ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ախուրյան գետի մի շարք փոքր հիդրոկայաններ՝ ի դեմս «Ֆենհալ» ՍՊԸ-ի («Կասկադ» փհէկ), «Էրստեդ» ՍՊԸ-ի, «Լայթէկո» ՍՊԸ-ի, դիմել են Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիային՝ ահազանգելով հանրային նշանակության կարեւորագույն խնդիրների մասին:

Խոսքը վերաբերում է Ամասիայի տարածաշրջանում «Անի» ԲԲ ընկերության «Ջրաձոր» ՓՀԷԿ-ի կառուցման, շահագործման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի բացահայտումների եւ վերջինիս կողմից պետությանը հասցված հնարավոր առանձնապես խոշոր չափերի վնասների մասին: Նշենք, որ այս հարցով հարուցվել է քրեական գործ` ե՛ւ սեփականաշնորհման, ե՛ւ իր գործունեության իրավաչափությունների մասով:
Բանն այն է, որ գետի վրա հաջորդաբար տեղաբաշխված են երեք հէկ-եր, որոնց կառուցման ժամանակ բիզնես առանցքը հանդիսացել է այն հանգամանքը, որ Շիրակի ջրանցք ոռոգման ամիսներին գնացող ջուրը ավանդաբար տասնյակ տարիներ՝ 6 ամիս, հոսել է Արփի լճից Ախուրյան գետով՝ այն հույսով, որ այդ ամիսներին ջուրը պետք է հոսի այդ ջրանցքով, եւ այն հույսով, որ ի սկզբանե թույլտվությամբ վերեւի` «Ջրձորի» հէկ-ը պետք է աշխատի ոչ ոռոգման սեզոնին: Փաստորեն, ջրի նույն հոսքի վրա կառուցվել են երեք հէկ-եր, որոնք շահագործվել են 2012-2013 թվականներին, եւ հետո տվյալ հէկ-երի տնօրենները տեղեկացել են, որ 2011 թվականից վերեւում գտնվող հէկ-ը ամբողջ տարվա ընթացքում է ջուրը վերցնելու: Երեք հէկ-երի տնօրեններն էլ պնդում են, որ սա իրականացվել է կեղծիքով: Նրանք դատախազություն հաղորդում են ներկայացրել, եւ արդեն 4 ամիս է` հարուցված է քրեական գործ:
«6-7 տարի շարունակ այս երեք հէկ-երը ջրազրկվել են եւ գրեթե չեն աշխատել, աշխատել են հաշված օրեր, որովհետեւ մեկը, որը արտոնյալ է եւ վիշապի պես նստել է ջրի գլխին, ի սկզբանե շրջանառվում էր, որ նա գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալն է, որովհետեւ հէկ-ի սեփականատիրոջ որդին Մանվել Գրիգորյանի օգնականն էր Ազգային ժողովում: Ամենակարեւորն այն է, որ Բնապահպանության նախարարությունը ընդունում էր, որ ոտնահարվել են մեր իրավունքները, բայց, այնուամենայնիվ, խնդիրը չէր լուծվում: Ասում էին` հաջորդ տարի, էն մյուս տարի, եւ այլն: Նույնիսկ Ջրի ազգային խորհուրդում հրավիրվեց այդ հարցի քննարկումը: Քննչական մարմիններում դրա սղագրությունը կա, որտեղ ասվում է` մեղավոր են բոլորը, մեզ պիտի ջուր տան, բայց որոշումը չի ընդունվում, որովհետեւ դա խանգարում է Մանվել Գրիգորյանի հովանավորյալին: Հետո դա սեփականաշնորհվեց` էլի Մանվել Գրիգորյանի հովանավորությամբ, որի հետ բնավ երեքս էլ համաձայն չենք: Այնուամենայնիվ, մենք հակված չենք մտածելու, որ դա Մանվել Գրիգորյանի ուժի բանը չէր: Բնապահպանության նախարարությունը մեզ հինգ տարի շարունակ ասում էր` կլուծենք հարցը, բայց ոչինչ չեղավ, եւ դա կա փաստաթղթերում: Հեղափոխությունից հետո մենք մտածեցինք, որ հասել է պահը, որ մեր խնդիրը լուծվի: Ի զարմանս մեզ նույն Բնապահպանության նախարարության այն պաշտոնյաները, որոնք ժամանակին էլի պաշտոնավարում էին, եւ մեզ նամակներով հուսադրում էին` ոչինչ չանելով, հիմա մեզ ուղղորդում են դեպի դատարան, այն դատարան, որի հետ կապված այսօր այդպիսի խնդիրներ եղան: Նախկինում կոռուպցիոն ռիսկ պարունակող բոլոր գործերը, որոնք ուզում են այն նախկին իշխանավորները, որոնք անմիջականորեն թաթախված են այդ բիզնես սեկտրներում իրականացված բացահայտ ապօրինությունների հետ, հույս ունեն դատարանով դրանք շտկելու: Պարոն Փիրումյանը, որը նախկինում Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարն էր, այսինքն` դե ֆակտո եւ դե յուրե այն անձնավորությունը, որը էապես պատասխանատվություն էր կրում նախարարության ամբողջ փաստաթղթային գործառույթների համար: Պարոն Փիրումյանի իմացությամբ մեր բազմաթիվ նամակներին կա՛մ չի պատասխանվել, կա՛մ պատասխանվել է, թե մենք դիմել ենք, կվերանայենք, կքննարկենք, նորից կքննարկենք եւ այլն: Պարոն Փիրումյանն ասում է` գնացե՛ք դատարան: Մենք ներկայացրել ենք թե՛ վարչական իրավախախտումներ, թե՛ առերեւույթ` քրեական: Նախ եւ առաջ այդ իրավախախտումները պետք է կարգավորվեն վարչական տիրույթում, հետո իրավախախտման դրդապատճառները նոր տեղափոխվի քրեական տիրույթ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց «Էրստեդ» ՍՊԸ-ի` «Ամասիա» փհէկ-ի տնօրեն, նախկին ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը: Նա ասաց, որ հույս ունի` կառավարությունը գոնե ժամանակավոր լուծումներ կառաջակի եւ կթողնի, որ հէկ-երը աշխատեն: Վերջինս նշեց, որ խոսում է նաեւ իր մյուս գործընկերների` «Ֆենհալ», «Լայթէկո» ՍՊԸ-ների տնօրեններ Գ. Գասպարյանի եւ Արա Գրիգորյանի անունից:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ կապ հաստատեց ԱԺ-ում Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանի հետ, որ մեզ հետ զրույցում ասաց, որ «Անի» ԲԲ ընկերության «Ջրաձոր» ՓՀԷԿ-ի հետ կապված քրեական գործը սառած վիճակում է, իսկ մնացյալի հետ կապված որեւէ կեղծ բան չի եղել, եւ հենց ինքն է հորդորել, որ եթե կեղծ բան կա, դիմեն իրավապահ մարմիններին: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ՀԷԿ-ը կառուցվել է դեռ այն ժամանակ, երբ ինքը չի էլ ճանաչել Մանվել Գրիգորյանին, եւ ասաց, որ վերջինիս գործոնը այստեղ ընդհանրապես չի էղել:
«Նախ ասեմ, որ քրեական գործը իրենց հաղորդման հիման վրա չի հարուցվել: Ես միշտ էլ ասել եմ, որ եթե թուղթ կա կեղծված, թող դիմեն դատախազություն, թող պարզեն, քրեական գործ հարուցեն: Թող պարզվի փաստաթուղթ կեղծողը: «Ջրաձոր» հէկ-ի աշխատանքային ծրագիրը կազմված է եղել ոչ մեր ընկերության պատվերով:…Մենք ե՛ւ լույսն ենք արդյունավետ արտադրում, ե՛ւ հարկային մուտքերը ավելի շատ կարողանում ենք ապահովել, բայց մեր թղթերի մեջ ոչինչ չի փոխվել: Երեք հէկ-երի սեփականատերերից մեկը Շիրակի մարզի ՀՀԿ ղեկավարն է եղել` Սահակ Մինասյանը, որը առերեւույթ թշնամի է մյուս գործընկերոջ` Վարդեւան Գրիգորյանի հետ, ում հետ իրենք ունեին բիզնես տարաձայնություններ, հրապարակայնորեն իրար թշնամի են, երբ պետք է, դառնում են ընկերներ, իրենք են ունեցել հովանավորներ: Իրենք վստահ են եղել, որ իմ հորից, ով իր քրտինքով դարձել է հիմնարկի տնօրեն, հնարավորություն կունենան խլելու»,- մեզ հետ զրույցում ասաց Մանուկյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի մասին պարզաբանում խնդրեց նաեւ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանից, որը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, եւ իրենց մարմինը իրավասու չէ զբաղվել քրեական գործ բացելով, դրա համար էլ դիմել են դատախազություն։ «Չեմ հասկանում իրենց նեղանալու պատճառը»,- ասաց Փիրումյանը։

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

 

ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ 500 ԿԳ ԱՂԻ ԻՐԱՑՈՒՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ

Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ն հայտնվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսադաշտում:

Մեզ հայտնի դարձավ, որ տեսչական մարմինը ընկերությունում ուսումնասիրություններ է իրականացրել` ստուգելու «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի եւ նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները: Ու պարզվել է, որ այս տարվա փետրվարի 22-ի եւ ապրիլի 25-ի արտադրության 100 գրամանոց փաթեթավորմամբ աղի խմբաքանակների մեջ կալիումի եւ նատրիումի ֆերոցիանիդի ցուցանիշը գերազանցել է սահմանված նորմը: Ավելին, արտադրատեսակի մակնշման մեջ բացակայել է կալիումի եւ նատրիումի ֆերոցիանիդի քանակությունը հավաստող տեղեկությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմինը ընկերությանը տվել է գրավոր կարգադրագիր պահեստում եղած 500կգ ընդհանուր քանակով նշված արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու եւ օգտահանելու համար:
Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանը սկսել է մեծ քանակությամբ Իրանից աղ ներկրել: Միաժամանակ Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 26 տոկոսով աճել է աղի արտադրության ծավալները: Այսպես, այս տարվա հունվար-մարտ ամիսներին արտադրվել է 4 հազար 954 տոննա, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում` 3 հազար 933 տոննա աղ:
Ի դեպ, տեւական ժամանակ աղի զգալի ներկրումից դժգոհում էր նաեւ աղ արտադրող միակ ձեռնարկությունը` «Ավանի աղի կոմբինատ»-ը: Նրա խոսքերով` բնակչությունը գերադասել է օգտվել այլ երկրի արտադրանքից: Այս դեպքում խոսքը իրանական արտադրության կերակրի աղի մասին է: Ընկերության տնօրեն Արեգ Ղուկասյանի խոսքերով` այն մաքսազերծվում է «ծիծաղելի գներով», սահմանին իրանական արտադրության տեխնիկական եւ արդյունաբերական աղի քիմիական բաղադրությունը չի ստուգվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՈՒԺԵՂ ԿԱՐԿՈՒՏԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԲԵՐՔԸ
Մայիսի 20-ի երեկոյան մոտ 25 րոպե տեղացած կարկուտը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի տարածաշրջանի ցանքատարածությունների եւ այգիների բերքը մեծ չափով ոչնչացրել է: Մինչեւ հաջորդ օրվա կեսօր Բերդի տարածաշրջանի բնակավայրերի ցորենի արտերում կարկտահատիկները չէին հալվել: Բերդի տարածաշրջանի խոշորացված բոլոր բնակավայրերը միավորող Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հայտնեց, որ կարկտահարության վնասները հատկապես մեծ են Բերդ քաղաքում, Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Արծվաբերդ, Մովսես, Չորաթան, Նավուր, Իծաքար, Չինչին բնակավայրերում, վնասվել է ոչ միայն գյուղատնտեսական ցանքերի եւ այգիների բերքը, կարկտահարությունից գյուղերի առանձնատների տանիքներ են վնասվել, սելավներից քանդվել են հենապատեր: Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղի վարչական ղեկավար Աղասի Ղազարյանը հայտնեց, որ կարկտահարությունից Վ. Ծաղկավան գյուղի կրած վնասներն ուսումնասիրող հանձնաժողով է ստեղծել, որի մեջ ընդգրկվել են գյուղապետարանի եւ համայնքի ավագանու անդամներ: Այդ հանձնաժողովը պարզել է, որ կարկտահարությունից գյուղի բանջարանոցային մշակաբույսերի 2 հեկտարը, լոբու ցանքի 1 հեկտարը 100 տոկոսով ոչնչացել են, կարտոֆիլի 2 հեկտար ցանքատարածությունների, պտղատու 20 հեկտար այգիների, խաղողի 2 հեկտար այգիներից սպասվող բերքը` 80 տոկոսով, ցորենի 2 հեկտար արտերի բերքը 70 տոկոսով ոչնչացել է: Բերդի տարածաշրջանում հակակարկտային ոչ մի կայան չկա: Տավուշի մարզում հակակարկտային 10 կայան տեղակայված է միայն մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, սակայն դրանք արդյունավետ չեն, այգիները եւ ցանքերը չեն պաշտպանում ուժեղ կարկտահարություններից:

 

 

 

ԿՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎԵՆ
Մայիսի 17-ին Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղում իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ մինչեւ 2025 թվականը Տավուշի մարզ նախատեսվում է վերադարձնել առնվազն 5000 ընտանիք: Մարզպետն ասաց, որ ներկայումս 10 ընտանիք է պատրաստվում հայրենադարձվել Տավուշի մարզ` չնշելով, թե որ համայնքներում եւ երբ են են դրանք վերաբնակվելու:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԱՅՐՎԱԾՔՆԵՐ
Երեկ Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկից 2 վերջույթների 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա երեխա: Բժիշկներն արձանագրել են, որ տղայի մարմնի 35 տոկոս հատվածը վնասվել է, ու տեղում առաջին օգնոթյունը ցուցաբերելուց հետո երեխային Վանաձորից ռեանիմոբիլով տեղափոխել են Երեւանի Այրվածքաբանության կենտրոն: Երեխան այրվածքները ստացել է տաք ջրից:




Լրահոս