճարտար քաղաքի Ներքին Ճարտար թաղամասից՝ 229, Մարտունի քաղաքից՝ 13 եւ Ասկերանի շրջանի բնակավայրերից՝ 37 անձ), 3 գանգատ ներկայացվել է չորսական անչափահասների անունից (զոհված աշակերտ եւ այլոք)՝ Ճարտար, Մատաղիս եւ Թալիշ բնակավայրերից, եւ Հայ Առաքելյայց Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի անունից՝ Թալիշ գյուղի եկեղեցու մատուռի հրետակոծման համար:
Ընդհանուր առմամբ, խոսքը մոտ 700 դիմումի մասին է, բայց, փաստորեն, Հայաստանի կողմից ներկայացված դիմումներից «Խուդունցը` ընդդեմ Ադրբեջանի» գործը համարվել է անընդունելի, այլ կերպ ասած` մերժվել է։
Նախարարի մեկնաբանությունը
Այս գործի մերժման եւ այլ գործերի ընթացքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։
-Պարո՛ն Զեյնալյան, 2016 թվականի դեպքերի առնչությամբ, որպես իրավապաշտպան, դիմումներ եք ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս առնչությամբ ի՞նչ արդյունքներ կան։
-Ես հիմա հանդես եմ գալիս որպես արդարադատության նախարար, եւ իմ կողմից Եվրոպական դատարան դիմում է ներկայացվել առ այն, որ իմ՝ արդարադատության նախարար նշանակվելու փաստով պայմանավորված` ես այլեւս չեմ կարող այդ գործերը ներկայացնել Եվրոպական դատարանում։ Այդ խմբի մյուս անդամներն են այլեւս գործերը ներկայացնելու Եվրոպական դատարանում։
-Իսկ հետաքրքրվե՞լ եք՝ ինչ գործընթաց է տիրում այդ գործերի առումով։
-Մի գործով՝ Մարտակերտի բնակչի գործով, Եվրոպական դատարանը որոշում է կայացրել՝ անընդունելի ճանաչելու վերաբերյալ։ Անընդունելի է ճանաչել գանգատը։ Նաեւ Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանի դեմ ներկայացված գանգատով է ճանաչել այդպիսի զուգահեռ հայելային որոշում, անընդունելի ճանաչելու վերաբերյալ եւ դրանով մի շարք հստակեցումներ է մտցրել՝ ապացույցների շեմի մասով։
-Անընդունելի ասելով` նկատի ունեք, որ դիմումը մերժվե՞լ է։
-Այդքան պարզունակ չէ. ասել` մերժել է այդ հայցը։ Այն չի ընդունել քննության։ Ընդունելության փուլում լուծել է այդ հարցը եւ տվել է իրավական դիրքորոշումներ, գնահատականներ. արդեն ասեցի, թե ինչի վերաբերյալ։ Այսքանը կարող եմ ասել դրա վերաբերյալ, իսկ մյուս գործերով, որոնցով Հայաստանը ներգրավված է` որպես երրորդ կողմ, դրանք, կարծես թե, ավարտվել են, փոխադարձ նամակագրություններն ավարտվել են, եւ սպասվում է հաջորդ փուլ՝ վճիռների կայացում։
-Բայց տեղեկություններ են շրջանառվում, թե վճիռներն արդեն կայացվել են, եւ հայկական կողմը մերժում է ստացել։ Այդ մասով ի՞նչ կարող եք ասել։
-Ես արդեն այդ հարցին պատասխանեցի։ Ի՞նչ մերժման մասին է խոսքը. «Խուդունցը` ընդդեմ Ադրբեջանի» գործի մասին է խոսքը, եւ ասացի, որ երկու այդպիսի վճիռ կա, եւ զուգահեռաբար մերժվել է նաեւ Ադրբեջանի քաղաքացու դիմումը` ընդդեմ ՀՀ-ի։ Սրա մասին է խոսքը եւ վերջ։
-Ապացույցներ եւ հիմնավորումներ ներկայացվե՞լ են ՄԻԵԴ։ Ինչո՞ւ, ի վերջո, այդ դիմումն անընդունելի ճանաչվեց։
-Խոսքը սեփականության իրավունքի ապացույցին է վերաբերում։ Ապացուցողական բազան, ինչը որ ներկայացվել է, ընդհանուր առմամբ, խմբի համոզմամբ, եղել է բավարար։ Եվրոպական դատարանը ստանդարտ, չափանիշ է սահմանել կամ բացառել է որոշակի ապացուցողական շեմ ունեցող ապացույցների ընդունումը, մասնավորապես` սեփականության իրավունքի մասով։
-Եթե մենք ՄԻԵԴ-ում Արցախի կամ ՀՀ զինվորների իրավունքները չենք կարողանում պաշտպանել, հիմնավորումներ գտնել, ինչպե՞ս է Հայաստանում արդարադատություն վերականգնվելու։
-Շատ կոպիտ տվեցիք հարցը։ Սա ոչ թե վերաբերում էր խոշտանգումներին, այլ սեփականության իրավունքի միջամտությանը, անձնական կյանքի, հարգանքի իրավունքի միջամտությանը, եւ Եվրոպական դատարանում վեճը պետք է դիտարկել որպես գիտագործնական վեճ, եւ ոչ թե, ասենք, ճակատամարտում հաղթելու կամ պարտվելու։ Պետք է հարգալից վերաբերվել ինչպես այդ անկողմնակալ ատյանի, այլ նաեւ հակառակորդի, մրցակցի նկատմամբ, ով եւս պետք է շանս ունենա հաղթանակի։ Մենք այս պայմաններում մղված պայքարն ենք համարում արժանապատիվ։
Առաջին պարտությունն ու մեղավորները
Այսպիսով, Եվրադատարանը մեր կողմից ներկայացված հայցն անընդունելի է համարել առաջին հերթին այն պատճառով, որ դիմումատուները չեն կարողացել հիմնավորել իրենց պահանջը եւ փաստերով ապացուցել։ Այսինքն` հայցերի բովանդակային մասով լուրջ խնդիրներ կան։ Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի առիթով հայցերը կազմել են իրավապաշտպաններ Արա Ղազարյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանը, այլ փաստաբաններ, իրավապաշտպաններ:
Եվ ամենակարեւոր առանցքներից մեկը նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Արտակ Ասատրյանն է, որը պետք է Եվրադատարանում ամեն գնով մեր շահերը առաջ մղի։ Ստացվում է, որ այս ողջ շղթան լավ չի գործել, ինչի հետեւանքով, ըստ էության, մերժում ունենք։ Եվ ամենեւին էլ սփոփանք չէ, որ ադրբեջանական դիմումը եւս անընդունելի է համարվել: Ու եթե մյուս դիմումները եւս կազմված լինեն նույն ոճով եւ առանց փաստերի ու հիմնավորումների, ապա չի բացառվում, որ այլ դիմումներ եւս արժանանան նույն ճակատագրին եւ անընդունելի համարվեն: Եվ այսպիսի առանցքային հարցում ձախողումը բոլորինս է։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՑ
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից մեկի` հացի արտադրության ծավալները աճել են 1.9 տոկոսով: Սա, ի դեպ, վերջին տարիների համար կարելի է աննախադեպ արդյունք համարել: Բանն այն է, որ հացի արտադրության ծավալները վերջին տարիներին անընդհատ հետեւողականորեն նվազում էին: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-փետրվարին արտադրվել է 45 հազար 795 տոննա հաց, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 44 հազար 941 տոննա: Կա տեսակետ, որ հացի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ. ի վերջո, նախորդ տարիներին, երբ մեծ էր արտագաղթը, դրա հետեւանքով տարեկան մոտ 3 տոկոսով նվազում էին հացի արտադրության ծավալները եւս: Իսկ հիմա, ընդհակառակը, առաջին անհրաժեշտության սննդամթերքը սպառողների թիվն ավելացել է: Բայց կա նաեւ այն տեսակետը, որ այդ ցուցանիշների ավելացումը կապված է ստվերից տնտեսվարողների դուրս գալու հետ:
ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դեմ դատական հայց է ներկայացրել նախկին աշխատակիցներից Սուրեն Պետրոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա ապրիլի 3-ին դատարան է դիմել՝ պահանջելով ստիպել նախարարությանն անվավեր ճանաչել 2019թ. փետրվարի 12-ի հրամանը, իրեն աշխատանքի վերականգնել եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձել: Նկատենք, որ Սուրեն Պետրոսյանը այդքան էլ պատահական մարդ չէ: Նա մինչ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքի անցնելը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի կապի եւ տեղեկատվայնացման վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը, որից հետո էլ տեղափոխվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Հասկանալի է՝ այս տարի նրան ազատել են աշխատանքից, եւ հիմա նա դատարանի միջոցով է փորձում վերականգնել իր իրավունքները:
ՃՆՇՈ՞ՒՄ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ՊԵԿ իրականացրած ստուգումները ԲՀԿ ներկայացուցիչները որակում են ճնշում իրենց վրա: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ եթե ճնշում կա, ապա դա կարող է լինել մասնավոր բիզնեսի հետ կապված: «Իսկ դա հակասում է վարչապետի հայտարարած քաղաքականությանը` մասնավոր բիզնեսի հետ կապված: Ես կարծում եմ, որ այդ ստուգումները պետք չի քաղաքականացնել, դա երեւի շատ իրավական խնդիրներ կան այստեղ: Համենայնդեպս, այդ գործընթացների ավարտից հետո պարզ կլինի, թե դրանք որքանով էին նպատակային, որքանով էին համապատասխանում մեր երկրի օրենսդրությանը, որի հիման վրա էլ արդեն կկարողանանք հնչեցնել քաղաքական գնահատականներ»,-նշեց նա:
ԱՄԲՈՂՋ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը: ԵԽ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ասել է. «Կարելի է պատկերացնել, որ հարցեր կլինեն` Հայաստանում ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, եվրոպական եւ այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Մոտ 30-35 րոպե կհատկացվի հարց ու պատասխանին»: Նա շեշտել է, որ ՀՀ վարչապետի` Ստրասբուրգ կատարելիք այցից ակնկալիքները մեծ են: «Մենք լայն օրակարգ ունենք Եվրոպայի խորհրդի հետ, հատկապես` օրենսդրական բարեփոխումների, Եվրոպայի խորհրդի մի շարք կոնվենցիաների ստորագրման եւ վավերացման, ինչպես նաեւ մասնագիտական մարմիններին անդամակցությունն ընդլայնելու առումով: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 11-ին կմասնակցի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով եւ կպատասխանի պատգամավորների հարցերին: