Ինչու են տեսչական մարմինների ղեկավարները պարբերաբար փոխվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի եւ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինները ընթացիկ տարվա համար դեռ չունեն տարեկան պլանային ստուգումների ծրագիր: Նշենք, որ այն հաստատվում է կառավարման խորհրդի կողմից: Այս պահին խորհրդով հաստատված չէ, քանի որ նիստը դեռ չի կայացել: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի հետ:

Տեղեկացնենք, որ Արթուր Ասոյանը այժմ փոխարինում է Հայկ Այվազյանին: Վերջինս դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Նա ցանկանում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Փաշինյանի հրամանը, վերականգնվել աշխատանքի, եւ որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետեւանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար:

– Պարո՛ն Ասոյան, տեսչական մարմինները չունեն պլանային ստուգումների տարեկան ծրագիր: Կառավարման խորհրդի կողմից նիստ չի կայացել: Ի վերջո, ե՞րբ է տեղի ունենալու խորհրդի նիստը:

– Չեմ կարող հիմա մանրամասնել: Խորհրդի նիստ վերջին անգամ գումարվել է, եթե չեմ սխալվում, պետի նշանակման ժամանակահատվածում:

– Խոսքը Վիգեն Ավետիսյանի՞ մասին է:

-Այո, ու միաժամանակ հենց այդ նույն նիստի օրակարգում ներառված են եղել բազմաթիվ այլ հարցեր, որոնք խորհրդի կողմից հավանության են արժանացել:

-Բայց հենց նույն տեսչական մարմնից մեզ հայտնեցին, որ կառավարման խորհրդի նիստը չի գումարվել, չունեն տարեկան պլանային ստուգումների ծրագիր, որը պետք է հաստատվի խորհդի կողմից:

-Ըստ օրենսդրության` խորհրդի հերթական նիստերը տեղի են ունենում առնվազն երեք ամիսը մեկ, իսկ տարվա կտրվածքով պետք է տեղի ունենա չորս հատ ընթացիկ նիստ: Նաեւ թույլատրվում է գումարել արտահերթ նիստեր: Սակայն խորհրդի կազմերը անհատական են եւ հաստատվում են վարչապետի կողմից, եւ հաշվի առնենք նաեւ կառավարության կառուցվածքի վերաբերյալ վերջին փոփոխությունները. հիմա որոշ նախարարություններ չկան, խորհուրդը կազմված է տվյալ ոլորտի քաղաքականությունը մշակող ղեկավարից կամ տեղակալից. եթե մի քանի ոլորտներ են, ապա տվյալ մարմնի ղեկավարներն են ներառված, նաեւ երեք տարբեր գերատեսչությունների` Ֆինանսների, Արդարադատության, Էկոնոմիկայի նախարարութունների ներկայացուցիչներ, այսինքն` առնվազն 9 անդամ: Բայց հերթական նիստ տեղի է ունեցել, որի ընթացքում հավանության է արժանացել մարմնի ղեկավարի թեկնածուի հարցը, այն ներկայացվել է վարչապետին, որն էլ նշանակել է: Այդ նույն նիստի ընթացքում հավանության են արժանացել այլ հարցեր եւս:

-Միեւնույնն է, մարդիկ չունեն պլանային տարեկան ստուգումների ծրագիր, ստուգաթերթեր: Հաստիքացուցակը կա, բայց տեսչական մարմնի ներսում կառուցվածքային փոփոխություններից հետո հնարավոր է փոխվի: Կարճ ասած` ձեւավորված չեն լիարժեք, բայց պետական բյուջեից տարեկան միլիոններ են հատկացվում դրանց պահպանման համար, նաեւ մարզային գրասենյակները կադրերի խնդիր ունեն:

-Ես չեմ ասում, որ իդեալական վիճակ է. բնականաբար, կան բազմաթիվ խնդիրներ: Ցանկացած տեսչական մարմին իրականացնում է երկու տիպի ստուգում` պլանային եւ ոչ պլանային: Եթե նույնիսկ տարեկան պլանային ստուգումների ծրագիրը հաստատված չէ, ապա դա չի նշանակում, որ տեսչական մարմինը մատնված է անգործության, ինքը կարող է կատարել ոչ պլանային ստուգումներ: Դա միայն քաղաքացիների բողոքները չեն: Իհարկե, շատ ցանկալի է, ու շատ ճիշտ կլինի, որ տեսչական մարմինն իրականացնի պլանային ստուգումներ: Եւ որպեսզի այդ ստուգումները լինեն ճիշտ ու ինքնանպատակ չլինեն, պետք է այդ ստուգումների տարեկան ծրագիրը պլանավորվի, ինչն արվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը, որով որոշվում է տնտեսվարողների ռիսկայնության աստիճանը: Հիմա եթե մենք ինքնանպատակ, ուղղակի ծրագիր հասատատենք, տնտեսվարողների ռիսկայնության աստիճանը սխալ հաշվարկենք, ավելի մեծ բացասական հետեւանք կունենանք: Ձեր ասած հարցը հրատապների մեջ է, բայց պետք է նայենք ըստ հրատապության: Օրինակ` եթե նայենք ըստ հրատապության, ապա մարմինը ղեկավար չուներ: Տեսեք, առաջին հարցը եղել է մարմնի ղեկավար նշանակել, եթե չեմ սխալվում, երկրորդը` բյուջեի հետ կապված խնդիրներ կար` մյուս տարվա միջնաժամկետ ծախսային ծրագիր` երեք տարիների, եւ բյուջետային հայտ 2020 թվականի: Եւ եթե այս փուլում դա չհաստատվի, մենք խնդիր կունենանք ոչ պլանայինի, գործունեության հետ:

-Բնապահպանության, Ընդերքի եւ Առողջապահության, Աշխատանքի տեսչական մարմինների ղեկավարների հարցում ինչո՞ւ չեք կողմնորոշվում: Այս կառույցներում հաճախակի պետեր են ազատվում ու նշանակվում, այսպես մինչեւ ո՞ւր:

-Այդ պաշտոնները վարչական են, քաղաքական պաշտոն չեն: Ես ինքս վարչական պաշտոն եմ զբաղեցնում, դա վարչապետի լիազորությունն է: Գիտեք, խորհուրդը թեկնածուին ներկայացնում է վարչապետին, վարչապետն էլ նշանակում է:

-Թերանում են իրենց աշխատանքում, դրա՞ համար եք նրանց շուտ փոխում: Ի՞նչն է իրական պատճառը: Այս երկու տեսչական մարմիններում երրորդ եւ չորրորդ պետերն են արդեն պաշտոնավարում:

-Ցանկացած աշխատանքում կարող է լինել ե՛ւ առաջընթաց, ե՛ւ թերացում. որոշողը ես չեմ, ես չեմ կարող գնահատական տալ:

Հ.Գ. Նշենք, որ այս տեսչական մարմինները ոչ միայն չունեն տարեկան պլանային ստուգումների ծրագիր, մարմնի վարչությունները կանոնադրություն չունեն հաստատված: Կարգապահության, գործավարության հետ կապված իրավական ակտերի նախագծերը կան կազմված, մնում է ներկայացվեն խորհրդի համաձայնությանը` հաստատվելու համար: Նաեւ պաշտոնի անձնագրերը պետք է փոխվեն, բայց դեռ ոչինչ արված չէ: Անգամ պաշտոնական կայքէջ չունեն, եւ իրենց գործունեության մասին հանրությունը պարբերաբար տեղեկանում է ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս