ՀՀ առողջապահության նախարարության եւ Առողջապահական տեսչական մարմնի ջրերը սկսել են մեկ առվով չհոսել: Ավելին` այս երկու պետական մարմինների միջեւ տեւական ժամանակ է, ինչ սկսվել է միջգերատեսչական գզվռտոց:
Բանն այն է` Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը` Վարուժ Վրեժ Աղաջանյանը, իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ դպրոցականներին առանց ծնողներին զգուշացնելու տանում են «Գարդասիլ» պատվաստելու: Նրա ահազանգին անմիջապես արձագանքել էր ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը եւ հայտարարել, որ այդ լուրերի հիման վրա վարչական վարույթ է հարուցվել: Բայց կարճ ժամանակ անց նույն օգտատերը հայտարարեց, որ թյուրիմացություն է եղել, եւ աղջիկները, որոնց մասին ինքը բարձրաձայնել էր, փաստորեն ցանկացել են դասից ազատվել եւ պատճառ են բերել պատվաստումը: Ըստ մասնագետների` այս դեպքում տեսչական մարմինը ճիշտ է գործել եւ փորձել է կատարել իր գործառույթները: Բայց սա խիստ զայրացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, եւ այդ մասին նա կիսվել էր ֆեյսբուքի իր անհատական էջում: Նրա այդ գրառումից պարզ է դառնում, որ տեսչական մարմինն իր սրտով չի գործել: Չէ՞ որ հենց խոսքը վերաբերում է «Գարդասիլ»-ին, նախարարը զգայուն է դառնում, իսկ «Գարդասիլի» պատվաստման դեմ արտահայտվողները մեծ բանակ են կազմում:
«Ինչ է լինում, երբ պետական կառավարման մարմինը տրվում է ապատեղեկատվություն տարածողների սադրանքներին եւ ջուր լցնում վախ եւ խավարամտություն տարածողների ջրաղացին: Արդյոք Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը սեփական փիառով զբաղվելու այս գործընթացի շրջանակներում հասկանո՞ւմ է իր քայլերի եւ հայտարարությունների հետեւանքները: Պետական կառույցը պետք է պաշտպանի ժողովրդի ու պետության շահերը եւ ոչ հակառակը: Հույս ունեմ` վարույթի ընթացքում ձեռք բերված արդյունքները նույնպես կհրապարակվեն եւ լայնորեն կլուսաբանվեն»,- անկեղծացել է նախարարը:
Ասել է թե` նախարարին այս դեպքում չի հետաքրքրել դպրոցականներին առանց ծնողների թույլտվության պատվաստելու վերաբերյալ ահազանգը, այլ այն, որ կա մեկ այլ կառույց, որը փորձում է իրեն գերազանցել փիառի հարցում: Թորոսյանը հուզվել է, որ տեսչական մարմինը անկախ է գործել, եւ չի բացառվում, որ հայտնվել է նախարարի սեւ ցուցակում: Բայց չէ որ նույն ինքը`տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը, հենց Արսեն Թորոսյանի շնորհիվ է հայտնվել այդ պաշտոնին:
Հիշենք` նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցավ տեսչական մարմնի ղեկավարի ընտրության մրցույթը, եւ Արսեն Թորոսյանը խորհրդի նիստին հայտարարել էր, որ իր թեկնածուն Էդգար Խուրշուդյանն է, որին ինքն է առաջադրել: Այլ կերպ ասած` բերել էր «իր մարդուն»: Մեկ այլ փաստ էլ նկատենք. առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր բերած մարդուն` Էդգար Խուրշուդյանին, կողմ էր քվեարկել, իսկ ղեկավարի համար առաջադրված մյուս թեկնածուին` Գոհար Փանաջյանին` դեմ, բայց Գոհար Փանաջյանն այժմ նախարարի խորհրդականն է: Ավելին, Փանաջյանը, իր բանուգործը թողած, ակտիվ մեկնաբանություններ է անում նախարարի` տեսչական մարմնի վերաբերյալ գրառման ներքեւում:
Բայց այսօր արդեն նրանք` Խուրշուդյան-Թորոսյան-Փանաջյան եռյակը, լուրջ հարցերը թողած, ֆեյսբուքով իրար ինչ-որ բաներ են հասկացնում, մինչդեռ Առողջապահության նախարարությունն ու տեսչական մարմինը պետք է համագործակցեն: Բայց, արի ու տես, նախարարությունը «Գարդասիլի» վերաբերյալ վարած քաղաքականության դեմ արտահայտվողին` կլինի հասարակական կազմակերպություն, քաղաքացի, թե լրատվամիջոց, սրերով է ընդունում:
Ամեն դեպքում, սպասենք տեչական մարմնի կողմից հարուցված վարույթի արդյունքներին:
Ուշագրավ է, որ այս ընթացքում նախարարի գրառմանը չի պատասխանել տեսչական մարմնի ղեկավարը` Էդգար Խուրշուդյանը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Էդգար Խուրշուդյանից, սակայն վերջինս այդպես էլ ողջ օրվա ընթացքում չարձագանքեց մեր հեռախոսազանգերին: Հավանաբար, փիառով էր զբաղված:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ