Հայաստանի վերջին 20-25 տարիների պատմությունը կարող է դո՞ւրս մնալ Հայոց պատմության դասագրքերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, կառավարության նիստից հետո ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Հայոց պատմության դասագիրքն իր կարգադրությամբ դեռ չի տպագրվել, քանի որ համապատասխան հանձնաժողովը դեռ չի եկել եզրակացության: Տարաձայնություններ կան Մարտի 1-ի, ընտրությունների, քաղաքական գնահատականների մասով:

Հարցին, թե ինչն է վիճելի 2008 թվականի հայտնի իրադարձությունների հարցում, նախարարն ասաց, որ հանձնաժողովի անդամ չէ և չի կարող ասել:

Նախարարն ասաց, որ մնացած բոլոր դասագրքերը տպագրվել են, հասցնելու խնդիր չի լինի. «Այն թեմաները, որոնք խնդրահարույց են, դրանք անցնում են տարվա երկրորդ կեսին, գուցե կսկսեն առաջին թեմաներն անցնել հին դասագրքերով, իսկ երբ հասցնեն համապատախան թեմաներին, կունենանք նոր դասագրքեր: Կարող է այնպես լինել, որ ես թույլ չտամ նոր դասագրքի տպագրում, քանի դեռ հանձնաժողովը չի եկել եզրակացության»:

Դիտարկմանը, որ քրեական գործը դեռ շարունակվում է, հետևաբար ինչ սկզբունքներով է առաջնորդվելու հանձնաժողովը, նախարարն ասաց, որ դա էլ է խնդիր. «Մենք ուսումնասիրում ենք մի շարք երկրների փորձը: Կան երկրներ, որոնք օրինակ իրենց պատմության վերջին 20-25 տարիների դրվագները չեն ներառում դասագրքերի մեջ»։

Նախարարը չբացառեց, որ այդ փորձը կարող է կիրառվել նաև Հայաստանում։




Լրահոս